Հայաստանում գյուղատնտեսական մթերքի վերամշակումը, թերեւս, ավելի զարգացած է, քան դրա արտադրությունը: Մենք առաջիկայում այս թեմային ավելի խորությամբ կանդրադառնանք եւ պատճառները կներկայացնենք: Իսկ այս անգամ անդրադառնանք գյուղմթերքի վերամշակման շատ հետաքրքիր ու «համով» ճյուղերից մեկի՝ չրի արտադրությանը:
Չրի արտադրությունն, ի տարբերություն ոլորտի մյուս ճյուղերի՝ պահածոների արտադրության, պանրագործության, գինեգործության, մսամթերքի վերամշակման, ավելի թույլ է զարգացած: Ավելի ճիշտ՝ մյուս ճյուղերի համեմատ այս ոլորտում արտադրողներն ու արտադրության ծավալներն են քիչ: Որակական առումով զարգացածությունը գրեթե չի զիջում մյուս ոլորտներին: Հայաստանում չկան չիր արտադրող այնքան ընկերություններ, որքան, օրինակ, մուրաբա պատրաստող կամ պանիր ու պաղպաղակ արտադրող գործարաններ: Թեպետ կան գյուղացիական որոշ տնտեսություններ, որոնք տնային պայմաններում չիր են պատրաստում եւ վաճառում տեղական մանրածախ շուկայում, սակայն դա ոլորտում մեծ քանակ ու որակ չի կազմում: Ներքին շուկայում վաճառվում է նաեւ դրսից ներկրված չիրը: Իսկ որպես արտադրություն կամ պրոֆեսիոնալ արտադրություն` Հայաստանում չիր պատրաստում են ընդամենը մի քանի ընկերություններ: Օրինակ՝ Արմավիրի մարզում «Նոր այգի» ընկերությունը: Իսկ ամենամեծը «Չիր» ընկերությունն է, որն այս տարի արտադրել է 25 տոննա մրգի ու բանջարեղենի չիր, որից 17 տոննան արտահանել է: Չիր արտադրողները հավաստիացնում են, որ արտասահմանում, ճիշտ այնպես, ինչպես հարգի է ու բարձր է գնահատվում հայկական միրգը, այդ նույն տրամաբանությամբ էլ առավել որակյալ է համարվում Հայաստանում արտադրված չիրը: Թեպետ Հայաստանից արտահանվածն ավելի թանկ արժե, քան, ասենք, Թուրքիայի չիրը: Ըստ «Չիր» ընկերության տնօրեն Տիգրան Ծատուրյանի՝ չրի որոշ տեսակների առումով իրենք նույնիսկ մրցակցության խնդիր չեն ունենում: «Մեր արտադրանքն իր համային ու որակային հատկանիշներով ավելի բարձր է, քան մյուս երկրների, թեկուզ` հենց Թուրքիայի արտադրանքը,- ասում է Տ. Ծատուրյանը: -Դա նրանից է, որ Հայաստանի միրգն է համային ու որակային առումով ավելի բարձր: Արտասահմանյան մեր սպառողն այդ մասին արդեն գիտի, դրա համար էլ գերադասում է հայկական թանկ չիրը, քան թուրքական էժանը: Բացի այդ, որոշ արտադրատեսակներ տեխնոլոգիական առումով տարբերվում են թուրքականից: Օրինակ, պոմիդորի չիրը նրանք աղի են պատրաստում, մենք՝ ոչ: Դրա համար էլ մենք այս արտադրատեսակի մասով Թուրքիայի ու մյուս երկրների հետ մրցելու խնդիր չունենք: Իսկ համեմատությունը ես միշտ Թուրքիայի հետ եմ անում, որովհետեւ չրի արտադրության գերակշիռ մասն այդ երկրին է պատկանում»:
Չրի արտադրության համաշխարհային ծավալների 91 տոկոսը պատկանում է Թուրքիային: Բացի Թուրքիայից, չիր արտադրող ու արտահանող երկրներ են համարվում Հունաստանը, Իսպանիան, Բուլղարիան: Հայաստանն այս շուկայում քանակային առումով թեպետ մեծ տեղ չի գրավում, բայց արտադրողներն ասում են, որ իրենք իրենց կայուն շուկան ունեն եւ, ի հաշիվ մյուս երկրների՝ կարող են ավելի լայն գործունեություն ծավալել, եթե կարողանան ավելի շատ միրգ ու բանջարեղեն մթերել: Իսկ Հայաստանում արտադրվող միրգն ու բանջարեղենն արդեն չի բավականացնում ոչ միայն արտասահմանցիներին, այլ նույնիսկ Հայաստանի բնակիչներին: Վերամշակող բոլոր տիպի գործարանների ղեկավարներն էլ խոստովանում են, որ որոշ տեսակների, հատկապես` ծիրանի դեպքում հումքն արդեն չի բավականացնում: Թարմ միրգ արտահանողները բերքահավաքի հենց սկզբից սկսում են մթերել եւ արտահանել: Ընդ որում, արտահանվում է ամենաորակյալ մասը: Ավելին, արտահանողները որոշ այգետերերի ծիրանի բերքը գնում են դեռ վաղ գարնանից, ճիշտ այն ժամանակ, երբ պտուղը նոր-նոր բողբոջի չափ է լինում: Այդպես են անում, որպեսզի իրենց անհրաժեշտ քանակությունը կարողանան նախապես ապահովել: Հաջորդ փուլում սկսվում է վերամշակող գործարանների մթերումը, այդ թվում՝ նաեւ չիր արտադրողների կողմից: Վերամշակման համար մթերվածն իր որակով զիջում է արտահանվածին: Այս փուլում չիր պատրաստողները մթերման առումով արդեն մրցակցության մեջ են մտնում պահածո արտադրողների հետ:
Գյուղմթերք վերամշակող բոլոր ընկերություններն իրենց արտադրանքի մի մասն արտահանում են: Չրի դեպքում արտահանվում է դրա մեծ մասը: Ընդ որում, արտահանվում է հիմնականում դեպի եվրոպական երկրներ: Ինչպես Հայաստանի բոլոր արտահանողները, մեծ խնդիրներ ունեն նաեւ չիր արտադրողները: Հայտնի է, որ արտահանման համար բարդ ու թանկարժեք են հատկապես մեր ունեցած ճանապարհային միջոցները: «Եթե 1 մեքենա բեռը եվրոպական երկրներ հասցնելու համար Թուրքիայի արտահանողը ծախսում է 1200-1500 դոլար, ապա մենք ծախսում ենք մոտ 6000 դոլար,- ասում է Տ. Ծատուրյանը: -Պարզ է, որ դա անդրադառնում է գնի վրա եւ բարդացնում է մեր գործը: Թուրքիան իր չիրը Եվրոպայում վաճառում է 1 կիլոգրամը 2,3 դոլարով: Մեզ վրա 1 կգ-ի ինքնարժեքն այստեղ 3,2 դոլար է կազմում: Արտահանելիս էլ, բնականաբար, ավելանում են տրանսպորտային ծախսերը»:
Բացի այդ, չիր արտադրողների վրա էլ է իր բացասական ազդեցությունը թողել դոլարի արժեզրկումը: Չէ՞ որ նրանք դրսում իրենց արտադրանքը դոլարով են վաճառում, իսկ այստեղ հումքը եւ աշխատուժը գնում են դրամով: Չիր արտադրողները դժգոհում են, որ Հայաստանում ոչ մի պետական ու մասնավոր կառույց չի խթանում բոլոր տիպի, այդ թվում նաեւ` չրի արտադրության զարգացումը: Օրինակ, «Նոր այգի» ընկերության տնօրեն Վալենտինա Կարապետյանն ուզում է, որ սկզբնական փուլում գոնե կարողանան ցածր տոկոսներով վարկեր ձեռք բերել, արտադրություն զարգացնել: Մասնավոր բանկերը առեւտրային վարկերը շատ բարձր՝ 16-18 տոկոսով են տալիս: Այդպես արտադրություն հիմնել չի լինի: Արտադրությունն առեւտուր չէ, այստեղ ներդրած գումարը ետ բերելու համար տարիներ են պետք: Իսկ այդ տարիների ընթացքում բարձր տոկոս վճարելն արդեն ի սկզբանե կործանարար կլինի այդ արտադրողի համար: «Իսկ ահա Թուրքիայի կառավարությունը խթանում է իր երկրում չրի արտադրությունն ու արտահանումը,- ասում է «Չիր» ընկերության մենեջեր Հովհաննես Առուստամյանը: -Նրանց կառավարությունն արտադրողներից չիրը գնում է, կամ նախօրոք պատվիրում է արտադրել, հետո ինքն էլ արտահանում է: Այդ ձեւով Թուրքիան ոչ միայն խթանում է իր երկրում չրի արտադրությունն, այլեւ համաշխարհային շրջանառությունն է իր ձեռքում պահում»: Իսկ այս ոլորտում մեր արտադրողների ու արտահանողների միակ մխիթարանքն այն է, որ գոնե Հայաստանում աճած միրգն ու բանջարեղենն ուրիշ համ ու հոտ ունեն: Կամ՝ որ արտասահմանում այնքան հայրենակիցներ ունենք, որոնք պատրաստ են վճարել հայրենիքից եկած ծիրանի թեկուզ հոտի համար: Միայն թե ճանապարհներ ունենայինք, կամ գոնե դոլարի կուրսն այսքան չընկներ: