Հաջողված ձեռքբերո՞ւմ, թե՞ քաղաքականություն

17/11/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ինչպես նշել էինք «168 Ժամ»-ի նախորդ համարում, ռուսական «Էքսպերտ Online» լրատվամիջոցը եւ «IKS-Consulting» խորհրդատվական ընկերությունը «Բիլայնի» տեսանկյունից հոռետեսորեն են նայում այս գործարքին: Ռուսների հիմնական դժգոհությունը կապված է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնի հետ` մոտ 436,7 մլն դոլար` գումարած 51 մլն դոլարի պարտքի ստանձնում: Մինչդեռ ռուսական «CNews» լրատվամիջոցի փոխանցմամբ` «Միավորված ֆինանսական ընկերության» վերլուծական վարչության տնօրեն Ալեքսեյ Յակովիցկին գտնում է, որ «ՎիմպելԿոմը» բավական հաջողված ձեռքբերում է իրականացրել: «Այն գումարը, որ կվճարի «ՎիմպելԿոմը», 5 անգամ գերազանցում է «ԱրմենՏելի» EBIDTA ցուցանիշը (շահույթը մինչեւ հարկերի վճարումը եւ ամորտիզացիոն ծախսերը): Սովորաբար, բջջային կապի ընկերության համար վճարում են EBIDTA-ն 10 անգամ գերազանցող գումար, իսկ ֆիքսված հեռախոսակապի օպերատորի համար` EBIDTA-ից 7,5 անգամ մեծ գին»,- ասել է Ա. Յակովիցկին:

Իսկ «ՎիմպելԿոմի» հետ «ԱրմենՏելի» համար պայքարող «MTC» ընկերության մամուլի քարտուղար Կիրիլ Ալյավդինն ասել է, որ իրենք հայկական օպերատորի համար ավելի օպտիմալ գին են առաջարկել, բայց կոնկրետ գումարը չի նշել: Հեռահաղորդակցության ոլորտի վերլուծաբաններից մեկն էլ «MTC»-ի պարտությունը բացատրում է նրանով, որ ընկերությունն այժմ ֆինանսական տնտեսումներ է իրականացնում եւ նույնիսկ գործող ցանցերի համար պատրաստ չէ գումար տրամադրել:

«ԱրմենՏելի» ձեռքբերմամբ «ՎիմպելԿոմի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովն իր ընկերությունը դարձրեց թողարկված արտասահմանյան ցանցերի թվով ռուսաստանյան բջջային օպերատորների առաջատարը»,- գրում է «CNews»-ը` նշելով, որ վերլուծաբանները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք պե՞տք էր «ՎիմպելԿոմին» ՀՀ ֆիքսված հեռախոսակապը:

Մինչ ոմանք ծանրութեթեւ են անում «Բիլայնի» ձեռքբերման տնտեսական հետեւանքները, ռուսական «Վերսիա» թերթը տեսակետ է հայտնում, թե հայաստանյան տնտեսությունում Ռուսաստանի ֆինանսական ներարկումները (ինչպես «ԱրմենՏելի» վաճառքը, այնպես էլ Իրան-Հայաստան գազատարի նկատմամբ «Գազպրոմի» հետաքրքրությունը) քաղաքական գործարքի հետեւանք են, որն ուղղակիորեն շոշափում է Ադրբեջանի շահերը: Ռուսական «Մարկետինգ եւ Քոնսալտինգ» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը, վկայակոչելով «Վերսիան», նշում է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկվել է սատարել Վրաստանի նկատմամբ ռուսական ճնշումը` փոխարենն օժանդակություն ստանալով Ղարաբաղյան հարցում: «Պարզ ասած` Վրաստանի դեմ ընկերանալ Ռուսաստանի հետ` Ադրբեջանի հաշվին»,- եզրակացնում է գործակալությունը: