Օգնեք Քաշաթաղի հայերին

17/11/2006

Երեկ հայաստանյան եւ արցախյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «168 Ժամը», Քաշաթաղի հայերի պաշտպանության միությունից բաց նամակ էին ստացել` ուղղված ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին: Նամակագիրները վերջիններիս ուշադրությունը հրավիրում էին Հայաստանի եւ Սփյուռքի մամուլում վերջերս լույս տեսած մի շարք հրապարակումների վրա, որոնք անդրադառնում են Քաշաթաղի շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների հետզհետե վատթարացմանը: «Որպես հետեւանք, հայերը հեռանում են այս ռազմավարական շատ կենսական հողատարածքից: Զոհաբերության եւ պայքարի դաժան տարիներից հետո ազատագրվեց Արցախը, ինչպես նաեւ, Քաշաթաղի հողատարածքը, որը նախապես Արցախը արհեստականորեն բաժանում էր Հայաստանից»,- նշված է նամակում: Խոսելով Քաշաթաղի հողերի` հայերով բնակեցման մասին` նամակի հեղինակները գրում են. «1994թ. ՀՀ կառավարությունը նախաձեռնեց իր վերաբնակեցման նոր ծրագիրը Քաշաթաղի եւ շրջակայքի համար: Հիմնականում Հայաստանի լիազոր մարմինները քաջալերեցին եւ Ադրբեջանի հայ փոքրամասնություններին, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող չունեւոր ընտանիքներին, որ տեղափոխվեն Քաշաթաղ: Շատերը պատասխանելով այս կոչին Քաշաթաղ տեղափոխվեցին: Հայաստանի կողմից այս նախաձեռնությունը շատ գովելի էր, քանի որ այն ժամանակ երկիրը շատ նեղ ֆինանսական պայմանների մեջ էր գտնվում: Ըստ որոշ աղբյուրների, Քաշաթաղում հայ վերադարձների թիվը իր գագաթին հասավ 1990-ական վերջին տարիներին, երբ մոտ 20.000 հայ կար շրջանում: Սակայն այսօր այդ թիվը իջել է 10.000-ից, եւ ոմանք պնդում են թե նույնիսկ հասել է 7000-ի: Այն հայերը, որ ժամանակին կամավոր գնացին Քաշաթաղ, հիմա զգում են, որ մեկուսացման եւ մոռացության են մատնված: Վախենում ենք, որ եթե պայմանները չբարելավվեն, շուտով կունենանք մի անհայաբնակ հողամաս»: Նամակագիրներն անհանգստացած են, որ «ՀՀ եւ Արցախի պատասխանատու ղեկավարները, ըստ երեւույթին, անտարբեր են մնացել Քաշաթաղում ծավալվող ողբերգության նկատմամբ»: «Ուստի, խնդրում ենք, որ ձեր կառավարությունները Քաշաթաղի խնդիրը քննարկեն եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումները գործադրեն տեղական կենցաղի պայմանները բարելավելու եւ արտագաղթը ներգաղթի վերածելու համար: Նաեւ ցանկանում ենք, որ հստակեցնեք ձեր կառավարությունների դիրքորոշումը Քաշաթաղում վերաբնակեցման ծրագրի նկատմամբ»,- գրված է նամակում: