Որո՞նք են մաշկին սպառնացող վտանգները

17/11/2006 Վիկի ՕԴԵ

Յուրաքանչյուր ասպարեզում ձեռք բերված գիտական նվաճումները մեզ տալիս են ավելի ճիշտ կողմնորոշվելու եւ ավելի լավ արդյունքների հասնելու հնարավորություն։ Ներկա դարում մաշկի առողջապահությունը եւս մեծ ձեռքբերումների է հասել, որոնց մասին պետք է իմանալ: Առաջացել են նոր եւ գիտական հիմքերի վրա դրված մոտեցումներ, որոնց միջոցով հերքվում են բազմաթիվ հին ու մաշված կարգախոսներ։

Նույն պատճառով, մաշկի խնամքով զբաղվող մասնագետների համար եւս առաջացել է մի նոր ոլորտ` «մաշկի առողջապահության ոլորտ», որով զբաղվող մասնագետը կոչվում է «Էստետիսիան» (aesthetics, գեղագիտություն)։ Էստետիսիանը չի զբաղվում դեմքի շպարանքով կամ թերությունները ծածկելով, այլ աշխատում է վերացնել դրանք։ Նա նաեւ չի զբաղվում բժշկական միջամտություն պահանջող խնդիրներով, այլ դիմորդին փոխանցում է մաշկը ճիշտ խնամելու ձեւեր եւ նրան օգնում է ունենալ առողջ մաշկ։

Այսօր միախառնել են բուսական, բժշկական, քիմիական եւ կենսաբանական գիտությունները: Եվ նորագույն տեխնոլոգիաների միջոցով այսօր արդեն արտադրվում են մաշկի առողջապահական եւ հարդարման նոր նյութեր։

Առողջ գեղեցկության հասնելու համար հարկավոր չէ ծանր շպարով պատել դեմքը։ Այդպիսի շպարանքն իր տեղը զիջել է պարզությանը եւ առողջությանը։ Մաշկը ճիշտ խնամելու դեպքում կարող եք ունենալ բնական գեղեցկություն։

Մաշկը պետք է խնամել այնպես, ինչպես խնամում ենք մազերը, եղունգները եւ ատամները։ Դա պետք է դարձնել առօրյա կենսակերպի անբաժանելի մաս, որպեսզի արդյունքը շոշափելի լինի, եւ մաշկը դառնա ձեր առողջության հայելին։

Թարմ մաշկ ունենալու համար այն պետք է խնամել թե դրսից եւ թե ներսից։

Մաշկը ներսից խնամել, նշանակում է՝ ունենալ հավասարակշռված ուտելու դիետա։ Մաշկային որոշ ալերգիաներ եւ հիվանդություններ երբեմն անհավասարակշիռ ուտելու հետեւանք են։ Հավասարակշռված դիետան իր մեջ պարունակում է անհրաժեշտ այն սնունդը, որն արյան շրջանառության միջոցով հասնում է մաշկի բջիջներին, նպաստելով բջիջների աճի ու վերականգնման պրոցեսին։

Իսկ մաշկը դրսից խնամել, նշանակում է՝ գիտական արդի ձեռքբերումներով եւ մասնագետների խորհուրդներով ամեն օր մաշկը մաքրել, սնուցել եւ պաշտպանել։

Որո՞նք են մաշկին սպառնացող վտանգները

Ներքին վտանգներ

– Ոգելից խմիչքներ։ Խմիչքները մարմինը զրկում են B եւ C հիմնական վիտամիններից, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջության համար։ Դրանք նաեւ ջրազրկում են մարմինը եւ մաշկը։

– Կոֆեին։ Թեյը, սուրճը, կակաոն եւ որոշ ըմպելիքներ պարունակում են կոֆեին։ Այս նյութը չափավոր օգտագործելու դեպքում (օրինակ` օրական 2-3 բաժակ սուրճ կամ թեյ) վնասակար չէ, սակայն չարաշահումը մարմինը դարձնում է դյուրագրգիռ, առաջացնում է նյութափոխանակման խանգարումներ եւ արգելում է վիտամինների եւ հանքանյութերի ներծծումը: Այդպիսով՝ նաեւ բացասաբար է ազդում մաշկի վրա։

– Ծխախոտ։ Ծխելը խանգարում է առաջացնում բջջային շնչառության գործընթացում եւ դանդաղեցնում է արյան շրջանառությունը։ Խանգարվում են մաշկի բջիջներին հասանելիք սնունդն ու թթվածինը, ինչպես նաեւ արտահանվող նյութերի արտահանումը: Այս է պատճառը, որ ծխող մարդկանց մաշկը խամրում է։ Նիկոտինը նպաստում է օրգանիզմում թունավոր նյութերի առաջացմանը, որն էլ քայքայում է օրգանիզմում առկա C վիտամինը։ Այս երեւույթը խանգարում է կոլագենի արտադրմանը, որի պատճառով առաջանում են վաղաժամ կնճիռներ։

– Դեղեր։ Որոշ դեղամիջոցներ ջրազրկում են մաշկը՝ առաջացնելով «էդեմ» կամ հյուսվածքների այտուց: Որոշ դեղամիջոցեր էլ (օրինակ` հակաբեղմնավորման դեղերը) պիգմենտացիաներ կարող են առաջացնել։

– Սթրեսներ։ Հոգեկան սթրեսները դեմքի վրա արտահայտվում են միմիկաներով եւ մկանային կծկումներով։ Այդ վիճակում արյան շրջանառությունը խանգարվում եւ մաշկի սնուցումը թերի է կատարվում, որով եւ մաշկը թառամած տեսք է ստանում։ Սթրեսները նաեւ կարող են անքնություն առաջացնել, որն էլ իր հերթին ազդում է մաշկի վրա՝ աչքերի տակ սեւ շրջանակներ առաջացնելով։ Սթրեսներից մաշկի վրա նաեւ պզուկներ ու այլ հիվանդություններ կարող են առաջանալ, ինչպես՝ էկզեման եւ փսորիազը։

Արտաքին վտանգների մասին կարող եք կարդալ հաջորդ հինգշաբթի։

«Վիտակ» մաշկի խնամքի կենտրոնը

Ավելի քան երեք տարի աշխատում է Երեւանում, Պուշկինի 10/6 հասցեում։ Կենտրոնը մաշկի խնամքի ասպարեզում ունի 30 տարվա անցյալ ու փորձառություն։

«Վիտակը»` ունենալով մասնագիտական բարձր վկայականներ, աշխատում է ֆրանսիական «MARY COHR» եւ «MARIA GALLAND» մասնագիտացված ընկերությունների նյութերով եւ նույն կենտրոնների գիտական նոր մոտեցումներով։

«Վիտակում» խորհրդատվությունն անվճար է։

Այցելեք, որպեսզի մեր օգնությամբ ճանաչեք Ձեր մաշկի առանձնահատկությունները եւ այն ճիշտ խնամելու ձեւերը։

Հեռախոս՝ 56-63-59։

Մաշկի խնամքի մասին ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել նաեւ էլեկտրոնային [email protected] հասցեով: Պատասխանները կտրվեն էլ. փոստով, կամ «168 Ժամ»-ի այս սյունակում՝ առանց նշելու դիմորդի իրական անունը։