ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթում են

17/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները պայքարում էին 101 տեղանոց Սենատի` 33 եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի համար: Բացի այդ, 36 նահանգներում տեղի են ունեցել նահանգապետի ընտրություններ, ընտրվել են նաեւ հազարավոր օրենսդիրներ նահանգային խորհրդարաններում: Ընտրություների արդյունքներով Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն են ստացել՝ ստանալով 227 մանդատ՝ հանրապետականների 195-ի դիմաց: Ներկայացուցիչների պալատի 13 տեղերի տերերը երեկվա դրությամբ դեռ հայտնի չէին: Շատ ավելի լարված է վիճակը Սենատի պարագայում: Դեմոկրատները շատ մոտ են Սենատում եւս մեծամասնություն ստանալուն: Ընդհանրապես, ԱՄՆ Սենատի 100 սենատորներն ընտրվում են յուրաքանչյուր նահանգից 2-ական ներկայացուցիչ՝ սկզբունքով: Սենատի 101-րդ անդամն ի պաշտոնե երկրի փոխնախագահն է, ով նաեւ համարվում է Սենատի նախագահը: Նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ ստացվել է հետեւյալ պատկերը. 49 ներկայացուցիչ Սենատում ունի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հանրապետական կուսակցությունը, եւս 49 ներկայացուցիչ՝ դեմոկրատները: Սենատի մնացած երկու տեղերի հաղթողների անունները երեկ դեռ հայտնի չէին, սակայն շատ մեծ է հավանականությունը, որ դրանք երկուսն էլ անցնեն դեմոկրատներին: Բանն այն է, որ քվեների գրեթե 100%-ի հաշվարկից հետո Վիրջինիա նահանգում դեմոկրատ թեկնածուն հանրապետականին հաղթում է ավելի քան 8,2 հազար ձայնի առավելությամբ, սակայն ըստ գործող օրենքի, եթե թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը չի գերազանցում 1%-ը, պարտվող թեկնածուն իրավունք ունի վերահաշվարկ պահանջել, ինչն էլ տվյալ դեպքում փոքր-ինչ անորոշ է դարձնում հաղթողի անունը: Ավելի բարդ իրավիճակ է Մոնտանա նահանգում, որտեղ թեեւ դարձյալ առջեւում է սենատորի դեմոկրատ թեկնածուն, սակայն նա իր մրցակցին գերազանցում է ընդամենը մոտ 1,7 հազար ձայնով: Եվ այժմ ստեղծվել է հետաքրքիր մի իրավիճակ. թեեւ այս պահին Սենատում դեմոկրատներն ու հանրապետականներն ունեն հավասար 49-ական տեղ, սակայն Սենատում մեծամասնություն ունենալու համար դեմոկրատներին պետք է հաղթել վիճահարույց Վիրջինիա եւ Մոնտանա նահանգներում (ինչին նրանք շատ մոտ են), իսկ հանրապետականներին բավական է հաղթել այդ նահանգներից գոնե մեկում: Սա էլ բացատրվում է նրանով, որ ըստ ԱՄՆ օրենքների, Սենատի 101-րդ անդամը՝ ի պաշտոնե ԱՄՆ փոխնախագահը, ով տվյալ դեպքում հանրապետական Դիկ Չեյնին է, քվեարկելու իրավունք ունի միայն այն դեպքում, երբ Սենատում երկու ուժեր ունեն հավասար թվով՝ 50-ական ձայներ: Ի դեպ, Նյու Յորքից բավականին վստահ հաղթանակ տանելով` սենատոր է վերընտրվել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնի կինը՝ Հիլարի Քլինտոնը, ով համարվում է ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններում դեմոկրատների հիմնական թեկնածուն: Հատկանշական է, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակից հետո սպասվում է, որ պալատի խոսնակ կդառնա դեմոկրատ կին Նենսի Պոլոսին: Նախօրեին վերընտրվել է նաեւ դեմոկրատ սենատոր Մենենդեսը, ով սառեցրել էր ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի նշանակման գործընթացը: Ընտրություններին մասնակցության ցուցանիշն այս տարի շատ ցածր է եղել՝ մոտ 40%: Նահանգապետերի ընտրություններում եւս վստահ հաղթանակ են տարել դեմոկրատները: Վերընտրվել է Կալիֆոռնիա նահանգի հանրապետական նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: Ի դեպ, հարցումները վկայում են, որ նախօրեին կայացած ընտրություններում դեմոկրատների հաղթանակին զգալիորեն նպաստել է նաեւ այն, որ շատ ընտրողներ պարզապես քվեարկել են ընդդեմ հանրապետականների եւ ոչ թե հանուն դեմոկրատների: Իսկ ընդդեմ հանրապետականների քվեարկածների 47%-ն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ հանրապետականների իշխանության տարիներին երկրում շատացել է կոռուպցիան: 41%-ը դժգոհել է տնտեսական վիճակից: Ընդդեմ հանրապետականների քվեարկածների մոտ 37%-ն էլ իր դիրքորոշումը բացատրել է նաեւ ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժելու փաստով: Նշենք նաեւ, որ դեմոկրատները չեն բացառել, որ եթե իրենց հաջողվի հաղթել նաեւ Սենատի վիճահարույց երկու տեղերի համար մղվող պայքարում, եւ այդկերպ մեծամասնություն ունենալ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում, ապա իրենք կարող է եւ բարձրացնեն նախագահ Բուշի իմպիչմենտի հարցը: