ՀՅԴ-ում գտնում են, որ նման շտաբի ստեղծումն իմաստ կունենա, եթե դրան մասնակցեն թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր կուսակցությունները: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններից առաջ էլ Դաշնակցությունը նման առաջարկով հանդես եկավ: «Այն ժամանակ քաղաքական ուժերի մեծ մասը եկավ, մասնակցեց, բայց հետո հրաժարվեց ստորագրել»,- մեզ հետ զրույցում երեկ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորը: Նրա խոսքերով՝ եթե նման փաստաթուղթն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները չեն ստորագրում, ապա այն դառնում է ֆիկցիա, այսինքն՝ «այնպես չի, որ միայն ընդդիմությունով լինի կամ միայն իշխանությունով»: «Այն ժամանակ դա չաշխատեց: Հիմա մենք նույնն առաջարկելու ենք: Մենք հիմա վերջնական մեր առաջարկի փաթեթը կձեւավորենք եւ կներկայացնենք բոլոր քաղաքական ուժերին՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական»,- ավելացրեց պրն Սեյրանյանը: Սակայն մի՞թե ընտրություններն առանց կեղծիքների, օրինական անցկացնելու համար պատասխանատու չեն իշխանությունները: Եվ եթե իշխանության մի հատվածն առաջարկում է ընտրական գործընթացը վերահսկելու համար միասնական շտաբ ստեղծել, ումի՞ց կամ ինչի՞ց են վերահսկելու, իշխանության մյո՞ւս մասից: Մեր այս դիտարկմանը Ս. Սեյրանյանը պատասխանեց. «Ընտրությունների օրինականության համար պատասխանատու են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին: Պատասխանատու են քաղաքական այն ուժերը, որոնք ընտրական հանձնաժողովներում մարդ ունեն, որոնք իրենց դիտորդներին ու ներկայացուցիչներին ուղարկելու են ընտրությունների գործընթացին»: Սակայն ո՞ր ուժն է դիտարկվում որպես հնարավոր ընտրակեղծարար, ո՞ւմ հնարավոր խախտումները կանխելու համար է իշխանության մի հատվածն առաջարկում ստեղծել այդ շտաբը: «Օրինակ` ձեր, եթե ուզում եք 10 հատ լցոնել իմ օգտին»,- պատասխանեց Ս. Սեյրանյանը: Իսկ քաղաքական դաշտում ՀՅԴ-ի վերոնշյալ առաջարկ-մտադրությունը կարծեք թե այնքան էլ չի ողջունվում: Օրինակ՝ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նշում է, որ իրենք ավելի լուրջ կմոտենան Դաշնակցության այդ առաջարկին, եթե վերոնշյալ շտաբի ստեղծման առաջարկին նախորդի հայտարարություն այն մասին, որ 2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծող, իշխանական թեւը ներկայացնող հանձնաժողովների անդամներից ոչ մեկը «չի ընդգրկվի 2007-ի խորհրդարանական ընտրություններին»: «Եթե նման հայտարարությամբ հանդես գան, դա կստեղծի քաղաքական նոր իրավիճակ, որը կհուշի մեզ արդեն քաղաքական նոր մոտեցումներ»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Գեղամյանը: Իսկ Հայաստանի ժողովրդական կուսակցությունում էլ գտնում են, որ պետք է անել կոնկրետ քայլեր, ոչ թե միայն կոչեր կամ հուշագրեր ստորագրել: Ըստ ՀԺԿ ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանի, այդ քայլերից մեկը կարող է լինել այն, որ նախորդ ընտրությունների ընտրակեղծարարները պատժվեն: Տիկին Խաչատրյանի խոսքերով՝ «այդպիսի կոչեր անում են հիմնականում այն կուսակցությունները, որոնք մասնակցել են այդ ընտրակեղծիքներին»: Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ եթե հիմա ՀՅԴ-ի կողմից ՀԺԿ-ին միասնական շտաբով ընտրությունների օրինականությունը վերահսկելու պաշտոնական առաջարկ արվի, ապա պատասխանը բացասական կլինի: «Ես չեմ կարող նման բան ասել, որովհետեւ չի եղել այդպիսի դիմում, եւ քննարկում էլ չի եղել»,- նշեց Ռ. Խաչատրյանը: Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը հաստատ չի միանալու ՀՅԴ-ի վերոնշյալ մտադրություն-առաջարկին, որովհետեւ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, ամեն անգամ ընտրություններից առաջ ՀՅԴ-ն նման ինչ-որ նախաձեռնությամբ հանդես է գալիս, սակայն ընտրությունները վերջանում են, բոլորը սկսում են ապացուցել, որ դրանք խեղված են, խախտումներ կան, ամբողջությամբ ոչ լեգիտիմ են, իսկ «իրենք լուռ լսում են»: ՆԺԿ ղեկավարը չի հավատում ՀՅԴ-ի անկեղծությանը: «Դա դառնում է ֆիկցիա, ինչ-որ տեղ նույնիսկ խաղ է դառնում,- նշեց Ա. Կարապետյանը՝ հավելելով,- Եթե կգա այն ժամանակը, եւ մենք կտեսնենք, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն արտահերթ չեն, այդ դեպքում մենք էլ մեր առաջարկները կանենք, որոնք ավելի ռեալ կլինեն: Թող իրենք էլ մեր առաջարկներին սպասեն»: Ա. Կարապետյանի գնահատմամբ՝ «դա հրեշավոր մի հայտարարություն է դառնում»: «Իշխանության յուրաքանչյուր ներկայացուցչի կողմից դա հրեշավոր մի հայտարարություն է: Ասում են՝ տղաներ, եկեք հավաքվենք, միասին փաստենք, որ խախտելու ենք: Նրանք հիմա, ըստ էության, դա են ասում: Դա ցինիզմ է. տղաներ, հավաքվենք, թույլ չտանք, բայց վերջիվերջո խախտվելու են, մենք էլ (առաջարկի հեղինակները-Ռ.Թ.) դա ընդունելու ենք: Հանրաքվեն Դաշնակցությունը չառաջարկե՞ց»,- նշեց Ա. Կարապետյանը: ՀՅԴ-ի առաջարկը չի ողջունում նաեւ նրա կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Վերջինս, ընդգծելով, որ ինքն իր անձնական տեսակետն է ներկայացնում, քանզի ՀՀԿ կանոնադրության համաձայն` այդ կուսակցության պաշտոնական տեսակետը ներկայացնում են միան կուսակցության ղեկավարները, նշեց, թե, իհարկե, քաղաքացիական վերահսկողությունն ընտրությունների նկատմամբ պետք է իրականացվի: Ըստ Ա. Աշոտյանի, դա կարող են իրականացնել հայաստանյան եւ միջազգային դիտորդ կազմակերպությունները, վստահված անձինք: «Եվ կարծում եմ, որ միասնական շտաբն այս պարագայում անելիք չունի, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն իր ներսում կարող է այդ խնդիրները քննարկել եւ բարձրաձայնել, եւ հասարակական կազմակերպություններն էլ դիտորդական առաքելությամբ կարող են այդ խնդրի մասին բարձրաձայնել, եթե որեւէ խոչընդոտներ լինեն, եւ, բնականաբար, լրատվամիջոցներն էլ այստեղ իրենց աշխատանքով անմասն չեն մնա: Եվ, վերջիվերջո, կան պետական մարմիններ, որոնք իրավասու են այդ խնդիրներով գործընթաց հարուցել, եթե նման նյութեր լինեն»,- գտնում է ԱԺ պատգամավորը: Վերջինս նաեւ կարծիք հայտնեց, թե նաեւ կան օրենսդրորեն սահմանված բոլոր հնարավոր տարբերակները՝ վերահսկելու ընտրությունների հիրավի արդար եւ ազատ ընթացքը: Հասկանալի է, որ ընտրությունները կեղծելու իրական լծակներ ունեցողն իշխանությունն է: Եվ եթե նրա մի հատվածը հայտարարում է, թե` եկեք միասին հսկենք, որ ընտրությունները չկեղծվեն, ստացվում է, որ ըստ իշխանության այդ հատվածի, իշխանության մյուս հատվածը, տվյալ դեպքում` ՀՀԿ-ն է լինելու հնարավոր կեղծողը: Ա. Աշոտյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում ամենաշահագրգռվածներից մեկն է, քանի որ փաստացի (դա, ըստ պատգամավորի, ընդունում են անգամ ՀՀԿ-ի ամենածայրահեղ ընդդիմախոսները) ունի ընտրական բոլոր մեխանիզմները՝ ազատ, արդար ընտրությունների արդյունքում ստանալ իր ցանկալի քվեն: «Քաղաքական մշակույթը քաղաքական մշակույթ է մնում ոչ միայն կոալիցիոն համագործակցության շրջանակներում, այլեւ նախընտրական տարվա տրամաբանության մեջ, եւ բոլոր կուսակցությունները պոտենցիալ հակառակորդներ են զմիմյանս նախընտրական գործընթացներում: Ես ցավագին չեմ ընկալում եւ ոչ մի նախաձեռնություն այս դաշտում՝ անկախ այն բանից՝ դա քարոզչակա՞ն է, իրական մտահոգությո՞ւն է, մեջքից հարվածելու փո՞րձ է, թե՞ ազնիվ խաղ է»,- ասում է Ա. Աշոտյանը: Նրա կարծիքով` այդ շտաբի ստեղծումը նպատակահարմար չէ, որովհետեւ բոլորը կմիավորվեն այդ շտաբում: «Եվ այդ դեպքում ումի՞ց ենք վերահսկելու: Այսինքն՝ այստեղ կա այդ գաղափարի քարոզչական միտումը,- գտնում է ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով,-Բնական է, որ նախընտրական տարին թելադրում է նախընտրական քայլեր՝ անգամ մեր կոալիցիոն գործընկերների կողմից»: