Ոչ թե օրենսդիրներ, այլ՝ օրենքով գողեր

17/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Թեեւ իրավապահ մարմինները հայտարարում են, թե հանրապետությունում իրավիճակը կայուն է, եւ ամեն ինչ վերահսկվում է, եւ պետք չէ մտահոգվել քրեածին իրավիճակով, այդուհանդերձ, տաքսու վարորդները խորհուրդ են տալիս հնարավորինս զգոն լինել: Նրանք սեփական փորձով համոզվել են, որ այսօր մեր կյանքը լի է քրեական էլեմենտներով ու մարդկանցով, որոնց բախումներից կարող է տուժել ցանկացած քաղաքացի:

Վարորդ Բարսեղը վերին էշելոններում կատարվող հանցագործությունները դիտարկում է հետեւյալ կերպ. «Ազգային ժողովի պատգամավորների արարքները մեր հասարակության համար շատ վտանգավոր են: Մի՛ մոռացեք, որ էդ տեսանյութերը դիտեցին երիտասարդները, երեխաները: Էդ օրերին ջահելների քննարկման թեման Ճոյտի (ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան) ռազբորկեն էր: Ես քեզ մի պարզ ճշմարտություն ասեմ՝ հիմիկվա ջահելները նման արարքները գնահատում են որպես հերոսություն: Ես դրանց խոսակցությունները որ լսում եմ՝ մազերս բիզ-բիզ ա կանգնում, որովհետեւ հանցանք կատարած մարդու մասին նենց են խոսում, կարծես ազգի հերոսի մասին խոսեն: Երկու-երեք ուսանողներ մեքենայիս մեջ էդ թեմայով խոսում են, մեկն ասում ա՝ տեսա՞ր Ազգային ժողովի ամբիոնից ինչ դուխով էր խոսում, սաղի վրա թքած ուներ, մյուսն էլ ասում ա՝ տեսա՞ր, ոնց սաղին ծախեց, որ իրանց հասանելիքը կերել են: Էն մյուսն էլ հայհոյում ա Ճոյտի հետ հաց կերածներին, որ համաձայնություն են տվել կալանավորելու համար: Ես զարմանում եմ, որ էսօր ոչ թե հանցանք կատարած մարդն ա ամոթով մնում, այլ էն մարդիկ, ովքեր ասում են, որ հանցանք ա կատարել, ուրեմն պիտի պատժվի: Ստացվում ա, որ մյուս պատգամավորները գործ տվողների համբավ ձեռք բերեցին: Ամենավտանգավորն էն ա, որ մեր ջահելությունը էս տեսակ երեւույթներով ա դաստիարակվում: Ամբիոնից խոսացող պատգամավորը չի մտածում, որ ազգն իրան նայում ու լսում ա, իրա խայտառակ լինելու վրա ինքը թքած ունի: Ճոյտն ամբիոնում նենց պոզա էր ընդունել, նենց գլուխը բարձր էր խոսում, դոշերը գոնե կոճկեր, լրիվ իրանց կորցրել են ու էդ տեսակ մարդիկ էլ մեր համար օրենք են գրում, ամոթ… Բայց արի ու տես, որ ջահելները իրա նմաններին կուռք են սարքում: Այսինքն՝ մեր երկիրը հիմա գաղութի սկզբունքներով ա էլի, որովհետեւ օրենքով գողեր են ի հայտ գալիս, ու հասարակությունն էլ էդ գողերին ա ենթարկվում ու հլը թող չենթարկվի՜… Մեր նմաններին ոչ թե օրենսդիրները, այլ օրենքով գողերն են ղեկավարում, ու ուզած-չուզած պետք ա ընդունենք էդ խաղի կանոնները, որովհետեւ մեզ չեն հարցնում` ընդունո՞ւմ ենք, թե՞ չէ, մեզ «զաստավիտ» են անում»,- ասում է վարորդ Բարսեղը: Օրեր առաջ ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը դժգոհում էր, որ քաղաքացիներն իրավապահ մարմիններին ինֆորմացիա տրամադրելուց խուսափում են: Այն հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ խուսափում իրավապահ մարմիններին տեղեկացնելուց, վարորդ Բարսեղը պատասխանում է. «Ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ ոստիկանությանն ինֆորմացիա տա: Բոլորս էլ գիտենք, որ, եթե իմացածդ ասում ես՝ մի բան էլ քո վրա են գործ սարքում: Ես շատ դեպքեր գիտեմ, որ հանցանք կատարած մարդուց փող են վերցրել ու գործը մյուսի, ձեր ասած ինֆորմացիա տվողի վրա են կոտրել, նստացրել: Ու հետո մեր մոտ ոստիկանությանն ինֆորմացիա տվողին գործ տվողի պիտակ են կպցնում: Միլիցեն ասում ա՝ իբր ինֆորմացիան գաղտնի կմնա, քաշում, իմանում ա էդ ինֆորմացիան ու հետո հանցանք կատարողին ասում ա, որ էսինչը քո դեմ ցուցմունք ա տվել, որ կռվցնի ու ավելի շատ բան իմանա, կամ էլ տուրուդմբոց լինի, որ իրանք փող պոկելու մի հատ շանս էլ կպցնեն»:

«Մեր օրերի միլիցեն շառոտ ա»

60-ն անց վարորդ Սարգիսի կարծիքով` հանցագործությունների աճը պայմանավորված է ներկայիս թույլ իրավապահ համակարգով. «Միլիցեն էսօր մարդկանց մոտ գռփողի համբավ ա ձեռք բերել, մարդիկ չեն հարգում միլիցեքին: Ուժեղներին բռնելուց հետո մի բան էլ իրանք են ներողություն խնդրում, իսկ էն անտեր-անտիրականի վրա զոռով-շառով գործ են սարքում: Էսօր հանցագործությունները շատացել են, որովհետեւ հանցագործություն կատարող փող տվողներին թողում են, նրանք էլ նորից են հանցանք գործում: Ոստիկանությունն էն մարմինը պիտի լինի, որ հանցանք կատարողի գրպանին չնայի, օրենքը խախտողին պիտի բռնի, պատժի, բայց ոստիկանությունն իրա լծակներով հանդերձ` հարուստների վրա չի կարում: Եթե Աստված չանի, դու հիմա պիստալետը պահես վրես, ասես՝ փողերդ հանի, վրես կրակես, փախնես, ես ոստիկանություն չեմ դիմի, որովհետեւ օգնելու փոխարեն` մի բան էլ իմ վրա կսարքեն, տուն ու տեղս կծախեմ, տակից դուրս չեմ գա: Էդ քրեական գործերի համար իրանց վրա պլան ա դրված: Եթե պլանը չեն կատարում, իրանց սկսում են վերեւից նեղել, դրա համար էլ մեկի վրա կոտրում-գործ են սարքում: Մեր շենքից մի հատ տղա կա, որ մի քանի տարի առաջ հավ գողանալու համար նստել էր: Հիմա, որ մի հատ մոծակ էլ կորում ա, չէ՞, էդ տղուն կանչում, ուզում են գործ սարքեն: Դրա համար էլ մարդկանց մոտ միլիցեն շառոտ մարդ ա»,- ասում է պարոն Սարգիսը ու մատնացույց անում իր մեքենային վազանց կատարող մի շքեղ մեքենայի. «Ըհը, «կակռազ», էսքան խոսալու փոխարեն դու նայի: Էն պետավտոտեսուչը, էն էլ սաղին աբգոն անող, կատաղած սեւ ապակիներով մերսեդեսը: Կանգնացրե՞ց, տեսնում ա, չէ՞, որ էդ արագությամբ կարա մեկին լխկի, տակը գցի, էլ էդքանից հետո ի՞նչ ասեմ… Աչքովդ տեսար, թե մեր ոստիկանության համակարգն ինչ օրինապահ ա: Այսինքն՝ նայած ում հանդեպ ա օրինապահ, եթե մի հատ տաքսի տենց աներ՝ «տուտ ժը» կուղարկեր պլաշչադկա: Էլ ո՞նց հարգես միլիցուն»:

«Մեզ Վանոն ա պետք»

«Վանոն շատ վատ ձեւով էդ համակարգը կազմալուծեց, բայց Վանոն շատ լավ գործ արեց: Եթե Վանոն նախագահական ընտրություններին մասնակցի՝ կարող եմ երդվել, որ հասարակության համար միակ հավանական թեկնածուն ինքը կլինի: Վանոն խոսքի տեր ու խոսքը կատարող ա: Անգամ, եթե վատ բան ա խոստանում՝ անում ա ու չի վախենում ասելուց, որ ես եմ արել, ամեն ինչի համար պատասխանատվություն ա կրում: Ես Վանոյի անվան շուրջ մեղադրանքներին չեմ հավատում: Սրանցից ոչ մեկն անմեղ չի, թե Վանոն ինչքան ու ինչի համար ա արել, էդ իրանք իրանց նեղ գլխով կարան մենակ բացատրեն: 100 հոգու անուն կարամ տամ, թե ով ինչ հանցանք ա կատարել: Բայց էսօր իրանք փառքի տեր են, իսկ Վանոն փառքի տեր չի: Վանոն սրանցից ավելի կամային ու ուժեղ տղա ա, ուղղակի իրանց պետք էր ուժեղին խորտակել: Խորտակելն էլ շատ հեշտ ա. Վահան Հարությունյանի պես փիչխոյին կալանավորել ու երգացնելն ա: Էն խառը տարիներին Վահան Հարությունյանը Ներքին զորքերի հրամանատար էր, ես միջադեպ եմ ունեցել իրա հետ, կռվել էր, լեզուն ուռել էր բերանի մեջ, չգիտեր ոնց ֆռցներ: Ո՞նց կարելի ա նման մարդկանց տանել Ոստիկանություն, պաշտոն տալ, երբ որ տարրական վերաբերմունք չունի, մարդուն հարգել չգիտի»,- ասում է վարորդ Սահակն ու հայտարարում, որ այսօրվա կրիմինալի դեմ պայքարը մեր իշխանավորների համար պիտի լինի առաջնահերթ խնդիր, որովհետեւ վտանգված է շարքային քաղաքացիների անվտանգությունը: «Ամենավատն էն ա, որ էդ կրիմինալը վերացնելու նպատակի տեր մարդու չեմ տեսնում, նույնիսկ ընդդիմության մեջ չեմ տեսնում: Բոլորի անցյալում էլ կրիմինալ կա, դրա համար էլ հանձն չեն առնում վերացնելու համար, իսկ էդ հակակրիմինալի աղմուկ-աղաղակն իրանց համար աչոկ ա: Ո՞վ կանի, էսօր դուք մի հատ բոլոր նախարարներին նայեք, նախագահի քարտուղարուհիներն են: Հիմա մեզ Վանոյի պես մեկն ա պետք, որ ասի ու անի»,- ասում է Սահակը:

«Նստել-հելնելը պրիստիժ ա»

Վարորդ Վարդանը, ով բոլոր հարցերը սոցիալական տեսանկյունից է դիտարկում, ասում է. «Կրիմինալը մենակ վերեւներում չի, հասարակությունն ա քրեական դարձել: Ու հետո ասեմ քեզ՝ առաջ որ մեկը հանցանք էր կատարում, դատվում էր՝ ամոթից տնից դուրս չէր գալիս: Դատված մարդն իրավունք չուներ պաշտոն զբաղեցնել, հանրապետությունից դուրս գալ, գերատեսչության աշխատող լինել կամ արվեստի մեջ վեր-վեր թռնել: Էսօր գաղութում նստելը լավ տղա լինելու չափանիշ ա, հեղինակություն ա: Նստած-հելած մարդիկ էսօր հասարակության տեր ու տիրակալ են զգում: Թաղերում նստած-հելած մարդիկ սաղին կանտրալյորություն են անում: Նենց որ, մենակ պաշտոնյաները չեն կրիմինալ, 12 տարեկան տղերքի մեջ էլ կան վտանգավորներ: Էս վերջերս որ համաներում շնորհեցին, դու տես, թե քանի հազար հանցագործ ա դուրս գալու: Էդ նստողները, որ դուրս եկան` աշխատանք ճարելո՞ւ են, իհա՛րկե չէ: Վաղը նորից մարդ են խփելու, գողություն են անելու, որ գնան գաղութ: Մենք հարեւան ունենք, որ 3 երեխա ունի, բայց մի 20 տարի ա, գաղութներում ա: Ազատում են, նորից մի բան անում-նստում ա»,- վկայում է Վարդանն իշխանություններին կոչ անելով՝ աշխատատեղեր բացել, որպեսզի մարդիկ սոցիալական կարիքներից դրդված չգնան ծայրահեղ քայլերի: «Անկեղծ եմ ասում, ես մարդ գիտեմ, որ երեխեքին կերակրելու համար ալյումինի լար ա կտրել, տարել-հանձնել ա ու բռնվել ա: Չես կարա ասես, որ ինքը հանցագործ ա, անճարությունից ա արել: Բայց դե, տենց մարդիկ էլ կան, որ գաղութի կյանքից էն կողմ ուրիշ կյանք չեն պատկերացնում: Ազատվում են թե չէ, ձեռքները քոր ա գալիս, մի բան անում, գնում-նստում են: Իմ հարեւանը 40 տարեկանում թոքախտից մեռավ, որովհետեւ սաղ կյանքը գաղութներում ա անցկացրել: Դրա մերը կես մարդ դառավ` էնքան աշխատեց-ուղարկեց գաղութ: Ազատվեց, համարյա 2 ամիս գիշերները հազից խեղդվում էր, մի օր էլ իմացանք, որ մահացել ա: Օրինակ, եթե իրավապահ մարմինները լավը լինեին, չէին թողի, որ նստողները սեկա խաղան ու դրսում իրանց հարազատների կյանքը կործանեն: Բայց դե իրանք էլ իրանց բաժինն ունեն, չէ՞:

«Ամեն րոպե կարան վրեդ կրակեն»

Վարորդ Սերգեյն էլ խորհուրդ է տալիս հիշել, թե վերջին մեկ տարվա ընթացքում կատարված սպանությունների ժամանակ քանի անմեղ քաղաքացի է մահացել. «Հիշեք Վահան Զատիկյանի տղայի սպանությունը, որ պատահական մի կին մահացավ, կամ էն Գիվոեւի սպանությունը, որ էլի մեկը անցնելուց էր եղել ու սպանվել էր: Նախարարի տղեն, որ էլեկտրիկի գլխին զենքով խփել էր… կարող ա եւ կրակեր, ազգովի պիտի շնորհակալություն հայտնենք, որ չի սպանել, ուղղակի գլխին դըխկցրել ա: Էդքանից հետո մարդ ո՞նց զգույշ չլինի, ամեն րոպե կարան վրեդ կրակեն: Դրա համար ես որ դրանց կաստայից մարդ եմ տեսնում` 100 մետրի վրա փախնում եմ: Էսօր շատ են խոսում, իբր մեր իրավապահ մարմիններն էնքան լավ են աշխատում, որ գիշերվա հազարին էլ դուրս գաս՝ ապահով ես, բայց օրը ցերեկով են մարդ սպանում, ինչի՞ մասին ա խոսքը: Առավոտը գնում ես գործի ու կարող ա կողքինիդ կրակեն, դու հետը մեռնես,- ասում է Սերգեյը ու ինձ զգուշացնում:- «Ասածներս տպելուց հետո, եթե միլիցեքը պոչիս նստեն՝ դու ես մեղավոր: Հիմա խոսալն էլ ա շատ վտանգավոր»: