Խոսքը վերաբերում է կուսակցությունների դռներին, որոնք մինչ այժմ փակ էին ՀՀ Հարկային պետական ծառայության եւ Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցների համար։ Գործող օրենսդրությամբ հարկային եւ մաքսային կառույցների աշխատակիցները զրկված են կուսակցություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքից։ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում հստակ նշված է, որ «Հարկային ծառայողն իրավունք չունի լինել քաղաքական կուսակցության անդամ …», իսկ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածում ասվում է. «Մաքսային մարմիններում արգելվում է կուսակցությունների, հասարակական՝ այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների ձեւավորումը»։ Սակայն եթե մարդը շա՜տ է ուզում անդամագրվել որեւէ կուսակցության, մանավանդ ընտրություններից առաջ, ինչո՞ւ մերժել։ Կառավարությունը որոշել է վերականգնել այս կառույցների աշխատողների սահմանադրական իրավունքները եւ նոյեմբերի 2-ին ԱԺ է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել այս սահմանափակումները։ Մնում է պատգամավորները որոշեն՝ թույլ տա՞լ այս մարդկանց կուստոմսեր ձեռք բերել, թե՞ ոչ։
Ինչո՞ւ է կառավարությունը հանկարծ որոշել պաշտպանել հարկային կամ մաքսային մարմիններում աշխատող այն մարդկանց իրավունքները, որոնք որեւէ կուսակցության նկատմամբ անտարբեր չեն։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ վերը նշված սահմանափակումները հակասում են փոփոխված Սահմանադրության 28-րդ հոդվածին։ Իսկ այնտեղ ասվում է. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:
Կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ` դատավորների եւ Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ»։
Ինչպես տեսնում եք, այս հնարավոր սահմանափակումների մեջ հարկային եւ մաքսային ծառայողները չեն մտնում։ Այսինքն, «Հարկային ծառայության» եւ «Մաքսային ծառայության» մասին ՀՀ օրենքների այն դրույթները, որոնք չեն թույլատրում այս կառույցների ծառայողներին անդամակցել որեւէ կուսակցության, իրոք, հակասում են Սահմանադրությանը։
Սակայն պարզվում է՝ այդ նույն դրույթները հակասում են նաեւ «հին» Սահմանադրության 25-րդ հոդվածին, որտեղ գրված է. «… Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք: Այս իրավունքները կարող են սահմանափակվել զինված ուժերում եւ իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ»։ Այստեղ նույնպես հարկային եւ մաքսային կառույցների մասին խոսք չկա, այսինքն՝ սահմանափակումները նրանց չեն վերաբերվել։ Այդ դեպքում ստացվում է՝ 2002թ. ընդունված «Հարկային ծառայության» եւ «Մաքսային ծառայության» մասին ՀՀ օրենքները տարիներ շարունակ հակասել են «հին» Սահմանադրությանը։ Այս դեպքում կա երկու բացատրություն, թե կառավարությունն ինչու է միայն այժմ որոշել վերականգնել մարդկանց սահմանադրական իրավունքները։ Կամ նոր են նկատել, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը։ Կամ էլ Հարկային ծառայությունն ու Մաքսային կոմիտեն համարվում են իրավապահ համակարգի կառույցներ, այդ պատճառով էլ չփոփոխված Սահմանադրության սահմանափակումը վերաբերում էր նաեւ նրանց։ Սակայն այս դեպքում էլ պարզ չի՝ ինչո՞ւ են նոր Սահմանադրությամբ այս կառույցները տարանջատվել Ոստիկանությունից կամ Դատախազությունից։ Եթե տրամաբանությունն այն է, որ ուսադիր կրող պաշտոնյան պետք է կուսակցական չլինի, ապա նշենք, որ Մաքսայինում էլ կան կոչումներ՝ Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչեւ գեներալ-մայոր։
Բ. Թ.