Ալան Փինքերթոնի ղեկավարած խումբն է բացահայտել ԱՄՆ նախագահ Ա. Լինքոլնի սպանությունը: 2004 թվականից Երեւանում գործող «Փինքերթոն» մասնավոր խուզարկուական ինստիտուտի (որդեգրել են Ա. Փինքերթոնի կարգախոսը) ստեղծմանն ու կայացմանն աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանի կարծիքով, այսօր մեր հասարակությունը զգում է խուզարկուական ծառայության անհրաժեշտություն` որպես ոչ պետական իրավական գործունեության այլընտրանքային տարբերակ: Նրա ասելով, իրենց գործունեությունը հիմնականում ուղղված է մասնավոր խուզարկուների նկատմամբ հասարակական կարծիքի ձեւավորմանը: «Եթե ստեղծված իրավիճակում պետք է կասկածներ փարատել, քաղաքացին միշտ չէ, որ հարմար է գտնում իրավապահ մարմիններին դիմել, իր պրոբլեմը հանրության քննարկման առարկա դարձնել: Այսօր մենք մարդկանց զրկել ենք այդ իրավունքից: Եթե որեւէ մեկն ուզում է հետեւել իր կնոջը, ապա դա չի նշանակում, որ նա ոտնահարում է նրա իրավունքները: Օրինակ, վերջերս մեզ էր դիմել 65 տարեկան մի ակադեմիկոս կին, որը կասկածում էր իր ամուսնու հավատարմությանը: Խուզարկուական աշխատանքներից հետո պարզեցինք, թե ամուսինը ում հետ էր կապված: Արդյունքում նրանց ընտանիքը չկազմալուծվեց, պարզապես ամուսինները փոխհամաձայնության եկան եւ հայկական ավանդույթի համաձայն՝ կոնյակով մեզ աչքալուսանքի եկան: Մենք գործակալություն չենք, սակայն եթե ինչ-որ մեկի մոտ կրիտիկական իրավիճակ է, եւ նա ցանկություն ունի դիմել մեզ, մենք հնարավորինս աջակցում ենք»,- վստահեցնում է Ա. Ղազարյանը: «Փինքերթոն» կազմակերպությունը 500 քաղաքացիների շրջանում սոցհարցում է անցկացրել, եւ այն հարցին, թե որքանով է կարեւորվում մասնավոր խուզարկուական ինստիտուտի ստեղծումը Հայաստանում, հարցվողների 93 %-ը դրական պատասխան է տվել, նշելով, որ նմանատիպ կառույցները կկարողանան կանխարգելել այնպիսի հանցագործությունների թիվը, ինչպիսին է՝ անչափահաս երեխաների կախվածությունը տարբեր տեսակի վատ սովորություններից` թմրադեղ, արվամոլություն եւ այլն: Հարցվածները կարեւորել են նաեւ մասնավոր խուզարկուի դերը դատական պրոցեսում: Նրանց միայն 7 %-ը պատկերացում չի ունեցել մասնավոր խուզարկուների աշխատանքի մասին: Իսկ ի՞նչ արժե այսօր Հայաստանում մասնավոր խուզարկուի աշխատանքը (նշենք, որ խուզարկուական գործունեությունը մեզանում հիմնականում ստվերում է գործում): Այս հարցին Ա. Ղազարյանը պատասխանեց, թե արտասահմանում նմանատիպ ծառայության վճարը սկսում են ժամը 20 դոլարից, իսկ իրենք դեռեւս գործում են հասարակական հիմունքներով: «Որոշ փողատերեր այսօր իրենց համար առանձնակի խուզարկուական գործունեություն են ծավալում` եւ տնտեսական, եւ ներանձնական դաշտում, դա բոլորն էլ գիտեն, ուղղակի ստվերում է պահվում: Սակայն կազմակերպված գաղտնադիտումները չպետք է շփոթել խուզարկուի աշխատանքի հետ: Այսօր ամբողջը խառնված է իրար հետ: Երեւի ինչ-որ մարդկանց ստեղծված այդ իրավիճակը ձեռք է տալիս: Մենք փորձում ենք շտկել այս վիճակը: Մենք ուզում ենք, որ դա օրինական դաշտ բերվի»,- ասում է Ա. Ղազարյանը: Նա նշում է նաեւ, որ «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում մինչ օրս չի հաստատվել: Այդ նախագծի համաձայն, խուզարկուական գործունեությունը լիցենզավորված գործունեություն է: Օրինագծի համաձայն, մասնավոր խուզարկուին վերապահված բացահայտումների շրջանակները բավական ընդգրկուն են` օրինակ անհայտ կորած քաղաքացիների, կենդանիների որոնում, առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների, ֆիրմային նշանների եւ անվանումների ապօրինի օգտագործման հավաքագրում: Ա. Ղազարյանը հավաստիացնում է նաեւ, որ օրենքի ընդունման արդյունքում մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում կստեղծվեն մասնավոր խուզարկուական գործակալություններ, որոնք կապահովեն 3 հազար նոր աշխատատեղ, իսկ անհատ խուզարկուների թիվը կհասնի մոտ 1000-ի: «Այսօր մեր հասարակությունը շատ հաճախ թիկնազորային ծառայությունն էլ է շփոթում մասնավոր խուզարկուականի հետ: Մարդիկ չեն տարբերակում նաեւ խուզարկուին տրամադրվող ծառայությունը հետախուզականից կամ օպերատիվ հետախուզական աշխատանքից: Միգուցե խուզարկուական գործունեության ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը պահանջի օպերատիվ հետախուզական տվյալների հավաքագրում»,- ասում է Ա. Ղազարյանը: