Մեր թղթակիցն իր բազմաբովանդակ կյանքի ընթացքում բախտ է ունեցել կենդանի
շփում ունենալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ: Նախարարի
հետ նրան բախտ է վիճակվել նաեւ թեյ կամ սուրճ խմել (թղթակիցն իր հետ
պատահածից հետո ստույգ չէր հիշում՝ թե՞յ, թե՞ սուրճ): Թեյ կամ սուրճ
ըմպելու ժամանակ մեր թղթակիցը հավաստիացնում է, որ իր սեփական ականջներով
լսել է սոցապնախարարի (իմա՝ Աղվան Վարդանյանի) հավաստիացումն առ այն, որ
ՀՀ քաղաքացի ցանկացած մահկանացու կարող է դիմել իր փաստացի բնակության
թաղապետարան եւ սոցքարտ ստանալ:
Մի գեղեցիկ օր մեր թղթակիցն ուղեւորվում է Նոր Նորքի թաղապետարան՝ ցանկալի
սոցքարտի հետեւից: Պայծառ օր էր: Թաղապետարանում նոր-նոր ավարտվել էր
ընդմիջման ժամը: Մեր թղթակիցն այստեղ դեմառդեմ է դուրս գալիս մի հսկա
բազմության՝ սոցքարտի հերթագրման սպասելիս եւ միանում երջանիկների այդ
բանակին: Երջանիկ բանակը հետզհետե վերածվում էր հուսալքված ամբոխի: Մարդիկ
այսուայնկողմ էին վազվզում՝ այդպես էլ չհասկանալով՝ իրենցից ինչ է
պահանջվում հերթագրվելու համար, եթե իրենք կեսաթոշակառու չեն, գործազուրկ
չեն, կոնկրետ որեւէ աշխատանք չունեն, ոչ մի բողոք չունեն՝ ընդամենն ուզում
են հերթագրվել սոցքարտի համար: Դեմքերին սեփական արժեքի խիստ գիտակցման
արտահայտությամբ՝ թաղապետարանի աշխատակից տիկնայք եւ պարոնայք տարաբախտ
մահկանացուներին մի սենյակից մյուսն էին ուղարկում` թոշակառունե՛ր՝ աջ, ոչ
թոշակառունե՛ր՝ ձախ, գործազուրկնե՛ր՝ Զբաղվածության կենտրոն, կոնկրետ
աշխատատեղ չունեցողնե՛ր՝ ձեր ոչ ստույգ հիմնարկները… Մարդիկ կային, որ
առավոտյան 9-ից աջուձախ էին վազվզում ու ամենուր ստանում նույն պատասխանը՝
աջ, ձախ, վերեւ, ներքեւ… Մեր թղթակիցը, որ մեր թղթակիցն է
քաղաքացիաիրավական պայմանագրով, եւ նույնատիպ պայմաններով եւս մի քանի այլ
աշխատատեղեր է զբաղեցնում, թաղապետարանի աշխատակիցների բարի խորհրդով
ուղղորդվում է դեպի Զբաղվածության կենտրոն՝ «մի կորած-մոլորված
մանկապարտեզի շենք՝ եսիմորերորդ մասիվներում», այստեղից մի այլ բարի
աշխատակից նրան հետ է ուղարկում թաղապետարան: Մեր անխոնջ թղթակիցը
վերադառնում է թաղապետարան, ուր խիստ կարեւոր դեմքով մի պարոն նրան
պարզաբանում է, որ իր «շեֆն իրեն հրահանգել է», որ նման դեպքերում, երբ
մարդը չորս տեղ աշխատում է եւ չգիտի՝ ուր դիմել սոցքարտ ստանալու համար,
չգրանցել այստեղ, այլ՝ ուղարկել գրանցվելու… այդպես էլ չի ճշտվում՝
որտեղ: Մեր արդեն հուսալքված թղթակիցը ստիպված է լինում դիմել «ծայրահեղ
քայլերի», այն է՝ ասում է, որ իրենց «շեֆ Աղվան Վարդանյանը խորհուրդ է
տվել առանց դեսուդեն վազելու ուղղակի դիմել թաղապետարանի համապատասխան
ծառայությանը»: «Աղվան-մաղվան չգիտեմ»,- բորբոքվում է պատկառազդու
աշխատակից պարոնը՝ «աշխատանքն» ընդհատելով ու կադրային քաղաքականության
մասին մեր թղթակցի համար հատուկ դասընթաց սկսելով: Համբերության պռնկին
հասած մեր թղթակիցը բարձրանում է թաղապետի ընդունարան, քարտուղարուհին
տեղեկացնում է, որ թաղապետը տեղում չէ, հայտնի չէ՝ ուր է եւ երբ
կվերադառնա: Բարի քարտուղարուհին, սակայն, չի զլանում ուշադիր լսել մեր
թղթակցի ոդիսականը: Եվ հենց այն պահին, երբ մեր թղթակիցը պատռում է իր
դիմակը եւ բացահայտում, որ հասարակ մահկանացու լինելուց բացի, ինքը նաեւ
լրագրող է, խոսակցությանը ներկա մի այլ «ավելի բիթի» տիկին, որի անունը,
ցավոք, մեր թղթակիցը չի ճշտել, բացականչում է՝ «Ի՜նչ պրոբլեմ կա, եկեք,
հենց հիմա գրանցեմ»: Մեր թղթակցի «ջրերն ընկած» արագ գրանցում են նաեւ
հասարակ մի այլ մահկանացուի՝ մի հասարակ կնոջ, որ առավոտյան 9-ից,
երեխային թեւի վրա գցած, վազվզել էր աջուձախուայլուր:
Առակս ի՞նչ կցուցանե… Այն, որ մեր թղթակիցն իր խորին շնորհակալությունն
է ուզում հայտնել այն անանուն «բիթի տիկնոջը», ում շնորհիվ իրեն հաջողվել
էր մեկ օրվա ընթացքում գրանցվել եւ մի փոքրիկ թղթիկ ստանալ՝ առ այն, որ մի
ամսից, եթե բախտը նույնքան բարի գտնվի, ինքը նաեւ սոցքարտի տեր կդառնա:
Տարոսը ձեզ…