235 միլիոնը վտանգի տակ է

04/11/2006

Հեղինակավոր միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը երեկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային կոչ է արել քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառով դադարեցնել օգնության տրամադրումը մի շարք երկրների, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007 թվականին օգնություն ստանալու համար: «Freedom House»-ը կորպորացիային կոչ է անում շրջանցել այն երկրները, որոնք ցածր գնահատականներ ունեն քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների բնագավառում, թեեւ այլ ցուցանիշներով դրանք բավարարում են այս տարվա ընտրության գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չափանիշներին: «Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բութանը, Եգիպտոսը, Հորդանանը, Մալդիվյան կղզիները, Թունիսը եւ Վիետնամը»,- ասված է «Freedom House»-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որով ԱՄՆ-ը առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին հատկացնելու է 235 միլիոն դոլար՝ հիմնականում գյուղական վայրերի զարգացման համար: «Freedom House»-ը հորդորում է կորպորացիային` ուշադրությամբ հետեւել Հայաստանի նման երկրներին, որոնց հետ համաձայնագրեր են կնքվել, բայց որոնք չեն ապահովում հանձն առած չափանիշները ժողովրդավարական կառավարման բնագավառում: «Հայաստանը կորպորացիայի քաղաքականության կարեւոր փորձաքարն է, քանի որ այս տարի ավելի վաղ ստորագրել է համաձայնագիրը: Սակայն դրանից հետո հետընթաց է գրանցում խոստացած բարեփոխումների իրագործման ոլորտում»,- նշել է «Freedom House»՝ հավելելով, թե Հայաստանը չի կատարել կորպորացիային տված իր խոստումը՝ բարելավել ինստիտուցիոնալ հավատարմությունը ժողովրդավարությանը եւ հանդուրժողականությանը՝ ընդդիմության հանդեպ: «Հակառակ կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Դանիլովիչի հորդորի՝ 2005թ. նոյեմբերի սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տված խախտումները չեն հետաքննվել: Հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների կենսագործումը 2006 թվականին կանգ է առել, եւ ընդդիմության կարծիքով՝ առաջիկա ընտրությունները կրկին ուղեկցվելու են խախտումներով: Բազում հակաժողովրդավարական միջոցներ են կիրառվում իշխանությունը պահելու համար: Դատական ճյուղը մնում է գործադիր ճյուղի կողմից քաղաքական ճնշման առարկա: Չնայած նոր օրենսդրություն է ընդունվել լրատվամիջոցների անկախությունն ապահովելու նպատակով, մթնոլորտը լրատվության բնագավառում չի բարելավվել, եւ բռնությամբ ուղեկցվող հարձակումները լրագրողների վրա շարունակվում են»,- եզրափակել է «Freedom House»-ը: