Հերթական քննարկում՝ հաշմանդամների թեմայով

17/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը պատասխանելով լրագրողների հարցերին` կարեւորեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը՝ այն համարելով մեր երկրի կարեւորագույն փաստաթղթերից մեկը: «Կարեւոր նպատակներից մեկը սոցիալապես խոցելի խմբերին աղքատությունից վեր հանելն է, հնարավորություն ընձեռելը նրանց ինտեգրելու հասարակության մեջ: Սոցիալական արդարության ամենակարեւոր սկզբունքներից մեկը հավասար հնարավորության ընձեռումն է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սոցիալապես խոցելի խմբերն ի սկզբանե ունեն որոշակի հիմնախնդիր, որը լուծելու համար շատ կարեւոր է առանձին դրույթներ նախատեսելը: ԱՀՌԾ-ի (Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր) վերանայման ընթացքում, փոխնախարարի հավաստմամբ՝ առաջարկություն կներկայացվի, որպեսզի փաստաթղթում լինեն կոնկրետ դրույթներ, միջոցառումներ եւ դրան համապատասխան քաղաքականություն. «Այդ պարագայում սոցիալական խոցելի խմբի ներկայացուցիչներն առարկայական այդ ազդեցությունն իրենց վրա կզգան»: Առաջարկվող դրույթներից են, օրինակ՝ հաշմանդամներին հավասար հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակության մեջ, ներգրավվեն աշխատանքային գործընթացներում: Իսկ ամբողջությամբ գործունակությունը կորցրած անձանց համար եկամտի ստեղծման կամ եկամտով ապահովելու առանձին ծրագրեր կիրականացվեն: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության ոլորտի ներկայացուցիչ Ջեմմա Բաղդասարյանը ներկայացրեց այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը եւ ռազմավարությունը: Անդրադառնալով հաշմանդամների կամ հատուկ կարիքներ ունեցող անձանց հիմնախնդիրներին, նա մասնավորապես նշեց, որ հաշմանդամներն ունեն հատուկ կարիքներ, որոնք կախված են նրանց հաշմանդամության տեսակից, ծանրությունից, բազմահաշմանդամությունից, ինչպես նաեւ հաշմանդամության պատճառական կապից: Հայաստանում այսօր հաշվառված է շուրջ 141.000 հաշմանդամ: Տիկին Բաղդասարյանը վստահեցրեց, որ հաշմանդամության կտրուկ աճ չի գրանցվել, պարզապես տվյալների փոփոխությունը կապված է պետական տեղեկատվական բազայի ձեւավորման հետ: Համեմատելով ԱՊՀ երկրների հետ` նա նշեց, որ Հայաստանում հաշմանդամների թիվը կազմում է բնակչության 4%-ը, որն ըստ Ջ. Բաղդասարյանի՝ համարվում է ամենացածր տոկոսը: Տիկին Բաղդասարյանի տվյալներով՝ հաշմանդամ երեխաների թիվը 8300 է, իսկ կանայք կազմում են հաշմանդամների 40%-ը: Հաշմանդամության պատճառներից հիմնականը՝ 70%-ն ընդհանուր հիվանդություններն են, այնուհետեւ՝ մանկուց ձեռք բերված հիվանդությունները, զինծառայության հետ կապված վնասվածքներն ու հիվանդությունները, մասնագիտական-աշխատանքային խեղումները եւ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձինք: «Հիվանդությունների մեջ առավել ռիսկային, հաշմանդամություն առաջացնողը արյան շրջանառության կամ սրտանոթային համակարգի հիվանդություններն են, երկրորդ տեղում՝ ուռուցքային, նյարդային համակարգի, հոգեկան առողջության հիվանդություններն են եւ տուբերկուլյոզը»,- նշեց տիկին Բաղդասարյանը՝ կարեւորելով հատուկ կարիքներ ունեցող հաշմանդամների խնդիրը, որոնք ողնուղեղային վնասվածքի եւ անդամահատության հետեւանք են: Հայաստանում ներկայումս սայլակից օգտվող 2300 հաշմանդամներ կան:

2006թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ԱՀՌԾ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել ավելի քան 20 քննարկումներ եւ հանդիպումներ ինչպես Երեւանում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում: Քննարկումների թեմաները վերաբերում են առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության, գործարար միջավայրի, գյուղի, բնապահպանության, հանրային կառավարման, կոռուպցիայի եւ այլ ոլորտներին: Թե հաշմանդամներին ի՞նչ կտան նման քննարկումները, ցույց կտա ժամանակը: Մեր տեղեկություններով՝ ԱՀՌԾ-ի նման լայնածավալ քննարկումների համար ծախսվել է ավելի քան 100.000 դոլար: Լրագրողների մոտ տարակուսանք էր առաջացրել այն հանգամանքը, որ հսկայական գումար ծախսելով, քննարկումներ են կազմակերպվում, զեկույցներ են հրապարակվում, որոնց մասին վաղուց գիտենք, իսկ կոնկրետ խնդիրը լուծելու համար բյուջեում «փող չի մնում»: ԱՀՌԾ-ի այս քննարկման համար հսկայական գումարներ են տրամադրել նաեւ միջազգային կազմակերպությունները: