Նոյեմբերի 3-ին «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին կոչ արեց չհաստատել Հայաստանն այն երկրների ցանկում, որոնց 2007թ. հատկացումներ են արվելու՝ պատճառաբանելով ՀՀ-ում ժողովրդավարական ցուցանիշները: Նշված ցանկը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հաստատելու է նոյեմբերի 8-ին: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որը Հայաստանի կառավարության անունից ստորագրել է կորպորացիայի հետ հուշագիրը, հույս է հայտնել, որ կորպորացիան ծրագիրը չի դադարեցնի:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ նախարարն ասել է. «Իմ կարծիքով, մենք պրոբլեմ չունենք: «Freedom House»-ը երեք խումբ ցուցանիշների մի խմբի երկու ցուցանիշն է ընդամենն ուսումնասիրում: Իսկ խմբի մեջ գոնե երեք ցուցանիշ պետք է բացասական լինի… Եվ միայն «Freedom House»-ով չի գնահատվում: Այլ հասարակական կազմակերպությունների կարծիքները, ինչպես մեզ բացատրել են, նույնպես համադրվում են, հետո միայն որոշում է ընդունում «Հազարամյակի կորպորացիան»: Վ. Խաչատրյանի հավաստմամբ՝ պետբյուջեի նախագծում «Հազարամյակի մարտահրավերների» հատկացումներից 12 մլն դոլարը նախատեսված է: Հարցին, թե չհատկացվելու դեպքում արդյոք չի՞ վտանգվի բյուջեի կատարումը, նախարարը պատասխանել է. «Այդպիսի հարցեր կարող ենք տալ բոլոր տրանսֆերտների (միջազգային կազմակերպություններից) եւ վարկերի մասով: Եթե չհատկացնեն, ուրեմն չեն հատկացնի, ուրեմն որոշ ծախսեր պետք է կրճատենք»: