Զտարյուն կորեուհի Միրա Հոն ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, ապրել է Վրաստանում, այժմ ընտանիքով Երեւանում է ապրում։ Տարբեր պետություններ, սահմաններ ու ավանդույթներ միավորած Միրան այն հազվադեպ մարդկանցից է, ով կարողանում է իրեն երջանիկ զգալ եւ արվեստում, եւ ընտանիքում։ Ամուսնու՝ նկարիչ Աշոտ Կիրակոսյանի ու երկու որդիների՝ Վազգենի ու Վիգենի հետ նա Երեւանի կենտրոնում այնպիսի մի տուն է ստեղծել, որը սկզբում հարեւանների զարմանքին, իսկ հետո էլ հարգանքին է արժանացել։ Սեփական տան դուռն ամբողջովին ապակուց է պատրաստված։ «Այդպես գեղեցիկ է, միանգամից երեւում է բակը»,- համեստորեն ասում է Միրան։ Իսկ Աշոտը հումորով ավելացնում է. «Կոնսերվատիվ հայերի համար մեր դուռը որոշ չափով պրովոկացիա է»։ Գեղեցիկ ապրել ձգտող Միրան Երեւանում չի աշխատում, հանգիստ է ընդունում այն փաստը, որ աշխատանքի են ընդունում միայն երիտասարդ աղջիկներին։ Ճակատագրի հանդեպ հավակնություններ չունենալը, նրա կարծիքով՝ թեեւ զրկում է մարդուն կարիերային աճից, սակայն ոգուն հանգստություն է բերում։
– Դուք հայերեն մի քիչ խոսում եք, իսկ՝ կորեերե՞ն։
– Ցավն էլ նրանում է, որ համարյա չեմ խոսում։ Ես Մոսկվայում եմ ծնվել, սկզբում՝ ռուսական դպրոցում, հետո էլ Սուրիկովի անվան ինստիտուտում եմ սովորել։ Ծնողներս, որոնք Հյուսիսային Կորեայից էին եկել Ռուսաստան ու քաղաքական ապաստան խնդրել, շատ էին ուզում, որ ես վարժ խոսեմ ռուսերեն ու խնդիրներ չունենամ ԽՍՀՄ-ում։ Հայրս, նույնիսկ 40 տարի Մոսկվայում ապրելուց հետո էլ, ռուսերեն լավ չէր խոսում եւ ուզում էր, որ ես լավ տիրապետեմ ռուսերենին։ Զարմանալի բան է, ես հիմա եմ շատ ուզում իմ մայրենի լեզուն սովորել, Բրյուսովի անվան ինստիտուտում կորեական լեզվի բաժին է բացվել, եւ ես երիտասարդ ուսանողների հետ պարտաճանաչ դասերի եմ հաճախում։ Նույնիսկ զավեշտական իրավիճակում եմ հայտնվում, երբ աղջիկ ուսանողներն ինձ ասում են. «Օ՜, դուք շատ նման եք կորեացու…»։
– Հետաքրքիր է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, աշխատում են միշտ մայրենի լեզուն իրենց երեխաներին փոխանցել։ Ձեզ մոտ ճիշտ հակառակն է ստացվել։
– Այո, բայց այսպես թե այնպես իմ ներքին հիշողությունն ու գենետիկորեն փոխանցվող սովորույթներն իրենց զգացնել են տալիս։ Երբ ես Կորեա եմ գնում՝ հարազատներիս հետ հանդիպելու, ինձ մաքուր կորեուհի եմ զգում։
– Հայերի համար ավանդույթներն ու հարազատ հողի հետ կապը շատ ավելի սուր է զգացնել տալիս։
– Ես ակամա միշտ համեմատում եմ հայերին ու կորեացիներին։ Հայերը հրեաների նման դարեր շարունակ սփռված են եղել ողջ աշխարհով, եւ նրանց համար շատ կարեւոր է եղել պահպանել սեփական լեզուն ու արմատները։ Կարծում եմ, բոլոր հայ ընտանիքներում ենթագիտակցաբար նստած է լեզուն պահպանելու պահանջը։ Իսկ կորեացիներն իրենց հողից գրեթե չեն բացակայել, հեռացել են միայն այն ժամանակ, երբ ճապոնացիների հարձակումներ են սկսվել։ Այդ ժամանակ էլ նրանք հեռու չեն գնացել, հիմնականում հարեւան երկրներում են ապրել։ Հյուսիսային ու Հարավային Կորեաների բաժանումից հետո շատերը սկսեցին Ամերիկա գնալ, բայց դա միայն վերջին հիսուն տարիների ընթացքում կատարվեց։ Ուր էլ որ գնա կորեացին, նա փորձում է արագ հարմարվել այդ նոր երկրի պայմաններին։ Իսկ ձեզ մոտ միշտ հակառակն է լինում, կարծես դուք միշտ ստիպված եք եղել այլ երկրներում ապրել եւ ամեն գնով ցանկացել եք պահպանել լեզուն։ Ես հաճախ եմ փորձում հասկանալ՝ ո՞ր մոտեցումն է ճիշտ։ Ռուսաստանում ապրող կորեացիները կորցնում են լեզուն, ազգային դպրոցներ չկան, չկա նաեւ այդպիսի դպրոցներ բացելու ցանկություն։
– Իսկ այդ երկու՝ բավականին հազվագյուտ լեզուներն ու ավանդույթները ձեր որդիներն օգտագործո՞ւմ են իրենց կյանքում։
– Իմ տղաները հայեր են։ Երբ նրանք դեռ փոքր էին, իմ հայրը շատ էր պատմում նրանց Կորեայի հերոսական անցյալի ու ավանդույթների մասին, նրանք էլ ասում էին, որ կմեծանան, արեւելյան մարտաձեւեր կսովորեն ու կդառնան Կորեայի ազատագրական շարժման հերոսներ։ Հիմա իմ մեծ որդին Մոսկվայում է սովորում՝ միջազգային հարաբերությունների բաժնում, ու հազվագյուտ լեզուներ է ուսումնասիրում։ Նա հիանալի խոսում է հայերեն, քանի որ դպրոցը Երեւանում է ավարտել։ Շուտով մեկ տարով պրակտիկայի կմեկնի Կորեա։ Ուսանողները սովորաբար այնտեղ նաեւ օտար լեզուներ են դասավանդում, եւ երբ նրան հարցրեցին՝ ի՞նչ լեզու է ուզում դասավանդել՝ անգլերե՞ն, թե՞ ռուսերեն, նա պատասխանեց. «Այդ լեզուները դասավանդողներ շատ կան, ես կորեացիներին հայերեն կսովորեցնեմ»։ Այնպես որ, Վազգենը կորեացիներին հայերեն սովորեցնող առաջին հայը կլինի։
– Չե՞ք ափսոսում, որ Մոսկվայում չեք ապրում։ Ամեն դեպքում Մոսկվան շատ աշխույժ մշակութային կյանքով է ապրում։
– Մոսկվան միշտ կենտրոն է եղել, այնտեղ նորությունների եւ ուղղությունների հսկայական հոսք կա։ Հիմա քաղաքն իսկապես խելագար ռիթմով է ապրում, ես չէի ցանկանա այնտեղ ապրել, ինձ համար Երեւանն ավելի հարազատ է, հանգիստ ու հանդարտ է։ Մոսկվայում ապրելու համար ամեն վայրկյան պետք է պայքարես, մեծ տարածություններ կտրես-անցնես, չարացած մարդկանց հանդիպես։ Մոսկվայում վազել է պետք, իսկ ես վազել չեմ սիրում։
– Միրա, իսկ ինչո՞ւ եք սկսել քիչ նկարել։
– Շատ անգամ ժամանակը չի հերիքում։ Շատ սիրում եմ իմ խխունջների շարքը, յուրաքանչյուր խխունջի խեցի ես որպես կենդանի եմ պատկերել, մեկը սարդի է նման, մյուսը՝ ոզնու։
– Նկարներ վաճառելով կարելի՞ է Երեւանում ապրել։
– Ոչ, չի կարելի։ Հայ հանդիսատեսը բավականին կոնսերվատիվ հայացք ունի, նա սովորել է, որ այս բանը միայն այսպես կարելի է պատկերել, եւ չի ընդունում ուրիշը։ Մի քայլ աջ կամ մի քայլ ձախ արած հեղինակը նրա համար օտար է դառնում։ Հետաքրքիր, ինչ-որ նոր բաներ բացահայտող ցուցահանդեսներ շատ քիչ են լինում։ Նկարիչների դժբախտությունը նրանում է, որ երբ նրանք որոշակի բարձունքի են հասնում, որոշում են, որ արդեն աճելու տեղ չունեն, որ հասել են իրենց բարձրակետին ու առաջ շարժվել էլ չեն ուզում։ Կարծում եմ, որ միշտ պետք է էքսպերիմենտներ անել։
– Բայց եթե նրանց նկարները լավ են վաճառվում, ինչո՞ւ են պետք էքսպերիմենտները։
– Նկարչի շնորհն ու նրա «վաճառելիությունը» բացարձակ տարբեր բաներ են։ Սխալ է մտածել, որ եթե նկարչի գործերը լավ են վաճառվում, ուրեմն նա տաղանդավոր է։ Նկարչին ներկայացնելու համար մեծ գործ պետք է անեն ցուցասրահները, քանի որ նրանք կարող են շտկել ստեղծված պատկերացումները։
– Ձեր աշխատանքները ցուցադրվե՞լ են։
– Անհատական ցուցահանդես չեմ ունեցել, միայն՝ խմբակային, հիմնականում կին նկարիչների հետ եմ ցուցադրվել։ Կարծում եմ, որ կին-նկարիչ կամ կին-գրող ասելը վատ չէ, հայկական ազգանունները կարդալով դժվար է հասկանալ՝ հեղինակը կի՞ն է, թե՞ տղամարդ։ Ընդ որում, կորեական ազգանունները նույնպես սեռը չեն հուշում։
– Ես միշտ կարծել եմ, որ ճապոնացիների կամ կորեացիների համար ժամանակը փոքր-ինչ այլ կերպ է հոսում։ Գուցե ավելի դանդաղ ու իմաստալից։ Նրանք շատ ուշ են ծերանում։
– Ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք ավելի դանդաղ են զարգանում ու հասունանում։ Մեկ-մեկ ես մտածում եմ՝ Աստված իմ, իմ ներքին ժամացույցն ասում է, որ ես հինգ տարով հետ եմ մնում իրական ժամանակից։ Արեւելքն իսկապես շատ է տարբերվում Եվրոպայից ու Հայաստանից։ Այնտեղ աշխարհընկալումն է ուրիշ, մարդիկ բոլորովին այլ սկզբունքներով են ապրում։ Կորեայում տարածված է Կոնֆուցիի ուսմունքը։ Եվ այդ ուսմունքի կենտրոնում տղամարդն է, իսկ կինն ամեն դեպքում ավելի ճնշված եւ երկրորդական է համարվում։ Կորեայում կինը միշտ հնազանդ է տղամարդուն։
– Ավելի հնազանդ է, քան հա՞յ կինը։
– Իհարկե, հայ կանանց չի կարելի կորեուհիների հետ համեմատել։ Երբ որեւէ մի աննշան հարցի շուրջ ես ու Աշոտը սկսում ենք վիճել, իմ մայրը, ով ծնվել ու մեծացել է Կորեայում, միշտ վախով ասում է ինձ. «Դու չպիտի վիճես ամուսնուդ հետ»։ Այդ հնազանդությունը նրա արյան մեջ է։ Իսկ ես իմ դաստիարակությամբ բոլորովին այլ մարդ եմ, թեեւ ներքուստ հասկանում եմ, որ եթե տղամարդն իրավացի է, իսկ նա հաճախ է իրավացի, նրա հետ վիճել հարկավոր չէ։ Դրանում է, երեւի, կնոջ իմաստնությունը։ Տղամարդիկ միշտ ամպերում են սավառնում, իսկ կանայք ավելի պրակտիկ են մտածում։
– Հայկական խոհանոցի հետ կարողացե՞լ եք հաշտվել։
– Հայկական խոհանոցն, իհարկե, ծանր է։ Դա իր բացատրությունն ունի. հայերը շատ են տեղաշարժվել, նրանց պետք են եղել այն մթերքները, որոնք երկար ժամանակ չեն փչանում եւ արագ են պատրաստվում։ Խորովածն, օրինակ, շատ արագ է պատրաստվում, իսկ լավաշն ու պանիրը շատ երկար են պահվում։ Ես նկատել եմ, որ հայերը այլ ազգերի խոհանոցները չեն ընդունում եւ ուտելիքի մեջ կոնսերվատիվ են։ Բայց ես հաճույքով եմ հայկական ճաշատեսակներ պատրաստում, դրանք շատ մեծ ժամանակ չեն խլում։
– Հայերի հետ ապրելը հե՞շտ է։
– Հայերը շատ բարյացակամ են, պատրաստ են միշտ օգնել, բացատրել այն, ինչը լավ չես հասկացել։ Ընդ որում՝ հայերն այդպես բոլորին են վերաբերվում։ Երեւանում ինձ ինչպես «ձուկը ջրում» եմ զգում, ոչ մի պրոբլեմ չունեմ։ Նույնիսկ հայերեն լեզվի չիմացությունն է այստեղ ներվում։ Վրաստանում, օրինակ, շատ ավելի բարդ էր։ Մենք մի քանի տարի ապրել ենք վրացիների հետ, ու ես շատ լավ զգացել եմ՝ թե ի՞նչ բան է նացիոնալիզմը։ Ոչ միայն հիմա, այլ՝ Սովետական, բավականին ծաղկող եւ հարուստ Վրաստանում էլ բավականին նկատելի էին հակառուսական տրամադրությունները։ Այնտեղ չէր էլ կարելի ռուսերեն խոսել։ Երբ ես հիվանդանոցում էի պառկած, բուժքույրն ինձ ասում էր. «Դու մեր երկրում ես ու պետք է ամեն ինչում համաձայնես մեր օրենքների հետ, եթե վրացերեն չես խոսում՝ մեր հիվանդանոցը մի արի»։ Այդ մոտեցումը շատ սխալ է, քանի որ ավելի շուտ ուզում ես ասել՝ չեմ սովորի ձեր վրացերենը։ Ոչ մեկին ոչինչ ստիպել չի կարելի, թե չէ ներքին բողոք է սկսվում։ Հայերը բացարձակորեն զուրկ են այդ նացիոնալիզմից, թեեւ շատ սուր ազգային արժանապատվության զգացում ունեն։
– Մեր ազգը միացնող հուշը Եղեռնն է, եւ այդ հուշը կարծես դարձել է ազգը ներկայացնելու միակ միջոցը։
– Ես հայ չեմ, եւ իմ կարծիքն արժեք ներկայացնել չի կարող։ Բայց կարծում եմ, որ ինչ-որ բաներ փոփոխելու ժամանակն է եկել, չի կարելի մի կետում մնալ։ Կարող եմ Կորեայի օրինակը բերել։ Կորեան անընդհատ կամ Չինաստանի, կամ Ճապոնիայի լծի տակ է եղել։ Կորեացիները մի քանի տարի անկախ են եղել, հետո նորից են նվաճվել, եւ այդպես` մի քանի դար շարունակ։ Այդ առումով մեր երկրների պատմությունները նման են։ Կորեացիների երեխաներին անպայման տանում են պատմության թանգարաններ, պատմում են զավթիչ, «վայրագ» ճապոնացիների մասին։ Ճապոնական կալոնիալիզմի ժամանակներից մնացած բանտը Կորեայում թանգարան են դարձրել, որտեղ ցուցադրվում են խոշտանգման սարքերը, խուցերն ու այլ շատ սարսափելի բաներ։ Իմ պապիկի հայրը կորեական ազատագրական շարժման հերոս է եղել եւ այդ բանտում է սպանվել։ Նա Կորեայի Անդրանիկն է եղել։ Եվ ճապոնացիները նրան ցուցադրաբար տանջամահ են արել եւ պարաններով խեղդել են։ Հիմա այդ բանտ-թանգարանը միշտ մարդաշատ է, մանուկ հասակից երեխաներին բերում են ու ցույց են տալիս ճապոնացիների «գազանությունները»։ Չեմ պատկերացնում՝ ի՞նչ են հասկանում մանկապարտեզի հասակի երեխաները, բայց դա կորեական դաստիարակության մի մասն է։ Նույնն էլ Հայաստանում է։ Մի կողմից` դա պահպանում է ազգի հիշողությունը, բայց մյուս կողմից էլ` հասկանում ես, որ երեխան ոչ մի բան չի ընկալի, նա դեռ ինքնուրույն մտածելու սովոր չէ։
– Իսկ ամենից շատ ի՞նչն է ձեզ զայրացնում Երեւանում։
– Ամեն ինչ դաստիարակությունից է կախված։ Տնտեսական ու սոցիալական վիճակը երկրորդական են, երբ մարդիկ դաստիարակված չեն, երբ սովոր են աղբն ուղղակի փողոցում թափել։ Ինձ շատ է զայրացնում, երբ հայերն իրենց անիծյալ աղբն ուղղակի տան շեմից դուրս են հանում ու որտեղ պատահի շպրտում։ Հետագան նրանց չի մտահոգում։ Մեր տան կողքի դալանը վերածվել է աղբանոցի, մարդիկ ա&