Բերեզովսկու հովանու ներքո՞

10/11/2006

Արթուր Բաղդասարյանն, ինչպես հայտնի է, առիթը բաց չի թողնում, որպեսզի եվրոպական հերթական երկիր կատարած հերթական երկարատեւ այցելությունից հետո չհայտարարի եվրոպական եւս մի կառույցից կամ երկրից անվերապահ աջակցություն ստանալու մասին: Հասկանալի է, մարդը վաղուց ուզում է նախագահ դառնալ, այդ իսկ պատճառով նման հիմնավոր կամ անհիմն հայտարարությունները նրա նախընտրական PR-ի բաղկացուցիչ մասն են կազմում: Պարզվում է, սակայն, որ նմանատիպ PR-ը կարող է ավելի շատ հակա-PR-ով դառնալ, եւ բավականին բարդ հետեւանքներ ունենալ նույն Արթուր Բաղդասարյանի համար:

Բոլորովին վերջերս եվրոպական իր վերջին շրջագայությունից վերադառնալուց հետո «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը հաղթական տոնով ավետեց իր` «Կասպյան եւ Կովկասյան երկրների միջազգային հանձնաժողովի» համանախագահ դառնալու մասին: Ի դեպ, Լոնդոնում հիմնված այդ հանձնաժողովի մյուս երկու համանախագահները Սլովակիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելն ու թուրք պրոֆեսոր Մուսթաֆա Այդին են: Եվ ահա պարզվում է, որ Արթուր Բաղդասարյանի այդ PR ակցիան կարող է ավելի շուտ բարդացնել նրա կյանքը, քան օգուտ տալ, քանի որ այդ հանձնաժողովի իրական կնքահայրն է համարվում ռուսաստանցի՝ այժմ միջազգային որոնման մեջ գտնվող հայտնի մեծահարուստ օլիգարխ Բորիս Բերեզովսկին: Եվ դժվար չէ պատկերացնել, թե որքանով են բարդացել այժմ ԱԺ նախկին խոսնակի գործերը պաշտոնական Մոսկվայի հետ հայտարարություններում, որի բարեհաճ վերաբերմունքն այս կամ այն նախագահի թեկնածուի հանդեպ, ինչպես հայտնի է, Հայաստանում շատ բարձր է դասվում: Այս առումով պատահական չեն ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներում Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած բավականին կոշտ, եթե չասենք՝ վիրավորական բնորոշումները: Օրինակ, հայաստանյան մամուլում արդեն բազմիցս հիշատակված` ռուսաստանյան «Պոլիտիչեսկի կլասս» ամսագրում հրապարակված ծավալուն հրապարակման հոդվածագիրն ՕԵԿ-ի ղեկավարին պարզապես «լակեյ» է անվանել, ինչպես նաեւ որոշ հետաքրքրական մանրամասներ է ներկայացրել նրա քաղաքական անցյալից: