Արման Բաբաջանյանը դիմել է Սերժ Սարգսյանին

10/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային հորդորել է Հայաստանին օգնություն չտրամադրել՝ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառաբանությամբ:

Երեկ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Ռոբերտ Գրիգորյանի համատեղ հրավիրած ասուլիսում 4 ամիս նախնական կալանքի տակ գտնվող «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի քրգործի վարույթը նույնպես կապվեց «Freedom House»-ի վերոնշյալ դիրքորոշման հետ: «Ոչ միայն կապ ունի, այլ «Freedom House»-ը հայտարարել է, որ Հայաստանը դեմոկրատական ուղուց ետ է մնում, այդ պատճառով էլ նրանք ցանկանում են դրամական միջոցներով ազդեցություն գործել: Մարտահրավերների ծրագրի միջոցների չտրամադրելը հատկապես պայմանավորված է պետական իշխանությունների կողմից լրատվամիջոցների եւ լրագրողների վրա ազդեցություն ունենալով»,- ասաց Զ. Փոստանջյանը: Հիշեցնենք, որ փաստաթղթեր կեղծելու եւ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արման Բաբաջանյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման: Այսօր Վերաքննիչ դատարանում, փաստաբան Ռոբերտ Գրիգորյանից բացի, Ա. Բաբաջանյանի շահերը կպաշտպանեն նաեւ փաստաբաններ Հայկ Ալումյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Այսօր ժամը 12-00-ին տեղի կունենա դատական առաջին նիստը: Փաստաբանները տեղեկացրեցին, որ Ա. Բաբաջանյանը դիմում է ներկայացրել Շենգավիթի զինկոմիսարիատ, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի այն օրենքը, որով խուսափած, կամ ինչ-ինչ պատճառներով զինծառայություն չանցած ժամկետային զինծառայողին թույլ է տրվում մուծել համապատասխան գումար եւ օրինական կարգով ստանալ իր զինապարտության գրքույկը, իսկ եթե կա քրեական հետապնդում, ապա նաեւ դադարեցնել քրեական հետապնդումը: Ի դեպ, Ա. Բաբաջանյանը 2 օր առաջ դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իր նկատմամբ կիրառել այդ օրենքի դրույթները: Փաստաբանների տեղեկացմամբ՝ 27 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր 1992-2005թթ. խուսափել են զինծառայությունից, իրավունք ունեն օգտվել այդ օրենքից: Ըստ օրենքի, գումարը մուծած եւ անդորրագիր ստացած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է օրենքի՝ իրադրության փոփոխության կապակցությամբ դրույթով: Փաստաբան Ռ. Գրիգորյանը նաեւ նշեց. «Առաջին անգամ հանցանք կատարած անձը, որը նախաքննության ընթացքում անկեղծորեն զղջացել, խոստովանել է կատարած արարքը, մարդ, որը ստեղծել է լրատվամիջոց եւ հասարակության կարիքները բավարարող սկզբունք է որդեգրել, արտահայտում է հասարակության որոշակի խմբի կարծիքը, ապա նման մարդուն Դատախազության կողմից առավելագույնի մոտ պատիժ միջնորդելը… Բաբաջանյանն այն մարդը չէր, որին պետք է ուղղել, վերադաստիարակել եւ հասարակությունից մեկուսացնել»: Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ Ա. Բաբաջանյանի գործը շարքային քրեական գործ չէր, եւ իր համար զարմանալի է, որ 327 հոդվածով (Զինվորական ծառայությունից խուսափելը) մեղադրվող անձի նկատմամբ կատարվեց այն քննությունը, որը տվյալ դեպքում մենք տեսանք: «Այս կարգի քննությունը սովորաբար կատարում են տվյալ տարածքի, համայնքի, մարզի դատախազության քննիչները, այնինչ քննությունը կատարվել է ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում, եւ գործը քննել է կարեւորագույն գործերով քննիչը: Սա արդեն նշանակում է, որ իշխանությունները սա չեն համարել շարքային քրեական գործ: Բացի այդ, տվյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ դատարանները պարտավոր էին կիրառել գրավ եւ գրավով ազատել կալանքից, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս է մի քանի դրույթ, որոնց առկայության դեպքում միայն դա չպիտի կիրառվի, մինչդեռ տվյալ տեսակի հանցագործությունների պարագայում պետք է կիրառվեր գրավ»,- տեղեկացրեց Հ. Ալումյանը՝ մեջբերելով այն հանգամանքը, որ առանց ծանրացուցիչ հանգամանքներ նշելու եւ պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությամբ անձը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: