Դեմոկրատները հաղթել են ընտրություններում. Ամերիկան կանգնած է նոր եվ աննախադեպ քաղաքական իրականության առջեւ

17/11/2006 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Արշավն ավարտված է: Դեմոկրատները պատրաստ են առաջնորդելու երկիրը»,- սրանք Կալիֆոռնիայի նահանգից ընտրված Նենսի Պոլոսիի խոսքերն են, ում արդեն անվանում են Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ: Առաջին կին առաջնորդն, ի դեպ, Ներկայացուցիչների պալատի ամբողջ կենսագրության ընթացքում: Նշենք, որ Նենսի Պոլոսին հայկական հանձնախմբին սատարող գործիչներից է:

Եվ այսպես, Դեմոկրատներն այս ընտրություններում հաղթեցին: Նրանք մեծամասնություն են Ներկայացուցիչների պալատում, բայց ոչ Սենատում: Ներկայացուցիչների պալատում այժմ կա 227 դեմոկրատ եւ 195 հանրապետական: Սենատում կողմերը հավասար են` 49-49: Առայժմ անորոշ է երկու նահանգային ընտրատարածքի ընտրության արդյունքը: Ըստ էության, երկուսում էլ հաղթում են դեմոկրատների թեկնածուները, սակայն տարբերությունը չափազանց քիչ է եւ այս պահին տեղի է ունենում ձայների վերահաշվարկ:

Մի բան հստակ է: Ամերիկան կանգնած է դրամատիկ եւ արմատական փոփոխությունների առջեւ եւ ոչ ոք չի կարող ասել` ինչ կլինի: «Փոխել դեպի նոր ուղղության»,- սա դեմոկրատների կարգախոսն է: Նրանք խոստանում են բեկում մտցնել Իրաքի պատերազմում, որտեղ ամեն ամիս նահանգները ծախսում են 8 միլիարդ դոլար, իջեցնել քոլեջներում ուսման վարձերը, ավելի ճիշտ՝ քոլեջում սովորելը հասանելի դարձնել ավելի լայն խավերին, կյանքի կոչել Սեպտեմբերի 11-ի գործով կոնգրեսական հանձնաժողովի երաշխավորագրերը, ազատականացնել դեղորայքի շուկան եւ բարելավել կենսաթոշակառուների պայմանները:

Սա ամենաբեւեռացված ընտրապայքարն էր 1960-ականներից հետո: Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց թշնամի են համարում: Ընտրությունների նախօրեին Բուշն ասել էր. «Եթե հաղթեն դեմոկրատները, նշանակում է` հաղթել են ահաբեկիչները»: Բուշն այժմ հիասթափված է: Խոստացել է արձագանքել վաղը, կեսօրից հետո (Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ): Ի դեպ, գրեթե նույն իրավիճակը նաեւ 1958 թվականին էր, երբ ընտրություններից հետո նախագահ Էյզենհաուերն ասաց, որ պետք է պաշտպանի երկիրը լիբերալներից հանուն պահպանողական եւ ավանդական արժեքների: Տեսնենք, թե Բուշի արձագանքն ինչ կլինի:

Ամերիկան ականատեսը եղավ ամենակեղտոտ քաղաքական ընտրապայքարի, երբ դեմոկրատները սեւացնում էին հանրապետականներին եւ հակառակը: Սեւ տեխնոլոգիաները հեռուստաէկրաններին էր, ինտերնետում, ամենուր: Գրեթե ամեն շաբաթ նոր սեքսուալ սկանդալ էր. ամեն շաբաթ մամուլը պարզում էր քաղաքական հերթական գործչի սեռական կեղտոտ անցյալն ու անգամ ներկան` դեռահասների նկատմամբ նրանց կատարած սեռական ոտնձգությունները կամ թմրանյութերի օգտագործումը: Կամ երկուսը միասին:

Կուսակցություններն անգամ որոշում էին, թե ում դեմ ինչպիսի հակառակորդ ներկայացնել, որպեսզի հաղթի: Եթե հանրապետականի թեկնածուն կին է, ապա դեմոկրատներինը` պատերազմի վետերան է, եթե հանրապետականի թեկնածուն հաշմանդամ է, ապա դեմոկրատներինը` աֆրոամերիկացի:

Առաջին անգամ կին-թեկնածուների թիվն աննախադեպ էր: Նրանք ներկայանում էին, որպես այլընտրանք տղամարդկանց եւ պատերազմի հակառակորդներ:

Առաջին անգամ սոցիոլոգներն օգտագործեցին պոտենցիալ ընտրողներին ճանաչելու հնարամիտ մեթոդը: Եվ այսպես, եթե դուք դեմոկրատ եք, ապա ամենայն հավանականությամբ ձեր մեքենան SAAB է, դուք խմում եք Սփրայթ, կարդում եք Նյուսիկ, իսկ եթե հանրապետական եք, ապա վարում եք AUDI, խմում Dr. Pepper եւ կարդում Նյու Յորք Պոստ: Այս ամենն օգտագործվում էր կողմնակիցների քանակը եւ ընտրարշավի ինտենսիվությունը որոշելու համար:

Այս ընտրություններին էլեկտրոնային քվեարկությունը տապալվեց մի քանի նահանգներում: Դենվերում առավոտից հերթ էր, մեքենաները չէին աշխատել Քլիվլենդում եւ Թենեսիում: Շատ վայրերում մարդիկ ստիպված էին ձեռքով լրացնել քվեաթերթիկը եւ քվեարկել: Ձայների հաշվարկն ուշանում էր: Էլեկտրոնային քվեարկության տապալման պատճառը նաեւ ընտրահանձնաժողովների անդամների անպատրաստ լինելն էր, երբեմն նաեւ դանդաղկոտությունը: Ընտրահանձնաժողովներում աշխատում է 1.2 մլն մարդ, մեծ մասը կամավոր են, միջին տարիքը` 72:

Ըստ վերլուծաբանների, ամերիկյան քաղաքականությունը խոստանում է թեժ լինել: Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների երկկուսակցությունն էլ ավելի է բորբոքելու կրքերը, քանի որ ամերիկյան քաղաքական համակարգը կառուցված է պայքարի եւ մրցելու սկզբունքի հիման վրա: Դեմոկրատները, վերլուծաբանների խոսքով, դժվար թե պահանջեն Բուշի իմպիչմենտը, իհարկե, եթե օրենքների եւ որոշումների վրա Սպիտակ տունն ամեն անգամ վետո չդնի:

Անշուշտ, Ներկայացուցիչների պալատի նոր նախագահից` Նենսի Պոլոսիից բոլորն ակնկալում են «փոխլրացման» քաղաքականություն, դիրքորոշումների մերձեցման կեցվածք: Պոլոսին` ինքը, լիբերալ սոցիալիստ է, մինչդեռ դեմոկրատների երեք քառորդը պահպանողական է եւ եթե անգամ դեմոկրատների ներսում չլինի հավասարակշռված քաղաքականություն, ապա նրանց մեծամասնությունը կարող է միայն անվանական դառնալ:

Հանրապետականներից սենատոր Ջոն Մաքքեյնն ընտրություններից հետո նկատեց, որ այս ընտրությունները վկայեցին, որ իրենք գործել են սխալներ, որ պետք է վերանայել իրենց քաղաքականությունը, հատկապես Իրաքի հարցում:

Երկբեւեռ իշխանությունը եւ Սենատում երկու կուսակցությունների գրեթե հավասար ներկայությունը վկայությունն է նաեւ հասարակության երկփեղկվածության: Դա վկայությունն է, որ հասարակությունը բաժանված է երկու մասի: Կա դեմոկրատների մեծամասնություն, բայց չկա բացարձակ մեծամասնություն, ինչը նշանակում է որ երկու կողմերն էլ այսուհետ կլինեն չափազանց զգուշավոր. գլխավոր մարտը Վաշինգտոնի համար դեռ առջեւում է: 2008-ին նախագահական ընտրություններն են եւ այսօր արդեն քաղաքագետներն ակնարկում են երկու կողմերի դիրքորոշումները մերձեցնող թեկնածուի անհրաժեշտության մասին, որն ունակ կլինի միավորել ու առաջնորդել երկիրը: Մինչեւ այդ եւ այս ընթացքում` այս շաբաթ, իշխանությունը բաժանվեց քաղաքական դաշտում արդեն գոյություն ունեցող երկու ճամբարների` կարմիրների ու կապույտների: Կարմիրը` հանրապետականների, կապույտը` դեմոկրատների գույնն է:

Հ.Գ. Արդեն այսօր լրագրողները խոսում են երկու կողմերի նախագահի թեկնածուների մասին: Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական թեկնածուն Հիլարի Քլինտոնն է, որն այս ընտրություններում հաղթել է ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ: Նյու Յորքում նա ստացել է 70 տոկոս: Հիլարին, արդյունքն իմանալուց հետո, հայտնվել է Նյու Յորքում ամուսնու` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնի հետ, որ հուզմունքից արտասվում էր: Հանրապետականներից առայժմ շրջանառվում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլ Ջուլիանիի անունը: