ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկ կարծիք է հայտնել, թե լավ ընտրություն անցկացնելու համար պետք է ունենալ լավ ընտրական ցուցակ եւ լավ ընտրական հանձնաժողովներ: Նա նշել է, որ մինչ վերջին փոփոխությունները, ընտրացուցակների համար պատասխանատու էր նաեւ ԿԸՀ-ն, սակայն այժմ մնացել է մեկ պատասխանատու. Ոստիկանության՝ Անձնագրերի եւ հրավերների վարչությունը: Արդյունքում, ըստ Ֆ. Խաչատրյանի, չարաշահումների հնարավորությունը մեծացել է: Որպես օրինակ նա նշել է, որ ըստ պաշտոնական թվերի, 2005թ. նոյեմբերի 27-ին Երեւանի Աջափնյակ համայնքի ընտրողների թիվը եղել է 72.956, իսկ թաղապետի՝ վերջերս կայացած ընտրության ժամանակ դարձել է 75.188, որի մեջ չեն մտնում զինվորականները: «Չար լեզուներն ասում են, որ վերջին հինգ օրում 4 հազար մարդ բերել են, գրանցել են, կնիքը խփել են, մտցրել են ընտրական ցուցակի մեջ: Ո՞վ պետք է վերահսկի»,- ասել է նա: