«Մեծացեք, խելոքացեք, իսկ մենք հետո կգանք»

10/11/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այժմ Ռոլան Բիկովի անվան հիմնադրամի նախագահն է Արմեն Մեդվեդեւը, ում նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվում է Մանկապատանեկան ֆիլմերի երկրորդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնն այս օրերին անցկացվում է «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն աչքի է ընկնում հանդիսատեսի անտարբերության եւ անտեղյակության մթնոլորտով: Հիմնադրամի եւ փառատոնի հիմնական սկզբունքն է` պահպանել եւ խթանել մանկական ֆիլմերի արտադրությունը, որը հազվադեպ է եկամտաբեր լինում: Կինոդահլիճները տրամադրելով մանուկներին եւ երեխաներին, հիմնադրամը նաեւ մեծ կրթական նպատակներ է հետապնդում, քանի որ բարի ու լուսավոր ֆիլմերով սերունդ դաստիարակելու խնդիրը հետխորհրդային տարածքում մեծ դեր ունի:

Ռոլան Բիկովի այրին՝ դերասանուհի Ելենա Սանաեւան հարցազրույցներից մեկում ասել է. «Ֆոնդը Բիկովի համար ծանրագույն բեռ էր: Սկզբում թվում էր, որ ամեն ինչ փայլուն է լինելու, հետագայում շատ խնդիրներ առաջացան»: Մեծ ռեժիսոր եւ դերասան Ռոլան Բիկովի համար երեխաները միշտ եղել էն ամենաշնորհակալ հանդիսատեսը, ում սպասելիքներն ու պատկերացումներն արտացոլել են ժամանակի բարդագույն կատակլիզմները: Այսօր մանկական ֆիլմերին ծանոթանալու համար առիթ են տալիս միայն ամերիկյան ուրախ կատակերգություններն ու մուլտֆիլմերը, որոնք ըստ Ռ. Բիկովի` նույնպես մանկական են, քանի որ այնտեղ «վատ» եւ «լավ» հերոսներ կան, կա չարի ու բարու պայքար: Լավ մանկական կինոն երբեք միայն երեխաների համար չի լինում, այն բոլորի համար է ստեղծվում: «Դուք կարո՞ղ եք ասել, որ, ասենք, մանկական արեւ գոյություն ունի: Ոչ, իհարկե, արեւը մեկն է ու բոլորի համար է շողշողում, բայց երեխաներն ապրում են արեւի տակ եւ այն ավելի սուր են ընկալում, քան մեծահասակները: Աշխարհի բոլոր ֆիլմերը մանկական են դառնում, երբ դրանք երեխան է դիտում: Ողջ կյանքն է մանկական, քանի որ կյանքին երեխաներ են մասնակցում»,- ասել է Ռոլան Բիկովը, ում գործն այսօր շարունակում է նրա անունը կրող հիմնադրամը: Կինոարտադրություն եւ փառատոներ կազմակերպող հիմնադրամը բազմաշերտ կինոյի բացն է լրացնում: Հայաստանյան փառատոնը, որը տեղի է ունենում ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանի բարձր հովանու ներքո, տարբեր ֆիլմեր դիտելու ու մեծ վաստակ ունեցող հյուրերի հետ ծանոթանալու առիթ պետք է տա, սակայն դեռեւս դժվար է այն կայացման ճանապարհին կանգնած փառատոն համարել: Դրա վկայությունն են դատարկ դահլիճները: Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նունե Մանուկյանի եւ մյուս կազմակերպիչների կարծիքով, փառատոնը լրատվամիջոցների աջակցության եւ հանդիսատես ներգրավելու կարիք չունի: Լրագրողների՝ որեւէ տեղեկատվություն ստանալու ցանկությունն ամուր պատնեշի է հանդիպում: Թեկուզեւ փառատոնի ծրագրին ծանոթանալու համար դժվարին հետախուզական գործ է պահանջվում: Ֆիլմերի օրերը ճշտելու համար պետք է ծրագիր խնդրես եւ հետո էլ այդ թերթիկն արագ տանես քսերոքս անելու, որովհետեւ ծրագիր տարածելը կազմակերպիչների համար աննպատակ մի բան է: Իսկ երբ փորձում ես փառատոնի հյուրերի վարպետության դասերի կամ հանդիպումների օրերին տեղեկանալ, քեզ հռետորական հարց են տալիս. «Իսկ քեզ ինչո՞ւ է պետք»: Տպավորություն է ստեղծվում, որ կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որպեսզի որքան հնարավոր է քիչ մարդ գա դահլիճ: Պատճառն անհասկանալի է, քանի որ յուրաքանչյուր կինոդիտման հանդիսատես է պետք: Առավել եւս, եթե ֆիլմը երեխաներին է հասցեագրված եւ երեխաներին դահլիճ հրավիրելու համար մեծ ջանքեր գործադրել պետք չէ: Համենայնդեպս, հայտնի ռուս մուլտիպլիկատոր Գարրի Բարդինի հետ հանդիպման ժամանակ դահլիճում ընդամենը քսան մարդ կար, հիմնականում ուսանողներ էին, որոնցից շատերը մուլտֆիլմի ցուցադրությանը նույնիսկ չմնացին: Ուսանողները շատ արագ հեռացան դահլիճից, երբ իրենց դահլիճ բերած դասախոսները դուրս եկան շենքից:

«Պրոֆեսիոնալ երեխա» Գարի Բարդինը

Գարի Բարդինը մեծ նորարար է մուլտֆիլմերի աշխարհում, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող եւ հիանալի զրուցակից է: Նրա ստեղծած հերոսները ծնվել են պլաստիլինից, լուցկու հատիկներից, պարաններից, լարերից եւ առաջին հայացքից` նկարահանելու համար ոչ պիտանի, բայց շատ ճկուն նյութերից: «Ես մասնագիտությամբ դերասան եմ, սկզբում մուլտֆիլմերի հերոսների փոխարեն էի խոսում, հետո որոշեցի սցենար գրել: Իսկ հետո էլ միտք ծագեց` ինքնուրույն ֆիլմ նկարահանելու: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ես սկսեցի նկարահանել»: Նա մեծ ուշադրություն է դարձնում ֆիլմերի ձայնային ուղեկցությանը: Երեւանում ցուցադրված «Չուչա» եռապատում մուլտֆիլմում ջազային եւ դասական երաժշտություն է հնչում: Իսկ մուլտֆիլմի հերոսը փոքր տղայի երեւակայությունից ծնված ուրախ սեւամոթ դայակ-հրաշագործն է, ով ապրում է երեխայի հորինած օրենքներով, արկածախնդիր է եւ շատ ուրախ: «Չուչան այն ընկերն է, որ պետք է երեխայի հետ լինի: Մուլտֆիլմը դա մի խաղ է, որը ես միշտ պատրաստ եմ խաղալ: Մուլտֆիլմն ինձ համար ուղեղի խաղ է: Հաճախ ապագա իմ մուլտֆիլմերը երազումս եմ տեսնում: Այդպես եղավ «Թռչող նավը» մուլտֆիլմի հետ»,- ասաց հեղինակը: Նա իր ֆիլմերի հերոսներին ինքնուրույն է պատրաստում, նկարում ու նկարահանում, չի ընդունում համակարգչային մուլտֆիլմերի սկզբունքը: «Ես իմ ստուդիայում մի համակարգիչ ունեմ, որը միայն հաշվապահական աշխատանքների համար եմ օգտագործում: Սիրում եմ ձեռքով նկարել, դա հիանալի էներգետիկ դաշտ է ծնում»: Նրա համոզմամբ` տիկնիկը նույն մարդն է, որը ստեղծված է նույն կմախքից, բարձրացնում եւ իջեցնում է ձեռքը ճիշտ այնպես, ինչպես մարդն է անում. «Բացի այդ, տիկնիկի հետ աշխատելը հեշտ է, նա ռեժիսորին չի դիմադրում կենդանի դերասանի պես»:

Գ. Բարդինի համար շատ կարեւոր է հասկանալ` ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում իրենցից տարբեր այդ էակներին: Այդ պատճառով էլ նա սկսել է «Անճոռնի ճուտիկի» նկարահանումները` ըստ Անդերսենի հայտնի հեքիաթի: «Ես այդքան էլ չեմ սիրում մուլտֆիլմ բառը: Իմ ֆիլմերն ավելի շուտ կարելի է նկարված ֆիլմեր անվանել: Իսկ «Անճոռնի ճուտիկը» լիամետրաժ ֆիլմ է լինելու, որտեղ 500-ից ավելի գործող տիկնիկներ են լինելու: Մի բան եմ միայն խոստանում՝ անճոռնի ճուտիկից անպայման գեղեցիկ կարապ կծնվի: Մի քանի տարի հետո ես այդ ֆիլմով Երեւան կգամ: Դուք մեծացեք, խելոքացեք, իսկ ես դեռ կնկարահանեմ»,- ասաց ժամանակի խոշորագույն մուլտիպլիկատորներից մեկը: Գ. Բարդինին Հայաստանն իր երիտասարդության մասին է հիշեցնում, քանի որ նա այստեղ բանակում է ծառայել: Նա ասաց, որ մեծ ցանկություն ունի իր հայ կոլեգաների հետ հանդիպել: «Հայկական մուլտիպլիկացիան միշտ առանձնահատուկ է եղել: Շատ եմ սիրում Ռոբերտ Սահակյանցի գործերը, հույս ունեմ, որ կազմակերպիչները նրա հետ հանդիպելու առիթ կտան»,- ասաց նա: Իսկ մեր թերթը չկարողացավ ավելի լայնածավալ հարցազրույց կազմակերպել վարպետի հետ, քանի որ դա փառատոնի կազմակերպիչների շահերից չէր բխում: Նրանց համար մանկական ֆիլմերը պրոպագանդելը ու հյուրերի հետ հարցազրույցներ կազմակերպելն արդիական չէ: Նրանք փառատոն են կազմակերպել պարզապես «անելու» համար: Եվ նույնիսկ չեն ցանկանում Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողների լայն զանգվածների հրավիրել վարպետության դասերին: Գուցե իրենց համար դա անտեղի գլխացավա՞նք է: