Դեկտեմբերի 10-ին կկայանա ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, Սահմանադրության հանրաքվեին հատկացված է 36 միլիոն դրամ: Ընտրացուցակներն արդեն պատրաստ են, իսկ ԼՂՀ Սահմանադրության լրամշակված ու վերջնական տեսք ստացած տարբերակը կտպագրվի եւ մոտ օրերս կտրամադրվի տեղամասային ու ընտրատարածքային հանձնաժողովներին։ Հայտնի է, որ մի քանի հազար տպաքանակով տպագրված Սահմանադրության բրոշյուրները կտարածվեն նաեւ հանրապետության ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ նիստում Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ «ձեռնպահ» է քվեարկել «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը: «Ձեռնպահ» քվեարկելը նա բացատրում է այսպես. «Սկզբունքորեն ես «կասկածել» եմ ոչ թե եւ ոչ այնքան Սահմանադրությանը, որքան սահմանադրական նման գործընթացին, որն, իմ կարծիքով, այնքան էլ չէր համապատասխանում նման կարեւորագույն փաստաթղթի ընդունման նկատմամբ պատշաճ վերաբերմունքին: Սահմանադրությունը փաստորեն երկրի քաղաքացիների փոխադարձ պայմանավորվածությունն է իրենց իսկ կյանքի կազմակերպման մասին: Ասել է թե՝ փաստաթուղթը պիտի մարսվի բոլորի կողմից, որպեսզի ընդունելի լինի: Իսկ դրա համար անհրաժեշտ ժամանակ ու հնարավորություն չի ստեղծվել: Մեզ մոտ տխուր ավանդույթ է դառնում կարեւորագույն փաստաթղթերի ընդունումն առանց հանրային կարծիքը հաշվի առնելու: Այդկերպ կատարեցինք լրջագույն փոփոխություններ կրթական համակարգում, այդկերպ երկրի գլխավոր փաստաթուղթն ենք ընդունում…
Իմ այդ կեցվածքում ոչ քիչ դեր է խաղացել անթույլատրելի աշխատաոճի վրա հանրության ուշադրությունը հրավիրելու ձգտումը: Նկատի ունեմ նաեւ խորհրդարանի, ավելի ճիշտ՝ խորհրդարանի ղեկավարության ու որոշում ընդունող մասի վերաբերմունքը: Ուշացումով, միայն առաջին ընթերցումից հետո նախագծի հրապարակումը եւ հանրային քննարկման դնելն անիմաստ էր, որովհետեւ պարզ չէր, թե ինչպես պիտի նոր առաջարկությունները մտցվեին նախագծի մեջ: Խորհրդարանում սահմանադրության նախագիծը չի քննարկվել անգամ հատուկ ընթացակարգով, ինչը հարիր կլիներ կարեւորագույն փաստաթղթին»:
Ըստ Գ. Բաղդասարյանի՝ բավականին տհաճ տպավորություն է մնացել նաեւ խորհրդարանի դերի մերօրյա ընկալումից: «Փաստորեն Ազգային ժողովը հարմարվում էր աշխատանքային խմբի ղեկավարի (գլխավոր դատախազի) աշխատանքային ռիթմին, հենց վերջինիս կարծիքն էր վճռորոշ լինում նիստերի օրերը եւ քննարկման ռիթմը որոշելու ժամանակ: Ու բոլորս շունչներս պահած սպասում էինք, թե պարոն Զալինյանը կհասցնի՞ մինչեւ «վաղը չէ մյուս օրվա ժամը 14:00-ն» ուղղումները մտցնել, թե՞ ոչ: Անգամ քննարկել ենք նախագծի «ուղղված» մի տարբերակ, որ մեր ձեռքին չկար: Այդպես էլ չհասկացանք, թե պարոնայք ո՞ւր են շտապում եւ ինչո՞ւ երկրորդ ընթերցման ժամանակ նրանք տրամադրված չէին քննարկելու հիմնական տարաձայնությունները: Կողքից նայողն անգամ այն տպավորությունը կստանար, որ այդ ամենից զատ այլ, ավելի կարեւոր հարցեր կան, որոնց մասին չէին ուզում հրապարակավ խոսել: Ամենատարակուսելին այն էր, որ սա կատարվել է խորհրդարանի դերի բարձրացման մասին հավաստիացումներին զուգահեռ: Մինչդեռ նույնիսկ պրոֆեսիոնալ պառլամենտի ստեղծումն է վերապահումով արձանագրվել նախագծում»,- ավելացրեց Գ. Բաղդասարյանը:
Գ. Բաղդասարյանի կարծիքով` կարող էինք ունենալ ավելի լավ Սահմանադրություն. «Սակայն այն փաստը, որ նորանկախ երկիրը վերջապես Սահմանադրություն է ունենալու, ինքնին երեւույթ է, որի համապատկերին այս կամ այն «ստվերը» որոշիչ չի դառնում: Սահմանադրությունը մեծ արժեք է եւ երկրի ներքին կյանքում, եւ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Սա է գլխավորը: Խորապես համոզված եմ, որ այս տարբերակի դեպքում եւս հնարավոր է ապահովել երկրի զարգացումը: Առաջարկվող նախագծում կան մի շարք առաջադեմ դրույթներ, եւ Սահմանադրությունը կարող է նպաստել երկրում ժողովրդավարության արմատավորմանը, եթե լինեն դրա հասարակական պահանջարկը եւ ժողովրդի քաղաքացիական կամքը՝ ինքնակազմակերպման հոգեբանությամբ, մեխանիզմներով ու լծակներով, եւ եթե ժողովուրդը կարողանա վերահսկել իշխանությունների գործունեությունը, ինչն էլ ժողովրդավարության էությունն է: Այս վերջին հանգամանքներն են կարեւոր: Եթե դրանք լինեն, ապա ամեն ինչ լավ է լինելու, եթե չեղան, ապա ոչ մի սահմանադրություն էլ չի օգնի, անգամ ամենաիդեալականը:
Եթե ժողովուրդը ցանկանա իր երկրի ու իր ճակատագրի տերը լինել՝ ոչինչ նրան խանգարել չի կարող»: