Շինարարություն, բարեկարգում
Քաղաքապետարանում կայացած երեկվա ճեպազրույցի հյուրը փոխքաղաքապետ Վանո Վարդանյանն էր, ով անդրադարձավ Երեւան քաղաքի շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության ոլորտներին: Վ. Վարդանյանը նշեց, որ նախատեսված 11 վթարային բազմաբնակարան շենքերից 8-ի վերանորոգման աշխատանքները կատարված եւ հանձնված են շահագործման, իսկ 3 շենքերի վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Քաղաքապետարանի պատվերով՝ «Հայսեյսմիկշին» գիտահետազոտական ինստիտուտի կողմից ուսումնասիրվել են մայրաքաղաքի 86 վթարային շենքեր, եւ պարզվել է, որ 72 շենք 3-րդ աստիճանի վնասվածություն ունեն, որոնց վերանորոգման աշխատանքները շուտով քաղաքապետարանը կսկսի: «Հրազդան կիրճի բարեկարգման աշխատանքները 2005 թվականին մինչեւ Դավիթաշեն կամուրջ կատարել էինք, իսկ այս տարի Դավթաշենի կամուրջից մինչեւ Արաբկիրի այգի հատվածում սկսված շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Միայն մնացել է իրականացնել արտաքին լուսավորության ցանցը, որը կվերջացնենք նոյեմբերի կեսերին»,- վստահեցրեց Վ. Վարդանյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ արդեն ավարտվել են Արտաշիսյան, Կիեւյան, Գրիգոր Լուսավորիչ, Տիգրան Պետրոսյան եւ Դրոյի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ըստ փոխքաղաքապետի՝ Սարալանջի, Գայի, Պարույր Սեւակի, Մոլդովական, Գլինկայի եւ Լենինգրադյան փողոցների հենապատերի նորոգման աշխատանքները նույնպես ամբողջությամբ ավարտվել են:
Ասֆալտապատում
Փոխքաղաքապետ Վ. Վարդանյանի հավաստմամբ՝ Երեւանում նախատեսված էր 158 փողոցներում իրականացնել մոտ 564.000քմ ասֆալտապատման աշխատանքներ. «Ըստ ժամանակացույցի՝ նոյեմբերի 19-20-ը ժամանակահատվածում այդ աշխատանքները կավարտվեն»,- հավաստիացրեց փոխքաղաքապետը՝ նշելով, որ ավարտվել են Աջափնյակ, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր համայնքներում 18.000 գծամետրից ավելի ոռոգման ցանցի եւ Նոր Նորքի համայնքում 2 խորքային հորատանցքերի վերանորոգման աշխատանքները: Անդրադառնալով Իսակովի պողոտայի վերանորոգման աշխատանքներին, Վ. Վարդանյանն ասաց, որ աշխատանքները սկսված են եւ կավարտվեն մինչեւ նոյեմբերի 20-ը: Նա նաեւ ասաց, որ ներկայումս բնակիչների հետ տարաձայնություններ չկան, որովհետեւ նախագծային առաջարկի հետ կապված բանակցություններ են եղել բոլոր կառույցների, բնակիչների, ձեռնարկությունների ղեկավարների հետ: «Որեւիցե խոչընդոտ, չլուծված հարց չի մնացել»,- վստահեցրեց նա՝ հիշեցնելով, որ 2000 թվից մինչ այսօր Իսակովի պողոտայի կամրջից մինչեւ օդանավակայան տանող ճանապարհի հատվածում 239 դեպք է եղել, որի պատճառով 57 մարդ է մահացել:
Ձմեռ-2006
Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին խոսելով՝ փոխքաղաքապետը նշեց, որ այսօր արդեն 12 համայնքներում վերանորոգվել է 67.000քմ հարթ տանիք, 16.000քմ թեք տանիք, ինչպես նաեւ վերականգնվել են 6500 գծամետր ջրատար խողովակներ: «700 հատ մուտքի եւ տանիքի դռներ են տեղադրվել: Բացի դրանից, կոյուղու ներքին ցանցի, պատշգամբների եւ այլ տիպի շինարարական աշխատանքներ են կատարվել շենքերի ֆասադային մասերում»,- տեղեկացրեց Վ. Վարդանյանը: 2005թ. ձյան առատությունը հաշվի առնելով` Երեւանի համայնքներում արդեն կուտակված է 750 տոննա տեխնիկական աղ եւ 3600խմ ավազ: Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանությանը` Վ. Վարդանյանը նշեց, որ 12 համայնքներում առկա է 300 միավոր տեխնիկա: «Երկու տարվա ընթացքում Երեւան քաղաքում առկա աղբամանների թիվը համարյա եռապատկվել է, եւ այսօր մայրաքաղաքում տեղադրված են 6500-ից ավելի աղբամաններ»: Ի դեպ, Երեւանից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական 400-500 տոննա կենցաղային աղբ: