Շվեդահայ գրողը ձերբակալվել է Լոս Անջելեսում

10/11/2006 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Այն, ինչ կատարվել է շվեդահայ գրող Վահե Ավետյանի հետ Ամերիկայում, կարող է ընթերցողին անհավանական թվալ, բայց փաստ է: Սկսեմ սկզբից:

Դեռ սեպտեմբերին Վահեն զանգեց Ֆլորիդայից: Պարզվեց` Ստոկհոլմից (որտեղ բնակվում է վերջին տասը տարիներին) եկել է Ամերիկա՝ ճանապարհորդելու, հանդիպումների, նոր գրքի համար նյութեր հավաքելու համար: Մայամի, Վաշինգտոն, Նյու Յորք եւ վերջապես` Լոս Անջելես:

Ամեն ինչ կընթանար սովորականի պես, եթե չլիներ ճակատագրական երեկոն Գլենդելի հանրային գրադարանում: Այնտեղ «Համազգայինը» (ՀՅԴ մշակութային թեւը) գրող Վահե Օշականին նվիրված երեկո էր կազմակերպել: Ի պատասխան ելույթ ունեցողներից մեկի այն արտահայտությանը, թե «Համազգայինը միշտ էլ հայ գրողներին նեցուկ է կանգնել», Վահե Ավետյանը սկզբում տեղից բղավել է՝ «ստում եք», հետո էլ բեմից փորձել է բացատրել, թե ի՞նչ նկատի ունի: Սակայն վրդովված լսարանը թույլ չի տվել Վահեին որեւէ բան ասել: Տեղից բղավել են՝ լռիր՝ փորձելով նրան բեմից իջեցնել: Վահեի պատմելով, բեմի վրա գցված լույսերի պատճառով նա չի հասկացել, թե ինչ է կատարվում: Միայն զգացել է, որ մարդիկ ագրեսիվ են տրամադրված: Քիչ անց քաշքշոց է սկսվել: Այդ ընթացքում զանգահարել են ոստիկանություն:

Վահեին ձերբակալելիս ամերիկացի ոստիկանն ասել է, թե առավելագույնը պետք է վճարի հինգ հազար դոլար, եւ տեղում ազատ կթողնեն: Սակայն ուղեկցող հայ ոստիկանի զեկույցի հիման վրա նրա փրկագինը սահմանվել է 20 հազար դոլար: Երեք օր Վահեն անցկացրել է Լոս Անջելեսի մեկուսարանում՝ մինչեւ նրա ընկերները կարողացել են հավաքել անհրաժեշտ գումարը: Այժմ Վահեն սպասում է դատավարությանը: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Վահեն ունի իր յուրօրինակ բացատրությունը. «Գեղացի են, այսինքն` հրահանգ չեն ստացել կռիվ սարքելու, ուղղակի հենց անծանոթ մեկը խոսում է Վարդենիկ գյուղում, Մարտունի շրջանում, գեղով հարձակվում են, որ լռեցնեն»:

Ի՞նչ ես անելու, աշխատելո՞ւ ես այստեղ, որպեսզի այդ գումարը վերադարձնես: Այս հարցերին, սակայն, Վահեն չունի պատասխան: Ասում է՝ «Ես հայ գրող եմ, կենդանի դասական, եւ պարտավորված չեմ վաստակել: Կարող ես գրել, որ Վահեն կռիշը գցել էր ու բացահայտ հաշիշ էր ծխում»:

Գրող Վահե Ավետյանն այժմ ապրում է ընկերների բնակարանում, հաշիշ է ծխում, հանդիպում Լոս Անջելեսի գրչակից իր ընկերներին: Ասում է՝ այստեղ դեցենտրալիզացված պայծառ ու հետաքրքիր հայեր կան, եւ պատրաստվում է ՀՀ ԱԺ ընտրություններին: Եվ սա` այն դեպքում, երբ վերջին տասը տարում Հայաստանում նա մշտապես չի բնակվել. «Ընտրվելու համար մշտական բնակվելու այդ Սահմանադրական պահանջը չեմ ճանաչում եւ քաղաքացիական անհնազանդություն եմ հայտնում»,- ասում է նա: