Պատերազմի ընթացքում 32 զոհ են տվել: «Մեր գյուղի համար 32 զոհը մեծ թիվ է, սակայն մենք հպարտ ենք եւ համարում ենք, որ Ղարաբաղի ազատագրումը սկսվել է Տողից ու Կոմանդոսով»,- գտնում է Գալյա Ամիրջանյանը:
Այսօր Տողում առավել հարգված են եւ հեղինակություն են վայելում այն մարդիկ, ովքեր անմիջական շփում են ունեցել Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ: Հատկապես հպարտանում են Կարինե եւ Ստեփան ամուսինները, քանի որ պատերազմի ընթացքում անվանի հրամանատարը Տողում եղած ժամանակ նրանց տանն է գիշերել: Հպարտ է նաեւ տիկին Գալյան, որովհետեւ ամենատխուր եւ ծանր պահերին իր աղջկա երգն է ոգեւորել Կոմանդոսին:
Տողն այսօր ունի 714 բնակիչ: Պատերազմից հետո բնակիչների թիվն ավելացել է ընդամենը 14-ով: Աշխատանք չլինելու պատճառով երիտասարդների շարքերում ամուսնացողների թիվը նվազել է: Նրանցից շատերն ապրում են իրենց թոշակառու ծնողների գումարով: Տողում մեծամասնություն են կազմում հասակն առած մարդիկ: Գյուղի ամենատարեց բնակիչը 96-ամյա Հայկուշ Բաղդասարյանն է: Հայկուշ բաջին Տողում հայտնի է իբրեւ «ամենաթամուզ-թաքուզ» կինը, այսինքն` ամենամաքրասերը:
Հայկուշ բաջու համար իմ այցելությունն անսպասելի էր: Մոտ 15 րոպե նա փորձում էր պարզել` արդյոք կա՞ արյունակցական կապ իմ եւ իր միջեւ: Երբ պարզեց, որ չկա, թվարկեց Երեւանում բնակվող իր հարազատների անունները եւ խնդրեց մեծ-մեծ բարեւներ փոխանցել նրանց: Իսկ երբ իմացավ, որ եկել եմ ոչ միայն զրուցելու, այլեւ` լուսանկարելու, մի քիչ նեղսրտեց. «Ես էս շենի ամենաթաքուզ կնեգն եմ իլալ, ամա մհենգ կրես չեմ տյուրյուր կյամ»,- ասաց նա եւ լուսանկարվելուց առաջ մազերը հարդարելու ժամանակ խնդրեց: Ամռան շոգին 96-ամյա կինը վառարան է վառում էլեկտրաէներգիան խնայելու համար: Ապրում է միայնակ, վերջին տարիներին գյուղամեջ գրեթե դուրս չի գալիս: Գյուղացիներն են այցելում նրան` ձու, մածուն, շաքարավազ բերում, հետաքրքրվում առողջությամբ: Երկու որդի ունի` 75 եւ 72 տարեկան, սակայն նրանց մոտ տեղափոխվել չի ցանկանում. «Իմ տոնը-տեղը Տողում ա: Ես թո՞ռը քինիմ: Վեչ մի տեղ էլ քիննական չեմ»:
Հայկուշ բաջին սիրում է պատմել հատկապես իր երիտասարդ տարիների մասին. «Ես չեմ, է՜, ասում, լոխ են ասում, վեր ես ղաշանգ (գեղեցիկ) եմ իլալ: Ամուսինս ինձ փըխցրալ ա: Մին թորք էր ինձ ուզիս, բայց ամուսինս տարավ»: Հարցնում եմ՝ եթե ամուսինն իրեն փախցրած չլիներ, ադրբեջանցու հետ կապրե՞ր: Հայկուշ բաջին զայրանում է. «Ա, ես սկի իմ ամուսնուն օզալ չեմ, շտեղ մնաց` թորքին»: Հայկուշ բաջին իր ապրած կյանքից գոհ է, բայց վախենում է, որ մի օր երիտասարդներն աշխատանք չունենալու պատճառով հեռանան Տողից։ «Մեր շենում ջահել չի մնացալ: Լոխ քիս են քաղաք: Գիդաս չեմ, թա հի՞նչ կա էդ քաղաքումը»,- ասում է 96-ամյա տողեցի կինը։
Գյուղից հեռանալու մասին խոսակցությունները զայրացնում են Տողի բոլոր տարեցներին: Կապի բաժնի նախկին ղեկավար, երկրորդ կարգի հաշմանդամ, 73-ամյա Հրանտ Դավթյանը գտնում է, որ հեռացողները դավաճանում են Ղարաբաղին, բայց չգիտի, թե ոնց պետք է ապրեն առանց աշխատանքի ու վաստակի։ Ինքն էլ լավ չի ապրում, բայց գնալու մասին մտածել անգամ չի ուզում։
«Ապրում եմ` ամեն մի մեռնողին երանի տալով: Տղաս 34 տարեկան է, պատերազմի ընթացքում մի քանի անգամ վիրավորվել է եւ հոգեկան հիվանդ դարձել: Մյուս որդիս զոհվել է: Կինս սրտային հիվանդ է: Ապրուստի միջոց չունեմ, սակայն ես Տողից հեռացողը չեմ: Ես էս գյուղում որդու գերեզման ունեմ»:
Տողի առաջնային խնդիրն այսօր խմելու եւ ոռոգման ջուրն է: Խմելու ջուրը գտնվում է Տողից 7 կմ հեռավորության վրա: Գյուղ մտնող 7 խողովակաշարից այսօր աշխատում է միայն մեկը: Օրվա ընթացքում յուրաքանչյուր գյուղացու 15-20 խորանարդ մետր ջրի փոխարեն հասնում է 1-1,5 խորանարդ մետր: Ջրի բացակայության պատճառով գյուղացիները չեն կարողանում զբաղվել նաեւ հողագործությամբ: Այս տարի տողեցիների խնդիրներին ավելացել է եւս մեկը:
Հուլիսի 12-ին հրդեհ է բռնկվել, եւ 81 հեկտարանոց ցորենի արտն ամբողջությամբ այրվել է: Գյուղը փոխհատուցում չի ստացել: Սա էլ գումարվելով եղած խնդիրներին՝ որոշ տողեցիների կստիպի օրվա հացը փնտրել գյուղից դուրս:
Չավարտված պատերազմի ու Ղարաբաղի կարգավիճակի անորոշության պայմաններում գյուղացիների հեռանալը կոտրում է մնացողների ոգին։ «Մենք հիմա էլ կոմանդոսների կարիք ունենք»,- ասում է Գալյա Ամիրջանյանը՝ հավանաբար նկատի ունենալով, որ Կոմանդոսը ոչ թե մարդ է, այլ հոգեվիճակ։
www.hetq.am