«ՀետաքրքրությունՆերը փոխվում են, բայց ի վնաս մեզ»,- ասում է Էդուարդ Աղաբեկյանը

17/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջերս լրատվամիջոցներն անդրադարձել էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ նա բավարարված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի ունեցած դերակատարմամբ:

Ըստ Է. Աղաբեկյանի՝ Ռուսաստանը սկսել է կառուցողական դեր կատարել Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ: Հայաստանի ենթակառուցվածքների հիմնական մասն անցել է ռուսաստանյան ընկերությունների ձեռքը: Այս ֆոնին` ի՞նչ նախաձեռնություններով հանդես կգա Ռուսաստանը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով դիմեցիք «Շարժում 88» կուսակցության ղեկավար, Էդուարդ Աղաբեկյանին: Նա նշեց, որ ենթակառուցվածքների անցումը ռուսաստանյան ընկերություններին ամենեւին էլ կապ չունի նախաձեռնությունների հետ: «Իմ կարծիքով, ենթակառուցվածքների տրամադրումը միանշանակ սխալ է, քանի որ դրանով չի որոշվում տվյալ երկրի դաշնակիցը լինելն ու չլինելը: Կարծում եմ, Հայաստանում ներքին լիգիտիմության պակաս կա, որը բերում է դիրքերի թուլացման: Ամենեւին կապ չունի, մենք թո՞ւյլ ենք, թե՞ ուժեղ, մե՞ծ ենք, թե՞ փոքր: Եթե ուզում ենք մեզ հետ հաշվի նստեն, պետք է ունենանք սոցիալական արդարության վրա հիմնված պետություն,- ասաց պարոն Աղաբեկյանը: – Իսկ ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը, ապա դա կապում եմ պրահյան հանդիպման հետ, որից հետո, ըստ ամենայնի, աշխարհաքաղաքական վիճակը փոփոխության է ենթարկվել՝ կապված Իրանի, Հարավային Կովկասի հակամարտող պետությունների, 2007-ին եւ 2008-ին տարածաշրջանում կայանալիք ընտրությունների հետ, ինչո՞ւ չէ, նաեւ՝ «Freedom House»-ի այն հայտարարության հետ, որ, ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանում ոչ մի առաջընթաց չկա: Հետաքրքրությունները փոխվում են, բայց ի վնաս մեզ: Ես լավ բան չեմ ակնկալում»:

Իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն այս կապակցությամբ նշեց. «Մամեդյարովն արտահայտում է իր ընկալումը կամ, գուցե, հակված է ինչ-որ նրբերանգներ տեսնել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում։ Դա իր խնդիրն է։ Անտրամաբանականն այն է, որ Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվային փաստորեն մեղադրում է նախկինում ոչ կառուցողական դիրք ունեցած լինելու մեջ, ինչին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, որքան հայտնի է, դեռեւս չի արձագանքել։ Իսկ առհասարակ՝ Ադրբեջանը միշտ էլ գայթակղություն է ունեցել, որ կապված աշխարհաքաղաքական այս կամ այն դասավորվածության հետ՝ կամ Ռուսաստանը, կամ Արեւմուտքը «սկուտեղի վրա մատուցելու է» իրեն իր «տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության իրավունքը»։ Դա է վկայում, որ Ադրբեջանը չունի հակամարտության կարգավորման ոչ միայն սեփական ընկալում, այլեւ՝ բավարար կամք եւ ռեսուրս, ինչը այդ հանրապետության օգտին է խոսում»։ Վ. Աթանեսյանը կարծում է, որ Մամեդյարովը քաջ գիտի, որ միջնորդ երկրներից եւ ոչ մեկը կամ նրանք միասին չունեն կողմերին որոշում պարտադրելու մանդատ։ «Նրանք կոչված են բանակցությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ, մոտեցնել բոլոր կողմերի տեսակետները եւ, ի վերջո, ստանձնել ձեռք բերվելիք պայմանավորվածությունների երաշխավորի պարտականություն։ Այս համատեքստում Մամեդյարովի երեւակայությունը չի տեղավորվում։ Իմ տպավորությամբ՝ Մամեդյարովի ակնարկներում կարելի է տեսնել Իրանի հարցում ռուսական եւ ադրբեջանական դիրքորոշումների մերձեցման մասին Մոսկվայի հասցեին արված ժեստ եւ ոչինչ ավելի, սակայն չեմ կարծում, որ այդ խաղում Բաքուն մինչեւ վերջ է անկեղծ լինելու, ինչը, հավանաբար, գիտեն նաեւ Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, եւ չեմ կարծում, թե ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է նախաձեռնել այնպիսի գաղափարներ, որոնք կասկածի տակ կդնեին Մոսկվա-Երեւան ռազմաքաղաքական առանցքի ապագան»,- ասաց պարոն Աթանեսյանը։