«168Ժամ»-ի դեկտեմբերի 16-22-ի համարում կարդացի Վարդան Հարությունյանի
«Ի՞նչ կլիներ, եթե այսպես չլիներ» հոդվածը: Նախ ուզում եմ
շնորհակալություն հայտնել այդ հոդվածի համար, իսկ հետո փորձեմ շարունակել
նրա սկսած գործը: Ճիշտ է, ասում են՝ քաղաքականության մեջ կանխատեսումներ
անելը ամենաանշնորհակալ գործն է, բայց քանի որ ես քաղաքական գործիչ չեմ,
ապա, ինչպես Վարդան Հարությունյանն էր ասում, փորձենք զբաղվել
մտավարժանքով:
Եվ այսպես. ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի:
Ջեռուցում կլինի: Բայց ոչ կենտրոնացված, այլ մարդ ա՝ իրա համար: Հայկական
ձմեռները գնալով տաքանալու են (ջերմոցային էֆեկտ, օզոնային շերտի
քայքայում եւ այլն), եւ Հայաստանը, որ վերջին տարիներին սփյուռքահայության
համար դարձել է ամառանոց, կդառնա հարմար նաեւ հարազատների եւ բարեկամների
ձմեռային այցելությունների համար: Արշակ Սադոյանը, որը մի քանի տարի հետո
կգնա վաստակած հանգստի, միեւնույն է, հանգիստ չի տա ո՛չ իրեն, ո՛չ էլ
մնացածին: Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, արդեն
ավանդական դարձած գրաֆիկով, 2010 թվին ասուլիս կտա, Էրնեկյանի սարքած նոր
օդանավակայանում: Բայց մինչ այդ ՀՀՇ նախկին, ներկա եւ ապագա անդամներն
իրենց բոլոր հարցազրույցներում կպնդեն (անկախ նրանից՝ հավատո՞ւմ ենք իրենք
իրենց ասածներին, թե՞ ոչ), որ նախագահի միակ թեկնածուն Լեւոն
Տեր-Պետրոսյանն է: Մեսրոպ Մովսիսյանը կշարունակի մասնակցել տարածաշրջանում
անցկացվող հեռուստատեսության, ռադիոյի, թերթի եւ թռուցիկների
լիցենզավորման բոլոր մրցույթներին: 2007 թվականի խորհրդարանական
ընտրություններից առաջ «Օրինաց երկիրը» կխոստանա վերադարձնել խոպան գնացած
ամուսիններին, իսկ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Արթուր
Բաղդասարյանը կխոստանա վերադարձնել մեր հողերը եւ Մասիս սարը, այդպիսով՝
խաղից դուրս թողնելով դաշնակներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամկետը
լրանալուց հետո տուն կստանա Երեւանում (ըստ Սահմանադրության) եւ
լրագրողների հետ խոսելիս այլեւս չի լարվի, քանի որ նրանց հետ կզրուցի
ռուսերեն լեզվով: Այլ հարց է, որ արդեն կլարվեն լրագրողները, քանզի նրանք
արդեն ռուսերեն չեն հասկանա: Արամ Գասպարի Սարգսյանը կշարունակի մնալ
հայկական քաղաքական դաշտի ամենակուլտուրական եւ, միեւնույն ժամանակ,
ամենաանիմաստ քաղաքական գործիչը:
Հովհաննես Հովհաննիսյանը գովազդի դասական ոճով (ցՑՐՏՎ ՊպվՖչՌ–ՉպփպՐՏՎ
ՐպՍսՈՎՈ, ՉպփպՐՏՎ ՊպվՖչՌ–ցՑՐՏՎ ՐպՍսՈՎՈ) կշարունակի գովազդել Միացյալ
Նահանգներն այնքան ժամանակ, մինչեւ վերջիններս գտնեն ավելի հզոր
գովազդային գործակալություն: «Արմատը» ժամանակի ընթացքում կչորանա, Դավիթ
Շահնազարյանը կշարունակի պնդել, որ մեզ քաղաքացիական հասարակարգ է պետք՝
առանց հասկանալու, որ քաղաքացիական հասարակարգ ունենալու համար առաջին
հերթին քաղաքացիներ են պետք, իսկ մեր մոտ գնալով ավելանում է գյուղացիների
տոկոսը: 2008թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Գեղամյանը
(առաջին փուլում նա 3-րդ տեղն է գրավելու) կպաշտպանի անցողիկ թեկնածուին,
բայց ընդամենը 1 տարի անց (երբ արդեն ՀՀ 3-րդ նախագահն ուրիշին նշանակած
կլինի վարչապետ) նույն ինքը՝ Արտաշես Մամիկոնովիչը, հասկանալով, որ ոչ
կոմունիստական քաղաքականությունն իր խելքի բանը չէ, կհեռանա Պալմա-դե
Մալյորկա: Ստեփան Դեմիրճյանն Արդարություն փնտրելով միջազգային
ատյաններում, կգնա նոր ընդունված սահմանադրական ուղիով եւ կշահի շատ
գրանտներ:
Արամ Զավենի Սարգսյանը յուրաքանչյուր Նոր տարի կփորձի միավորել «Երկրապահը»՝ նրանց միասին իրենց տուն հրավիրելով:
Ավարտելով Հյուսիսային պողոտայի եւ «ՆՈՐԴ» համալիրի շինարարությունը,
ապագա քաղաքապետը կփորփրի եւ կգտնի, որ Թամանյանն ունեցել է նաեւ
արեւմտյան պողոտայի նախագիծ, որտեղ պետք է կառուցվի «ՎԵՍՏ» համալիրը
(անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետ, քանի որ իրական փորփրողը նա չի
լինելու)։