Շատերին հավանաբար զարմացրեց այն փաստը, որ Վազգեն Մանուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական ժողովը նոյեմբերի 11-ին անցկացվելու է մի այնպիսի տեղում, որտեղ, սովորաբար, թույլ չեն տալիս, որ ընդդիմությունը ոտք դնի` Կառավարության Ընդունելությունների տանը: Ի դեպ, վերջին անգամ այդտեղ ընդդիմության ներկայացուցիչները հայտնվել էին 2000թ., երբ սարդարապատյան համաձայնությունների շրջանակում համաձայնվել էին կառավարության մաս կազմել Արամ Զ. Սարգսյանի վարչապետության օրոք: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նրանք մինչ վերջերս հայտարարում էին, որ չեն կարողանում մի այնպիսի դահլիճ գտնել Երեւանում, որտեղ կտեղավորվեր 1200 մարդ: Ի վերջո, ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի, ընդդիմադիրներին իր օգնության ձեռքը մեկնեց այդ երկու գործիչների հետ բավականին սերտ գործնական հարաբերություններ ունեցող, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ասում են, որ Ա. Աբրահամյանն է իշխանություններին համոզել նրանց տրամադրել Կառավարության Ընդունելությունների տունը: Այսինքն, ճշմարտությունից հեռու չեն այն պնդումները, թե խիստ արեւմտամետի համբավ ունեցող Վազգեն Մանուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի խաղեր են սկսել նաեւ Ռուսաստանում, ընդ որում՝ հենց Արա Աբրահամյանի միջոցով: Եվ այս դուետի նախաձեռնությունները պետք է դիտարկել նաեւ ռուսաստանյան որոշ շրջանակների քաղաքական շահերի պրիզմայով: