Ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի բնակչությունը դեղորայքի գնումների ժամանակ մոտ 70% դեպքերում ուղղորդվում է հարեւանների եւ բարեկամների խորհրդով: Ընդամենը 15%-ն է, որ դեղորայքը գնում է բժիշկների նշանակումով, իսկ մնացած 15%-ը` գովազդի կամ այլ գովազդային ակցիաների շնորհիվ:
Մասնագետների կարծիքով, դա բացատրվում է նրանով, որ առանց բժշկի նշանակման դեղերը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ սպառում ունեն (օրինակ, անալգինը, ասպիրինը եւ այլն), քան դեղատոմսով դեղորայքի սպառումը: Այդ դեղամիջոցների անունները թեպետ քիչ են, բայց կազմում են ընդհանուր շուկայի 60-70 %-ը: Ինչ վերաբերում է դեղերի գովազդին, ապա ամբողջ աշխարհում այս ասպարեզում կան որոշակի սահմանափակումներ, օրինակ` Կուբայում դրանք խստիվ արգելված են: Որոշ տվյալներով, քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է դեղորայք գովազդելու պրակտիկայից: 1996-ին ընդունված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում 2006թ. կեսերին տեղի ունեցած փոփոխությունների համաձայն, ՀՀ-ում արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում: Արգելվում է նաեւ դեղերի գովազդն արտաքին գովազդային վահանակների միջոցով: Առողջապահության նախարարության (ԱՆ) Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Վարդան Դավեյանը, օրինակ, դեմ է հեռուստատեսությամբ եւ զանգվածային միջոցներով դեղերը գովազդելուն: «Պետք է աշխատանք տանել, որ բնակչությունը դրանց ազդեցության տակ չընկնի, որովհետեւ իրականում չի կարելի գովազդել դեղերը: Բնակչությունը չպետք է տրվի գովազդային դեղերին: Ինքնաբուժությամբ զբաղվելն ինքն իրեն վնասել է նշանակում: Դեղերին շատ զգույշ պետք է մոտենալ, քանի որ անմեղ բաներ գոյություն չունեն»,- կարծում է Վ. Դավեյանը: Սակայն ազգաբնակչության հետ նման բացատրական աշխատանքներ տանելու համար այսօր մեզ մոտ չկան ինստիտուտներ եւ համապատասխան մեթոդներ: «Գովազդվող դեղորայքի պատճառով վնասի համար ոչ ոք պատասխանատվություն կրել չի կարող, որովհետեւ անգամ խստացված օրենքի դեպքում հայտնի չեն այն մարդիկ, ովքեր կարող են վերահսկել դաշտը, հայտնի չեն վերահսկման մեխանիզմները»,- ասում է «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ «Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը» հաղորդման (այս հաղորդման ժամանակ հեռուստադիտողն առիթ է ունենում ծանոթանալու նոր դեղամիջոցների) հեղինակ բժիշկ Դավիթ Պետրոսյանի կարծիքով, այսօր ՀՀ ԱՆ-ն պատրաստ չէ նույնիսկ գովազդվող դեղամիջոցի փորձաքննությանը: «Դրա համար քիչ են դեղագործ-դեղագետները, անհրաժեշտ են դեղաբաններ: Ես ընդհանրապես չեմ հավատում, որ մեզ մոտ նման օրենքը կարող է իրականություն դառնալ, քանի որ այն շրջանցելը շատ հեշտ է. վերադաս հսկող մարմիններ չկան: Ես, օրենքները լավ իմանալով, արդեն երկար ժամանակ է` ձեռնպահ եմ մնում տեսահոլովակների ձեւով դեղերի գովազդից: Մենք հրավիրում ենք մասնագետի, բժշկի եւ իբրեւ նոր մոտեցում` ներկայացնում ենք նոր դեղամիջոցը: Անշուշտ, դեղը պետք է նշանակի բժիշկը: Երբ որ օրենսդրական դաշտը կայունանա, հնարավոր` է նման եղանակով գովազդներ չլինեն»,- հավաստիացնում է Դ. Պետրոսյանը: Ըստ Ա. Մարտիրոսյանի, օրենքները խստացնելու փոխարեն ավելի լավ է սահմանները վերահսկել, որովհետեւ ներկայումս Հայաստանում առկա կեղծ դեղամիջոցները եւ հավելանյութերը հիմնականում ներմուծվում են: «1930-ական թթ. ստեղծված դեղերն ավելի թույլ են, քան այսօրվա ստեղծված դեղերը: Չէ՞ որ կատարելագործված ապրանքը պետք է հանել շուկա: Հին բրենդը մարդիկ հիշում են, իսկ եթե արգելես նորի գովազդը, ապա նորը ուղղակիորեն կմեռնի, իսկ այդ նորը` իր ավելի քիչ կողմնակի ազդեցություններով, շատ կարեւոր է, որ սպառողին հասանելի լինի: Ո՞վ ասաց, որ չի կարելի: Ասենք Ռուսաստանը խստացրեց իր օրենքը, մենք էլ պիտի խստացնե՞նք, բայց դա ուղղված էր տեղի հզոր արտադրողներին: Այսօր, առանց այդ էլ, մեր ներքին արտադրողին շատ դժվար է աշխատել բլոկադային Հայաստանում: Այս օրենքները չեն աշխատում, որովհետեւ ոստիկանական մեթոդով են ստեղծված, իսկ բոլոր ոստիկանական օրենքները ժամանակավոր բնույթ են կրում: Բարեբախտաբար, մեզ մոտ գովազդային դաշտը վերահսկող առանձին մարմին չկա: Ճիշտ է, որ դաշտը օրենքներով եւ կառավարության որոշումներով է կարգավորվում, ինչը թույլ է տալիս կոռուպցիոն ռիսկերի նվազումը: Մյուս կողմից, օրենքները հրամցնելիս կամ փոփոխություններ մտցնելիս, պետք է հաշվի առնել հասարակական կազմակերպությունների կարծիքը: Ամեն մի խելոք կարող է օգտվել խորհրդատուի ծառայությունից»,- ավելացնում է Ա. Մարտիրոսյանը: Նրա տեղեկացմամբ, ներկայումս դեղագործական կազմակերպություններին հայտնի են նոր դեղեր, բայց դրանք դուրս չեն գալիս շուկա, «սեյֆերում» են պահվում, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միլիարդավոր դոլարներ է հատկացնում այլ դեղամիջոցների սպառման համար: Ըստ Ա. Մարտիրոսյանի, օրինակ, միայն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի բուժման համար տարեկան 5 մլրդ դոլար է ծախսվում, այդ պատճառով էլ արգելում են մեր «Արմենիկումի» մուտքը համաշխարհային շուկա: