«Թուֆենկյան հիմնադրամն» Արցախում

10/11/2006 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Նրանց մի մասը փախստականներ են Ադրբեջանից, մի մասն այստեղ է տեղափոխվել Հայաստանից, մյուս մասն էլ` Ղարաբաղի տարբեր բնակավայրերից, որոնց տները պատերազմի տարիներին ավերվել են: Նորակառույց տները հարմարավետ են, ապահովված սառը եւ տաք ջրով: Յուրաքանչյուր տան հարեւանությամբ կառուցված է անասնագոմ:

Լյուդմիլան եւ Մարտիկը իրենց հինգ երեխաների հետ վարձով էին ապրում Ազոխ գյուղում: Մեկ տարի առաջ Մարտիկը, տան բանալիները ձեռքին, եկավ ու կնոջն ասաց` հավաքվեք, գնանք: Նրանք տուն էին ստացել Առաջամուղ գյուղում:

Lյուդմիլա Հարությունյանը փախստական է Բաքվից: Նրա ընտանիքը զրկվել էր ամեն ինչից: «Դեռ երեխեք ենք եղել, ութերորդ դասարան կարդող աղջիկ եմ եղել, որ դուրս ենք եկել: Շարժումը սկսավ, մենք էլ եկանք Ստեփանակերտ: Ամեն ինչ թողեցինք, միայն շորեր վերցրինք ու դուրս եկանք: Տան լույսն էլ չենք անջատել, թողել ենք վառած, որ չիմանան, որ այդտեղ մարդ չկա»,- հիշում է Լյուդմիլան:

 Այժմ Լյուդմիլան տուն ունի եւ, ինչպես ինքն է ասում, գոհ է ճակատագրից. ամուսինը բանվոր է, շինարարություն է անում, իսկ ինքն ու երեխաները բանջարանոցն են մշակում. «Բոստան եմ անում, պոմիդոր է, վարունգ է, բիբար է, լոբի, ինչ կարողանում ենք, ցանում եմ` ձմերուկ, սեխ: Մեզ հերիքում է»,- ասում է Լյուդմիլան:

Առաջամուղցիներն իրենց տների դիմաց հողամաս ունեն: Գրեթե բոլորը տների դիմաց ցանել են զանազան ծաղիկներ, եւ հեռվից դրանք նմանվում են փոքրիկ օազիսների: Նազիկենց տանը եռուզեռ էր` հարեւաններով ձմեռվա պահածոներն են պատրաստում: Չկտրվելով գործից` Նազիկ Անտոնյանը պատմում է, թե ինչպես է հայտնվել Առաջամուղում: Նա Հադրութի զորամասում խոհարարուհի է աշխատում:

«Ես Արարատից եմ եկել, ութը տարի է արդեն այստեղ եմ, ընտանիքով եմ, վերջապես տան տեր եղա, չորս երեխա ունեմ: Երեխեքիցս երկուսն ամուսնացել են, երկուսն էլ մոտս են: Ծառայում եմ, աշխատում եմ հողամասում, տանը, ինչով կարողանում եմ ու շատ գոհ եմ: Ես շատ եմ սիրում այս տարածքը»,- ասում է Նազիկ Անտոնյանը:

Անդրանիկը կնոջ` Անուշի հետ տեղափոխվել է Երեւանից: Նրանց որդին` Արամը, ծնվել է Հադրութում: Անդրանիկ Օհանյանն իրենց տան բակում նույնիսկ փոքրիկ շատրվան է կառուցել:

«Ջուրը մշտական է, տներում արիստոնը տեղադրած է` տաք, սառը ջուր: Հողամաս ենք արել, Երեւանի ժողովուրդ, ու առաջին անգամ հող պետք է մշակենք, փառք Աստծո, ոչինչ, օգտվում ենք հողամասից, պոմիդոր է, բադրիջան է, բիբար, վարունգ, ամեն ինչ դրել ենք, ու ջուր էլ կա, ոռոգումը նորմալ է, բերքը` նորմալ: Բերք ու բարիքը` նուռը, թուզը, հոնը, ամեն ինչ` չորս կողմը, որ կողմ ուզում ես, դուրս արի` բերք ու բարիք կա, հեչ որ չէ` պահածո, մուրաբա կանենք, հացով կուտենք, ստեղ սոված մնալ հնարավոր չէ»,- ասում է Անդրանիկը:

Առաջամուղում բոլորն առաջարկում են համտեսել իրենց հողամասերի բարիքները: Անդրանիկենց տանը տանտիրուհի Անուշը հպարտանալով մեզ հյուրասիրեց իրենց բանջարանոցում աճած ձմերուկը:

«Թուֆենկյան հիմնադրամը» նախատեսում է Առաջամուղում կառուցել դպրոց եւ մանկապարտեզ, իսկ գյուղացիներին աշխատանքով ապահովելու համար հիմնադրամը հաջորդ տարի վերականգնելու է 50 հա խաղողի այգի:

www.hetq.am