«Թատրոնը բարեգործական հիմնադրամ չէ»

17/11/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրերս Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն այցելած մի խումբ ծնողներ դիմել էին խմբագրություն` նշելով, թե ներկայացումների տոմսերի գներն ամսեամիս թանկանում են: Երկու մանկահասակ հանդիսատեսի մայր Նազենի Սիմոնյանն ասում էր, որ անցած աշնանը մեկ տոմսի արժեքը 300 դրամ էր, այս գարնանը 400 դրամ էր, իսկ հիմա դարձել է 600 դրամ: Նա նաեւ ափսոսանքով հիշում էր, որ դեռ երկու տարի առաջ բարի ավանդույթ կար, որի համաձայն` ծնողներն առանց տոմսի իրավունք ունեին ներկայացման ժամանակ ներկա գտնվել դահլիճում եւ ուղեկցել իրենց երեխաներին: Այժմ, սակայն, եթե ծնողի միջոցները չեն ներում, ապա նա պետք է սպասի նախասրահում, որտեղ սրճարան կա, որից, ուզես թե չուզես՝ օգտվում ես: Նրա ասելով՝ սրահում տեղադրված են նաեւ վճարովի մանկական խաղեր, ու երբեմն շատ դժվար է լինում մերժել երեխաներին, որ ուզում են խաղալ: «Մեկ ներկայացումը երկու երեխա ունեցող ընտանիքի համար կարող է արժենալ մոտ 3 հազար դրամ, դրան գումարած՝ ճանապարհածախսը: Ավելի լավ չէ՞ ունենալ լիքը դահլիճներ, քան թե ծնողների հետ միասին կիսով չափ զբաղված դահլիճներ»,- գանգատվում էր ծնող Ն. Սիմոնյանը, որ մեծ ցանկություն ունի հաճախակի իր երեխաներին տանել թատրոն: Տիկնիկային թատրոն այցելելով, մենք ճշտեցինք, որ, իրոք, անկախ տարիքից` մեկ տոմսի արժեքը 600 դրամ է: Այդ մասին տեղեկացանք տոմսարկղի պատուհանին փակցված հայտարարությունից: Թատրոնի թանկացումների եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք նաեւ թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

– Ինչո՞վ են պայմանավորված ներկայացումների տոմսերի գների թանկացումները:

– Թանկացումներ չկան: Միայն մեծահասակների ներկայացումներն ու պրեմիերաներն են 100 դրամով թանկացել` այն էլ միայն ամենաբարձր կարգերը: Աշխարհում որեւէ տեղ նման էժան գներ չկան, ինչպիսին Հայաստանում է: Մենք չպետք է պայքարենք տոմսերի էժանացման համար, այլ պետք է պայքարենք, որ մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան: Չէ՞ որ մարդիկ այսօր չեն բողոքում երշիկի եւ հացի թանկացման համար: Բայց բոլորին թվում է, որ արվեստը մի բան է, որը կարելի է կոպեկներով առնել: Շատ վատ մոտեցում է, առավելեւս վատ է, որ կամաց-կամաց հասարակությունը սովորում է անվճար արվեստի` տարբեր փառատոների եւ հյուրախաղերի տեսքով: Դա խայտառակություն է, մենք արժեզրկում ենք դրանով այն մարդկանց աշխատանքը, որոնք աշխատում են թատրոնում: Այստեղ աշխատողները պետք է աշխատավարձ ստանան, այս թատրոնը ձմռանը պետք է ջեռուցվի: Մեր թատրոնը պետական ֆինանսավորում ստանում է միայն սուբսիդիա, այլ ոչ թե դոտացիա: Սա այն նվազագույն գումարն է, որով ապահովում ենք աշխատողների նվազագույն աշխատավարձերը: Մեր առաջատար դերասանները ստանում են 40 հազար դրամ, իսկ թատրոնի տնօրենը` 70 հազար դրամ: Էլ չեմ ասում, որ տոմսերի արժեքի 80 տոկոսը հատկացնում ենք տարբեր հարկերի: Մենք ոչ մի կերպ չենք կարողանում հասնել նրան, որ գոնե տոմսերի արժեքների վրայից հանվի ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), որը գոյություն չունի աշխարհի եւ ոչ մի երկրում: Եթե մեր տոմսերի գները համեմատենք մոսկովյան կամ վրացական որեւէ թատրոնի տոմսերի արժեքների հետ, կտեսնենք, որ տիկնիկային ներկայացման համար 5 դոլարից պակաս գին գոյություն չունի: Ինչո՞ւ չէ, կարելի է եւ անվճար ներկայացում խաղալ, բայց մեկ ամիս հետո փակել թատրոնը:

– Հասարակության սոցիալական դրությունը հաշվի առնելով, ավելի լավ չէ՞ մատչելի գներ սահմանել, որովհետեւ ծնողներ կան, որ ցանկանում են` իրենց երեխաները հաճախակի շփվեն այդ արվեստի հետ:

– Բարի, ուրեմն ոչ մի նման երեխա դուրս չի մնում մեր թատրոնից: 400 դրամը, եկեք խոստովանենք, այն գումարը չէ (ի՞նչ 400 դրամի մասին է խոսքը, երբ թատրոնի տոմսարկղին գրված է` «Անկախ տարիքից տոմսի արժեքը 600 դրամ է»- Ն.Մ.), որը խեղդում է ծնողին եւ չի տալիս հնարավորություն: Երկրորդը, նման խավերի համար կան բազմաթիվ բարեգործական հիմնադրամներ: Մեր թատրոնը տարեկան 3-4 հազար երեխա է սպասարկում` նման բարեգործական հաստատությունների խնդրանքով: Տարբեր կազմակերպություններ են մեզ դիմում, չնայած այդ մեխանիզմը սխալ է աշխատում, որովհետեւ ընդունված ձեւ է, որ բարեգործական հիմնադրամները գտնում են հովանավորներ, որոնք թատրոնից տոմսեր են գնում եւ բաժանում այդ չքավոր խավին: Մեր պարագայում այլ է` հիմնադրամները դիմում են թատրոնին, եւ թատրոնն է, փաստորեն, հանդես գալիս որպես բարեգործ: Չնայած համարում եմ, որ դա սխալ մոտեցում է: Մենք որեւէ նման դիմում անպատասխան չենք թողնում: Ես բարեգործական հիմնարկներին էլ ասում եմ, որ այս պարագայում ես եմ բարեգործ հանդես գալիս, այլ ոչ թե դուք: Նրանք պարզապես միջնորդ են: Շենքը 2003թ. վերանորոգվել է «Լինսի» հիմնադրամով, եւ վերանորոգված շենքն ավելի մեծ ծախսեր է պահանջում: Մեր ծախսերն ավելացել են մոտավորապես 20 անգամ: Մեծագույն տեխնիկա է այստեղ տեղադրված` եւ լուսային, եւ ձայնային, եւ օդափոխիչ համակարգ: Օրինակ, հասարակ լուսարձակների լամպերը, որոնք առաջ արժեին լավագույն դեպքում 10 դոլար, հիմա մի հատը 70-120 դոլարով ենք գնում:

– Տիկնիկային թատրոն երեխան ո՞ր տարիքից կարող է հաճախել:

– Կան ներկայացումներ, որ 1 տարեկանից էլ կարելի է դիտել, ներկայացումներ էլ կան, որ 3-4 տարեկանից կարելի է նայել, դա ծնողից է գալիս: Եթե մայրը հղի ժամանակ գեղեցիկ երաժշտություն է լսել, ուրեմն երեխան թատրոնը շատ շուտ կընկալի: Ամենափոքրիկները կարող են դիտել «Կարմիր գլխարկը», «Երեք խոզուկները»: Մենք ամսական խաղում ենք մոտ 60 ներկայացում:

– Նախկինում ծնողներին հնարավորություն է ընձեռվել ներկայացումներին անվճար ներկա գտնվել, ինչո՞ւ է դա հանվել:

– Ո՞վ է այդ տեսակ բաներ պատմել: Նման բան չի եղել:

– Մշտական հաճախողներն են նշում:

– Դա սուտ է: Դուք պատկերացրեք` 300 տեղանոց դահլիճում եթե ծնողը մտնի անվճար, ուրեմն մենք կարող ենք վաճառել լավագույն դեպքում 150 տոմս: Վերանորոգումից հետո մեր դահլիճում տեղադրված են այնպիսի աթոռներ, որ ծնողը երեխայի հետ նստի: Ծնողն էլ է հանդիսատես: Եթե ծնողն ասում է, որ ինքը երեխայի համար է գալիս, մի հավատացեք, նա աչքերն ու ականջները փակ դահլիճում չի նստում: Եթե նա չի ցանկանում դիտել ներկայացումը, կարող է սպասել դրսում կամ բուֆետային մասում: Եկեք ավելի շատ պայքարենք, որ մարդկանց լավ վարձատրեն, այլ ոչ թե էժան բաներ լինեն: Ինչպես ասում են՝ «անվճար պանիրը միայն թակարդում է լինում»: Նախ հարց բարձրացրեք, թե թատրոնի աշխատողները, որոնք տարեկան խաղում են մոտ 400 ներկայացում, որքա՞ն են վարձատրվում:

– Դրա համար էլ թատրոնն անկում է ապրում:

– Դա պատճառներից մեկն է. այս 15 տարվա ընթացքում ոչ մի բան չի փոխվել թատրոնի կազմակերպչական ձեւի մեջ: Թատրոնի պրոբլեմը չի լուծվում միայն թատրոնով: Դա մի քիչ էլ հասարակության պրոբլեմն է: Տարբեր մեխանիզմներ կան տարբեր երկրներում. զարգացած երկրներում կան «Լավագույն մեկենաս» պետական մրցանակներ: Մեր թատրոնները զուրկ են հովանավորչությունից: Թատրոնները չեն կարող միայն պետության հաշվին գոյատեւել: Նման դեպքում պետությունը շատ ակտիվ խառվում է թատրոնի ստեղծագործական աշխատանքների մեջ, որը շատ վտանգավոր է: Արվեստը պետք է ազատ լինի: Մեզ մոտ պարզապես մշակված մեխանիզմներ չկան:

– Իսկ ինչի՞ համար է Մշակույթի նախարարությունը:

– Սա միայն նախարարության պրոբլեմը չէ: Մեր կառավարության համար կան առաջնային եւ ոչ առաջնային ուղղություններ. Մշակույթի նախարարության ցանկացած առաջարկություն շատ հանգիստ կարող է փակել Ֆինանսների նախարարությունը: Մի օրինակ բերեմ. սա պետական թատրոն է, եթե ես ներկայացումներ չխաղամ, այլ դրանց փոխարեն դահլիճն ամեն օր հանձնեմ վարձակալության, ես շատ ավելի մեծ գումարներ կվաստակեմ, քան ներկայացումներ խաղալու դեպքում:

– Իսկ Դուք այդ իրավունքն ունե՞ք:

– Այո: Բայց ոչ հաճախակի: Ինչպե՞ս անել, որ ես շահագրգռված լինեմ ներկայացումներ խաղալ եւ տոմս վաճառել: Նորմալ երկրներում դա արվում է հարկային քաղաքականության միջոցով` պահում են կոմերցիոն գործունեության ԱԱՀ-ն, եւ ազատում են ԱԱՀ-ից` բուն գործունեությունը: Այդպես նույն Ռուսաստանում է, որին փորձում ենք ամեն ինչում նմանակել, բայց նմանակում ենք միայն վատ կողմերով: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում բոլոր թատրոնների տոմսերի արժեքները, ոչ միայն տիկնիկային թատրոնինը, ամենացածրն են: Մեր երկրում միայն 3 բան կա, որ չի համապատասխանում համաշխարհային արժեքներին, դա թոշակներն են, պետական աշխատավարձերն ու թատրոնի տոմսերի գները: Էլեկտրաէներգիան, գազը, մթերքը, կինոթատրոնների տոմսերի գները, որտեղ մի հատ DVD սկավառակի օգնությամբ է կինո ցուցադրվում, բացարձակապես պետք չեն 70 հոգի, ինչպես մեր ամեն մի ներկայացման ժամանակ է, բավականին բարձր են: Կինոթատրոններում 1000 դրամից էժան տոմս չկա:

-Գո՞հ եք դպրոցներում ներկայացվող աբոնոմենտային տոմսերի վաճառքից:

– Օրինակ, ինձ շատ դուր է եկել, երբ Պուշկինի անվան դպրոցի առաջին դասարաններից մեկում ուսուցիչն ասել է` մենք անպայման պիտի գնանք տիկնիկային թատրոն, որովհետեւ երեխայի ընդհանուր զարգացածության համար այն շատ կարեւոր է: Ցավոք սրտի, կան դպրոցներ, որ չեն հասկանում դա: Բոլոր դեպքերում, եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ հասարակություն ունենալ, երեխան պիտի հաճախի եւ թատրոն, եւ պատկերասրահ, եւ համերգային դահլիճ:

– Բայց հասարակության մեծ հատվածն այժմ ստիպված է զուտ կենցաղային խնդիրներ լուծել:

– Չեմ հավատում, որովհետեւ 400 դրամով չեն լուծվում նրանց սոցիալական խնդիրները, պարզապես նրանք հարմար չեն գտնում, որ իրենց երեխաները ստանան այդ դաստիարակությունը: Ավելին, այսօր շատ ծնողներ երեխաներին ասում են՝ ո՞ւմ ա պետք իմ ստացած կրթությունը, այս ապուշին տես, կրթություն չունի, բայց հազար անգամ ինձանից հարուստ է: Եթե ծնողը թույն առնի եւ տա երեխային` դրանով սոցիալական խնդի՞ր է լուծում: Ավելին, շատերը գերադասում են երեք անգամ ավելի գումար տալ երեխաներին` համակարգչային խաղասրահ այցելելու համար: Այդ գումարը ծնողը կտա իր երեխային, հետո կգա ձեզ կբողոքի, որ տիկնիկային թատրոնի տոմսերը թանկացել են:

Հ.Գ. Մեր զրույցի սկզբում պարոն Ռ. Բաբայանը ժխտում էր, որ տիկնիկային թատրոնի տոմսերը թանկացել են (իսկ դրանք իսկապես թանկացել են): Թատրոնի տնօրենը, իբրեւ նվազագույն տոմսի գին, անընդհատ հիշատակում էր 400 դրամը, որի վերաբերյալ այդպես էլ որեւէ գրավոր տեղեկությունների չհանդիպեցինք թատրոնի շենքի որեւէ հատվածում: Պարզապես, եթե շարունակվեն տոմսերի գների նման «վերելքները», թատրոն հաճախելն ու ներկայացում դիտելը կդառնա որոշակի խավի արտոնություն, ինչպես, ասենք, այսօր Պուշկինի անվան դպրոց հաճախելն է: