Ճնշումներ գազի միջոցով

10/11/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանը Ռուսաստանից 1000 խորանարդ մետրը 230 դոլարով գազ չի գնի: Հենց այսպիսի սակագին է սահմանել «Գազպրոմը», ինչի մասին հայտարարեց նրա ներկայացուցիչը: Այդ գնով գազ գնելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, որը սակագնի բարձրացումը համարում է քաղաքական որոշում. դրա օգտին է խոսում այն, որ տարածաշրջանի մյուս երկրների համար «երկնագույն վառելիքի» գինը մնացել է անփոփոխ: «Մենք Ռուսաստանից գազ կգնենք տարածաշրջանի համապատասխան գնով»,- հայտարարեց Նողաիդելին: Ընդ որում` վարչապետը հայտնեց, որ 230 դոլարը դեռ վերջնական գինը չէ, եւ հնարավոր են բանակցություններ: Բայց տեղնուտեղն ավելացրեց, որ երկխոսությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե հաջողության հույս կա: Սրանից հետեւում է, որ հույսեր առանձնապես չկան, եւ բանակցություններ չեն լինի, համենայն դեպս, այնպիսի բանակցություններ, որոնք Թբիլիսիի համար բարեհաջող ելք կունենան:

Հաջող բանակցություններ կարող են լինել, ինչպես ակնհայտորեն ենթադրում է Նողաիդելին, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի հետ, ուր ուղարկվել են Վառելիքի եւ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները: Թեեւ Թուրքիայի ներկայությունն այս շարքում չի կարող զարմանք չառաջացնել, քանի որ Թուրքիան բավարար չափով սեփական էներգառեսուրսներ չունի. կարելի է ենթադրել, որ Անկարայի հետ բանակցություններ կվարվեն հնարավոր էներգադեֆիցիտի դեպքում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ Իրանին, այստեղ հարցն այլ է: Մի երկու շաբաթ առաջ Վառելիքի եւ էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին մամուլի հատուկ ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարեց այդ երկրների գործընկերների հետ հաջող շփումների մասին եւ վստահեցրեց, որ գազի այլընտրանքային ներկրման պայմանագրեր են կնքվում, ինչը, նախարարի խոսքերով, Վրաստանին ապահովագրում է էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հնարավոր ճնշումներից: Սակայն Նողաիդելիի հայտարարությունը Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին իրավիճակը երկիմաստ է դարձնում. իրո՞ք եղել են արդյունավետ բանակցություններ, թե՞ նախարարը ցանկալին ներկայացնում է իբրեւ իրականություն:

Եվս մի բան. «Գազպրոմը» 230 դոլար սակագինն օդից չի վերցրել: Համաձայն իրանական ԶԼՄ-ների տեղեկությունների` հենց այդ գնով է Թբիլիսին Թեհրանից գազ գնել փետրվարին, երբ պայթեցվել էր գազամուղը, որով հոսում էր ռուսական գազը: Եվ հարց է ծագում. ի՞նչ գնով է Իրանը պատրաստ արտահանելու «երկնագույն վառելիքը»: Արդյո՞ք նույն գինը չի պահանջի, ինչ որ փետրվարին: Կարծում ենք` միանգամայն հնարավոր է` հաշվի առնելով Մոսկվայի հետ հարաբերությունները, որոնք կարելի է գործընկերային համարել: Եվ այդ 230 դոլարն Իրանը կարող է պահանջել հաճույքով ու առանց տատանվելու, քանի որ շատ հնարավոր է, որ Վրաստանի «գազի հաշիվները» հերթական անգամ կսկսի վճարել ԱՄՆ-ը: Ինչպիսի բարոյական բավարարություն` այդքան մեծ գումարներ ստանալ աշխարհում իր համար 1 թշնամուց` ԱՄՆ-ից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա չնայած Վրաստանը նրան ընդգրկել է իր ռազմավարական գործընկերների նեղ շրջանակի մեջ, Ադրբեջանը եւս կարող է պահանջել «Գազպրոմի» առաջարկածի չափ սակագին: Այստեղ, ճիշտ է, տրանզիտային արտոնություններ են սահմանված, ինչը գների նվազման կհանգեցնի: Սակայն խնդիրը նաեւ այն է, որ այս ձմռանն ադրբեջանական գազը կարող է եւ չհերիքել: Մյուս խնդիրը հնարավոր ճնշումներն են Ռուսաստանի կողմից, որտեղից Բաքուն նույնպես գազ է ստանում` չնայած սեփական գազի առկայությանը, եւ Կրեմլի հետ կարգավորվող հարաբերությունները չփչացնելու ցանկությանը:

Գազի հետ կապված շատ բաներ դեռ պարզ չեն: Պարզ է միայն այն, որ չնայած իշխանությունների հավաստիացումներին` խնդիրը դեռ լուծված չէ: Սրա վրա էր ուշադրություն հրավիրում նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ ճեպազրույցի ժամանակ: «Վրաստանի կառավարությունը չի կարող իր վրայից հանել գազի գների բարձրացման պատասխանատվությունը եւ մեղքը բարդել միայն Ռուսաստանի վրա` իր ժողովրդին ասելով, թե դա այն գինն է, որ ժողովուրդը պիտի վճարի ազատության համար»,- հայտարարեց նա: «Իշխանությունները պետք է ժամանակին պատրաստվեին ձմռան գալուն եւ հնարավոր դժվարություններին: Ես ուզում եմ իմանալ, թե գազի ներկրման ինչպիսի այլընտրանքային ուղիներ է գտնելու կառավարությունը: Այս տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բոլորին: Մենք պետք է իմանանք, թե իրականում ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ, քանի որ մենք դրա իրավունքն ունենք»:

Այս հարցերը դեռեւս անպատասխան են: Հո չի՞ կարելի պատասխան համարել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու` Մոնակոյում անցկացվող Ազգային գլոբալ անվտանգության համաշխարհային ֆորումում արված հայտարարությունը, թե Վրաստանը… սանկցիաներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ, այլ ընդամենը պնդում է, որ Ռուսաստանը պահպանի «խաղի ընդունված կանոնները»: