«ԱրմենՏելը» կդառնա «Բիլայն»

10/11/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Մի քանի ամիս շարունակ հայաստանյան լրատվամիջոցները փորձում էին կռահել, թե ով է լինելու ՀՀ-ում հերթական խոշոր ներդրողը: Ո՞վ է գնելու ՀՀ բջջային հեռախոսակապի 40%-ը եւ ամբողջ ֆիքսված հեռախոսակապը ներկայացնող ընկերության` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90%-ը:

Նոյեմբերի 3-ին «հանելուկը» լուծվեց. հունական «OTE» ընկերությունը հաղթող ճանաչեց ՌԴ-ում իր հասույթի մեծությամբ երկրորդ բջջային օպերատորին` «ՎիմպելԿոմին» («Բիլայն»): Այս գործարքը հետաքրքիր զուգադիպությամբ հաջորդեց հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ՌԴ եւ ՀՀ նախագահների առանձնազրույցին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ամոթալի» էր համարել այն փաստը, որ իր «ռազմավարական գործընկերոջ տնտեսության մեջ» ներդրումների գծով Ռուսաստանը զբաղեցնում է ոչ թե առաջին, այլ երրորդ տեղը: Այժմ ՀՀ իշխանություններն այլեւս «կարմրելու» առիթ չունեն. առաջին պատվավոր հորիզոնականը, կարծես թե, ապահովվում է Ռուսաստանի համար: Ճիշտ է, երբ նոյեմբերի 3-ին «ՎիմպելԿոմն» իր կայքում տեղադրել էր «ԱրմենՏելի» գնման մասին հաղորդագրությունն, ընկերությունը նշել էր, որ ՀՀ կառավարությունը դեռ պետք է հաստատի այս գործարքը: Իսկ մեր կառավարությունը ձգձգելու առիթ չունի:

Երեկ ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար, Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմը դեռ պետք է ծանոթանա գործարքի պայմաններին եւ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի վաճառքի գնին: Մեկնաբանելով ՀՀ ստրատեգիական նշանակության ընկերությունները ռուսաստանյան ձեռնարկություններին վաճառելու վտանգի մասին շրջանառվող կարծիքները` Ս. Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ռազմավարական օբյեկտներում ռուսական կապիտալի աճը վտանգավոր չէ, քանզի ՌԴ-ն երբեք չի չարաշահել իր տնտեսական լծակները: «Մի օրինակ բերեք, երբ Հայաստանում եղած ռուսական կապիտալը քաղաքական ճնշման է ենթարկել մեզ: Եվ ի՞նչ եք կարծում, «ԱրմենՏելի» դեպքում ո՞րն է Հայաստանի համար շահավետ` արաբակա՞ն, թե՞ ռուսական ընկերությունը: Ախր ինչո՞ւ եք գնում այդ սադրանքներին, ինչո՞ւ եք գնում այն մարդկանց ասածներին, ովքեր չեն հասկանում, թե ինչ է տնտեսությունը, չեն հասկանում` Հայաստանի համար ինչ են ներդրումները»,- ասել է նախարարը:

Երեկ «ԱրմենՏելի» գործարքի վերաբերյալ իր ուրախությունն է արտահայտել նաեւ ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: «ՎիմպելԿոմը» մենեջմենթի ժամանակակից սկզբունքներ ներդնող լուրջ ընկերություն է, որին մաղթում եմ հաջողություններ հայկական շուկայում»,- ասել է Ա. Դարբինյանը: Նա նշել է, որ 1998թ., երբ վաճառքի էին հանվում «ԱրմենՏելի» բաժնետոմսերն, ինքը շատ ափսոսել է, որ ոչ մի ռուսական ընկերություն հավանական գնորդի թվում չի եղել: «Ես ողջունում եմ այս գործարքը եւ շատ ուրախ եմ, որ վերջապես հենց ռուսական ընկերություն դարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորի սեփականատերը»,- նշել է նախկին վարչապետը:

Մինչ Հայաստանում մտածում են մինչեւ տարեվերջ «ԱրմենՏելի» գործարքը հաստատելու մասին, ռուսական լրատվամիջոցները յուրովի են անդրադառնում այս խոշոր ներդրմանը: Ռուսաստանյան առաջատար գործարար թերթերից մեկի ինտերնետային նախագիծը` «Էքսպերտ Online»-ը «Վեցերորդ գիծը «Բիլայնի» դրոշի վրա» խորագրով հրապարակման մեջ նշում է, որ Ղազախստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից հետո Հայաստանն ԱՊՀ 6-րդ երկիրն է, ուր «Բիլայնը» ներդրում է կատարում: «Հայաստան մուտք գործելը «ՎիմպելԿոմի» համար բավական թանկ արժեցավ. «ԱրմենՏելի» յուրաքանչյուր բաժանորդի համար ընկերությունը վճարել է 440 դոլար եւ ավելի քան 1100 դոլար, եթե հաշվենք միայն բջջային կապի օգտագործողներին»,- գրում է կայքը: Նկատենք, որ ռուսական լրատվամիջոցները դեռ վաղուց էին դժգոհում «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնից, այն ժամանակվանից ի վեր, երբ հայկական օպերատորի մյուս երկու հավակնորդները` արաբական եւ հնդկական կոնսորցիումները հունական կողմին ավելի շատ գումար էին առաջարկում, քան ռուսական «Սիստեման» եւ «ՎիմպելԿոմը»:

«Էքսպերտ Online»-ի փոխանցմամբ` «ՎիմպելԿոմի» ԶԼՄ-ների հետ աշխատանքների բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Պրոխորովան ասել է, որ «ԱրմենՏելի» երկու բիզնեսներն էլ` եւ՛ ֆիքսված, եւ՛ բջջային հեռախոսակապերն իրենց ընկերությանը հետաքրքրում են: Պրոխորովայի խոսքերով, «ՎիմպելԿոմը» Հայաստանի ֆիքսված հեռախոսակապը չի վաճառի, քանզի «Բիլայնի» համար ՀՀ-ն կարող է կատարյալ հարթակ դառնալ՝ համամետ (ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ծառայությունները ներառող) ծառայությունների վերամշակման եւ տեստավորման համար: «Մնացած մասով, «ՎիմպելԿոմի» թարմ գործարքն այդքան էլ շատ առավելություններ չունի: Պաշտոնապես ՀՀ բնակչությունը մոտ 3,2 մլն է, որի մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ, Թուրքիա եւ Ուկրաինա: Գնողունակության պարիտետով հաշվարկված 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի` 4-4,5 հազար դոլարի ցուցանիշով Հայաստանն աշխարհում 114-116 տեղում է»,- գրում է կայքը` նշելով, որ թեեւ ՀՀ տնտեսության աճի տեմպը գերազանցում է 10%-ն, այնուամենայնիվ, բնակչության 40%-ից ավելին գտնվում է աղքատության սահմանից ներքեւ: «Բացի այդ, երկրում բջջային կապի ներթափանցումն արդեն գերազանցում է 30%-ն, ինչը թույլ չի տալիս ապագայում եկամուտների մեծ աճ ակնկալել: «IKS-Consulting»-ի տվյալներով, 2006թ. առաջին կիսամյակում ՀՀ բջջային շուկան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 11%-ով»,- գրում է «Էքսպերտ Online»-ը: Իսկ «IKS-Consulting»-ի ավագ խորհրդատու Մարգարիտա Զոբնինայի կարծիքով, «ՎիմպելԿոմը» կարող է դժվարությունների հանդիպել «ծանրաշարժ» մոնոպոլիստ «ԱրմենՏելին» «Բիլայնի» ավելի դինամիկ կառուցվածքում ինտեգրելու գործում: Խորհրդատուն նշել է նաեւ, որ ամեն դեպքում Հայաստանում ռուսական բիզնեսի նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի լավն է, քան Վրաստանում, որտեղ «ՎիմպելԿոմն» այժմ ցանց է կառուցում:

Հետաքրքիր է, եթե «ՎիմպելԿոմն» արդեն սկսել է թերագնահատել ու բողոքել ընդամենը 3 օր առաջ իր իսկ կողմից կնքված գործարքից, ապա էլ ինչո՞ւ էր գնում «ԱրմենՏելը»: «Ամեն դեպքում նոր շուկա դուրս գալը դրական նշան է «ՎիմպելԿոմի» եւ նրա բրենդի համար»,- գրում է «Էքսպերտ Online»-ը` նշելով, որ գործարքի հաստատումից հետո «ԱրմենՏելն» անպայման կանցնի նոր բրենդի` «Բիլայնի»: