Ռուսական բացահայտումներ

17/11/2006

Սովորաբար ռուսաստանյան վարչախմբի տեսակետներն արտահայտող «էքսպերտ» պարբերականն իր հոկտեմբերյան համարներից մեկում անդրադարձել էր ռուս-վրացական հարաբերությունների զարգացումներին: Սակայն մեր ընթերցողների համար թերեւս ամենահետաքրքիր բացահայտումը երեւի այն է, որ խնդրո առարկայի շուրջ իր մեկնաբանությունը ներկայացնող «Նոր Ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանին «էքսպերտը» ներկայացրել է որպես «հայաստանյան ընդդիմության առաջնորդներից մեկը, որը մասնակցել է վրացական հեղափոխությանը»: Մնում է միայն կռահել, թե այդ ռուսամետ քաղաքական գործչին ամերիկյան սցենարով հեղափոխությանը մասնակցության մասին խոսելիս ինչ է ակնարկում պաշտոնական Մոսկվան, բայց ամեն դեպքում հետաքրքրական է, որ Ա. Կարապետյանը վրացական «վարդերի» հեղափոխության ժամանակ բավական քննադատաբար է արտահայտվել Ռուսաստանի վարքագծի հանդեպ: Մասնավորապես նա հիշել է, որ այդ ժամանակ ձեւավորվել էր ռուսամետ կողմնորոշման բավականին ազդեցիկ խումբ: Ըստ Ա. Կարապետյանի` նրանք տապալում էին ոչ թե «Շեւարդնաձեի պրոռուսական ռեժիմը» (քանի որ Շեւարդնաձեի օրոք Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունները այսօրվանից քիչ չէին), այլ «Շեւարդնաձեի կրիմինալ ռեժիմը»: Ըստ Ա. Կարապետյանի՝ այդ ուժերը ոչ թե ամերիկամետ Վրաստան էին ցանկանում տեսնել, այլ ժողովրդավար եւ ազնիվ Վրաստան: Նրա պնդմամբ` նրանք օգնություն եւ հեղափոխությունը պաշտպանելու գործողություններ էին սպասում Ռուսաստանից, նրանք գոնե Գեորգաձեի վերադարձն էին ակնկալում, որն այդ ժամանակ բավականին ժողովրդավարություն վայելող քաղաքական գործիչ էր: «Բայց դրա փոխարեն Ռուսաստանն անիծեց հեղափոխությունը»,- Ռուսաստանին դրա համար կշտամբում էր ռուսամետ Ա. Կարապետյանը: