Տիպային քարոզարշավի շնորհանդեսը

17/11/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Որ հեռուստաընկերությունները խուսափում են նույնիսկ վճարովի հիմունքներով եթեր տրամադրել ընդդիմադիր կուսակցություններին, դա փաստ է։ ՕԵԿ-ն այս հարցով արդեն իսկ դիմել է դատարան, թեեւ, անկեղծ ասած, չենք կարծում, թե դատարանը կբացահայտի ՕԵԿ-ի նկատմամբ հալածանքների պատվիրատուներին։ Ի վերջո, եթե ձեւականորեն անկախ հեռուստաընկերությունների վրա կարողանում են ազդել, ձեւականորեն անկախ դատարանների վրա էլ կազդեն։

Եվ, այնուամենայնիվ, մի քանի օր առաջ «Երեւան» հեռուստաընկերությունն ՕԵԿ-ին վճարովի եթեր էր տրամադրել։ Ցուցադրվում էր ՕԵԿ ղեկավարների հանդիպումն Աշտարակ քաղաքի բնակիչների հետ։ Մանրամասն ցուցադրվում էր, թե ինչպես են դահլիճում հավաքվածները մի մարդու նման ոտքի կանգնում` Արթուր Բաղդասարյանին դիմավորելու համար, բուռն, երկարատեւ ծափահարություններով դիմավորում նրա յուրաքանչյուր միտքը, եւ այլն։ Լավ, հասկանալի է, որ ժողովուրդը խիստ դժգոհ է իշխանություններից եւ նրանց հասցեին քննադատական խոսքեր ասող ցանկացած մարդու ծափերով կդիմավորի, բայց տեսանյութն ՕԵԿ-ում էր, չէ՞, մոնտաժվել։ Այսինքն` կարելի էր մի քիչ կրճատել «բուռն, երկարատեւ ծափահարությունները»։ Ամոթ էլ է` երիտասարդ, ազատական հայացքներ կրողի համարում ունեցող մարդ է, բայց թույլ է տալիս, որ իրենից լճացման տարիների «իմաստուն առաջնորդ» սարքեն։ Ասվածն, ի դեպ, վերաբերում է ոչ միայն ՕԵԿ-ին, այլեւ գրեթե բոլոր կուսակցություններին ու նրանց առաջնորդներին։ Լսում ես ելույթները` ժողովրդավարության մասին են խոսում, նայում ես դահլիճին` թվում է, թե Հյուսիսային Կորեայում ես հայտնվել։

Բայց վերադառնանք աշտարակցիների հետ հանդիպմանը։ Արթուր Բաղդասարյանն ինչ ասում էր` ճիշտ էր ասում։ Խոսում էր բնակչության ծանր սոցիալական վիճակի, արտագաղթի, իշխանությունների կողմից իրականացվող թալանի եւ այլնի մասին։ Եվ, ի դեպ, կոնկրետ փաստեր էր բերում. դոլարի փոխարժեքի անկման պատճառով ինչքան վնաս է կրել ժողովուրդը, որքան է նվազել ծնելիությունը, որքանով է աճել ամուսնալուծությունների թիվը, եւ այդպես շարունակ։ Մասնավորապես, այսպիսի օրինակ բերեց. երիտասարդները չեն ամուսնանում, որովհետեւ ապրելու տեղ չունեն։ Արդյունքում` վերջին երկու տարիներին Հայաստանում ծնվել է ընդամենը 35 հազար տղա երեխա, իսկ դա նշանակում է, որ 18 տարի հետո մեր բանակը կարող է ունենալ առավելագույնը 35 հազար զինվոր։ Իսկ ո՞րն է այս վիճակից դուրս գալու ելքը։

Ելքի մասին մյուս հռետորները խոսեցին։ Բանից պարզվում է` պետք է պետության ղեկավարումը վստահել Արթուր Բաղդասարյանին։ Չէ, խոսքն այն մասին չէ, որ երկրի ղեկն Արթուր Բաղդասարյանին վստահելուն պես բոլոր երիտասարդներն իսկույն ամուսնանալու են եւ սկսեն արագ-արագ երեխաներ ունենալ։ Կուսակցությունն ավելի կոնկրետ առաջարկներ ունի։ Ասենք` յուրաքանչյուր երեխայի համար պետությունը պիտի 100 հազար դրամ տա, հաջորդի համար` 200 հազար, եւ այդպես շարունակ։ Հասկանալի է` նաեւ բնակարանաշինության խնդիրներ պիտի լուծի, պիտի աշխատատեղեր բացի, եւ այլն։ Այո, շատ գեղեցիկ է հնչում։

Իսկ հիմա պատկերացնենք, որ ամեն ինչ հենց այդպես էլ լինում է։ Ասենք, 2007-ին ՕԵԿ-ը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, 2008-ին էլ Արթուր Բաղդասարյանը դառնում է նախագահ։ Սույն փաստից ոգեւորվելով` հասարակությունը սկսում է բազմանալ։ Արու զավակների ծնունդների թիվը կրկնապատկվում է (բայց դա, հասկանալի պատճառներով, տեղի է ունենում արդեն 2009-ին)։ Եվ ի՞նչ. պարզվում է, որ արդեն ուշ է։ Չէ՞ որ 18 տարի հետո մեր բանակը «վերջանալու է», իսկ 2009-ին ծնվածները դեռ 15 տարեկան են լինելու։ Հետեւաբար, ավելի ճիշտ կլինի, եթե կուսակցությունների ղեկավարները խոսեն այն մասին, թե ի՞նչ ուղղությամբ պիտի զարգանա երկիրը, որպեսզի կարողանա «յոլա գնալ» առավելագույնը 30-35 հազարանոց բանակով։ Իսկ այստեղ ընտրության հնարավորությունը մեծ չէ։ Կամ պիտի այնպես անել, որ ունենանք փոքրաթիվ, բայց գերժամանակակից բանակ (ինչը տնտեսության այսօրվա վիճակով անհնար է), կամ պիտի նորմալ հարաբերություններ ունենանք հարեւանների հետ եւ հասցնենք բոլոր խնդիրները կարգավորել նախքան դեմոգրաֆիական աղետը։ Բայց այս թեմայով ՕԵԿ-ը խոսել չի սիրում։ Շատ «մուխանաթ» թեմա է, մեկ էլ տեսար` մեղադրեցին հայրենասիրության պակասի մեջ։

Բայց ինչո՞ւ ենք այսքան հանգամանորեն անդրադառնում ՕԵԿ-ի ոչ պաշտոնական քարոզարշավին։ Որովհետեւ, դատելով ամեն ինչից, եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր կուսակցություններն իրենց քարոզարշավը կազմակերպելու են հենց այս «տիպային» սխեմայով։ Այսինքն` հավաքելու են մարդկանց, ներկայացնելու են երկրի վիճակը, բացահայտելու են իշխանությունների կատարած հանցագործությունները (իշխանամետ կուսակցությունների դեպքում` «թերացումները»), վերջում էլ խնդրելու են երկրի ղեկավարումն իրենց վստահել։ Իսկ «մուխանաթ» թեմաներին չեն անդրադառնալու։ Կամ էլ` անդրադառնալու են ՕԵԿ-ի պես. մի թեթեւ արձանագրելու են, որ 10-15 տարի հետո Հայաստանը բանակ չի ունենալու, հետո «սահուն անցում» են կատարելու, ասենք, ավանդների վերադարձի (կամ կենսաթոշակների բարձրացման) թեմային։ Կարծես, եթե ավանդները վերադարձվեն, ղարաբաղյան խնդիրն ինքնըստինքյան կարգավորվելու է։

Այնպես որ, քարոզարշավների ժամանակ միայն երկրի իրական վիճակը ներկայացնելն ու կոռուպցիայի փաստերը բացահայտելը շատ քիչ է։ Հասարակությունն առանց այն էլ շատ լավ գիտի այդ ամենը։ Հետեւաբար` կուսակցությունները պարտավոր են նաեւ կոնկրետ ծրագրեր ներկայացնել եւ բացատրել, թե ինչպես են պատրաստվում երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից։ Իսկ «բուռն, երկարատեւ ծափահարություններով» հարցեր չեն լուծվում։ Եթե պետք լինի` իշխանական կուսակցությունները շատ ավելի մեծ դահլիճներ կլցնեն ծափահարողներով, հետո՞ ինչ։ Սիրելի Առաջնորդ Կիմ Չեն Իրին էլ են ծափահարում, բայց դրանից հյուսիսկորեացիների վիճակն առանձնապես չի լավանում։ Ավելին` չի լավանում հենց այն պատճառով, որ առանց մտածելու ծափահարում են։