Հունվարի 19-ին ոստիկանության կենտրոնի բաժին է դիմել քաղաքացի Հովսեփ
Բաբայանը եւ հայտնել, որ հոկտեմբերի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում
իր տանից գողացել են ամբողջ ունեցվածքը: Հովսեփ Բաբայանն այդ ժամանակ
ընտանիքով Մոսկվայում է եղել, Հայաստան է եկել դեպքի պատճառով: Օրերս
կենտրոնի ոստիկանությունը պարզել է, որ գողությունը կատարել են երեք
հոգով. Ա.Գասպարյանը, Գ.Պետրոսյանը եւ Գ. Հովհաննիսյանը: Ներս են մտել
պատուհանից, դուռը բացել են ներսից եւ գողոնը հանելուց հետո փականը փոխել:
Ամբողջ ունեցվածքից հաջողվել է հետ վերադարձնել ընդամենը սառնարանը,
լվացքի մեքենան եւ որոշ մանր-մունր իրեր: Տանտիրոջ ասելով՝ գողերին
կողմնորոշել եւ օգնել է «Շվարցկոպֆ» ընկերության գիշերային պահակ Արմեն
Գրիգորյանը: «Շվարցկոպֆ» ընկերությունից տեղեկացրին, որ իրենց պահակը Ա.
Գրիգորյանի հայրն է, այդ գիշերը որդին «պատահաբար» փոխարինել է հորը: Այս
հանգամանքի հետ կապված «Շվարցկոպֆի» ղեկավարությունը գործից հեռացրել է
թե՛ պահակին, թե՛ անզգույշ գործադիր տնօրենին: Երեք գողերը, նաեւ՝ Ա.
Գեւորգյանը ձերբակալվել են: Որոշ ժամանակ անց Ա. Գեւորգյանը
ոստիկանությունից ազատ է արձակվել՝ բնակության վայրից չբացակայելու
պայմանով: Ի դեպ, չճշտված լուրեր կան, որ Ա. Գեւորգյանը ոստիկանության
6-րդ բաժնի արտահաստիքային աշխատակից է:
Սակայն Հ. Բաբայանը պնդում է, որ գլխավոր հանցագործը Ա. Գեւորգյանն է,
որովհետեւ գողացած ապրանքը վաճառել է հենց ինքը: Ի դեպ, Բաբայանների տունը
գտնվում է Աբովյան փողոցի վրա, անմիջապես՝ «Շվարցկոպֆ» ընկերության դիմաց:
Տանտերը կասկածում է, որ գողոնը նախ հանվել եւ պահեստավորվել է
ընկերության տարածքում, հետո նոր դուրս է տարվել: Այս կասկածի հետ կապված՝
նա պարզաբանում է պահանջում նաեւ հիշյալ ընկերությունից: Հակառակ դեպքում՝
սպառնում է բողոքով դիմել Գերմանիա՝ «Շվարցկոպֆի» կենտրոնական գրասենյակ:
Ա. Ա.
Հ. Գ. Ոստիկանության Հասարակական կապի եւ լրատվության
վարչությունից այս գործի հետ կապված մանրամասն տեղեկություններ չտվեցին՝
պատճառաբանելով, որ գործը դեռ նախաքննության փուլում է։