Ասում է՝ օգնեք՝ բացահայտենք

04/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վերջինս ներկայացրեց այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած հանցագործությունների տվյալները, ինչպես նաեւ անդրադարձավ դրա դեմ պայքարին: «ԱԺ-ում նախատեսված էր քրեածին իրավիճակի վերաբերյալ լսումներ, եւ այդ զեկույցը պատրաստվում էինք ներկայացնել 9 ամիսների արդյունքների ամփոփման ժամանակ: Սակայն այսօրվա մամուլը նայելով՝ ես տեսա, որ փակ լսումների փոխարեն, փաստորեն, տեղի ունեցավ բաց լսումներ եւ ամբողջ լսումների ժամանակ ներկայացված դրույթներն արդեն տեղ են գտել ԶԼՄ-ներում»,- նշեց նա՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով չմտահոգվել մեր երկրում տիրող քրեածին իրավիճակից, քանի որ նախորդ տարիներին տեղի ունեցած հանցագործությունների տեղեկատվությանը ծանոթանալով` պարզ կդառնա, որ ներկայումս քրեածին վիճակը բավականին կրճատվել է: «Պետք չէ լինել տաղանդավոր կրիմինոլոգ կամ լավ տեսաբան, որպեսզի պատկերացում կազմես, թե ինչ է կատարվում Հայաստանի քրեածին իրավիճակում: Տեղեկատվությունն ուշադիր զննելու դեպքում պարզ կդառնա, որ ՀՀ-ում ժողովուրդը գոնե այսօր մտահոգ չպետք է լինի հանցավորության վիճակից»,- ասաց նա՝ խորհուրդ տալով ՀՀ Ոստիկանության կայքի միջոցով ծանոթանալ այդ տեղեկատվությանը: Եվ իրոք, պետք չէ լինել կրիմինոլոգ` քրեածին իրավիճակը գնահատելու համար, այլ պետք է լինել միամիտ մարդ` աչք փակելու, այդ թվերին եւ փոխոստիկանապետի հորդորներին հավատալու համար: Ըստ ոստիկանապետի տեղակալի, 9 ամիսների ընթացքում հանրապետությունում պահպանվել է օպերատիվ կայուն վիճակ, եւ հանցավորության դեմ պայքարի աշխատանքները գտնվում են պատշաճ մակարդակի վրա: Հիշեցնենք, սակայն, որ փոխոստիկանապետի նշած 9 ամիսների կայուն օպերատիվ վիճակում սպանվել են Դալարի գյուղապետ Տիգրան Պետրոսյանը, Հարկային պետական ծառայության օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանը, «Հայինկասացիայի» աշխատակիցը, Սեդրակ Զատիկյանը, էլ չենք խոսում շարքային բազմաթիվ քաղաքացիների սպանությունների մասին, որոնց շուրջ ուղղակի աղմուկ չի բարձրանում, եւ հասարակությունն այդ սպանությունների մասին հաճախ տեղյակ չէ: Հանցագործությունների բացահայտման մասին խոսելով՝ պրն Մահտեսյանը վստահեցրեց, որ վերջին 9 տարիների ընթացքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը տատանվում է 83-85%-ի շրջանակներում, ինչն ԱՊՀ երկրներում համարվում է լավագույն ցուցանիշ: «Թերեւս հենց սա է պատճառը, որ առանձին հանցագործության դեպքեր անմիջապես հայտնվում են մեր՝ բոլորիս ուշադրության կենտրոնում: Դեպքեր, որոնք մեր հարեւան երկրների համար ինչ-որ տեղ շարքային են, բայց մեր համար՝ բացառիկ, առանձնահատուկ: Ավելի շատ դասվում են բացառությունների, քան օրինաչափությունների շարքին»,- ասաց փոխնախարարը: Ըստ Ա. Մահտեսյանի` հայ իրավապահները ԱՊՀ երկրների համեմատ` սպանությունների բացահայտման գործում բարձր ցուցանիշ են արձանագրում: Բայց բավական է ընդամենը մեջբերենք նրա խոսքերը, որպեսզի հասկանանք, թե հայ իրավապահներն ինչպիսի ռեկորդներ են խփում. «Դրամափոխանակման կետում կատարված սպանությունը, որի ժամանակ սպանվել էր ոստիկանության աշխատակից, եւ դրան հաջորդող մի քանի ծանր հանցագործություններ շատ արագ ցրեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակը, սակայն օպերատիվ լայնածավալ միջոցառումների շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել այդ հանցագործությունների շարանը եւ պարզվեց, որ այդ հանցագործությունները կատարվել են Վրաստանի քաղաքացիների կողմից: Ինկասատորի սպանության դեպքով բացահայտման աշխատանքները ցույց են տալիս, որ հիմնական վարկածներից մեկով այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում են ոչ թե ՀՀ, այլեւ այլ երկրների քաղաքացիներ»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ ներկայումս այլ երկրների իրավապահ մարմինների հետ հետախուզական աշխատանք է կատարվում: Անդրադառնալով Սեդրակ Զատիկյանի սպանության գործին՝ պրն Մահտեսյանը նշեց, որ օպերատիվ հետախուզական լայնածավալ աշխատանքները դեռեւս դրական արդյունք չեն տվել: «Զատիկյանն իր գործունեության ընթացքում բազմաթիվ կոնֆլիկտներ է ունեցել մի շարք հանցավոր տարրերի եւ գործարարների հետ, որոնցով առաջ քաշված քննչական վարկածներից դեռեւս հնարավոր է եղել հերքել ընդամենը մի ստվար զանգված»,- ասաց նա՝ իր կողմից հիշեցնելով Ալեքսանդր Գիվոեւի սպանության դեպքը, որի հիմնական վարկածը հանցավոր պարզաբանումների հետեւանքն է, որոնց արմատները տանում են ՀՀ սահմաններից դուրս: Սակայն արդյունքներն ի հայտ կգան ավելի ուշ: Շահեն Հովասափյանի սպանությունը պրն Մահտեսյանն առանձնացնում է կատարման եղանակի յուրահատկությամբ, որի համար պահանջվում է մասնագիտական հմտություն, պատրաստվածություն: «Այս գործի բացահայտման աշխատանքները կատարվում է ԱԱԾ կողմից, եւ այս գործով կան կալանավորներ»,- ասաց նա, իսկ սպանության մանրամասներն ավելի ուշ կներկայացվեն: ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալը հանցագործությունների չբացահայտվելու մեջ մեղադրեց նաեւ քաղաքացիներին, քանի որ հաճախ նրանք տիրապետելով հանցագործությունների բացահայտման համար կարեւոր տեղեկությունների՝ խուսափում են այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին: Քաղաքացու վրա մեղքը բարդել պետք չէ, քանի որ քաղաքացին վստահ է. ա)միեւնույն է, չեն բացահայտելու, բ)բացահայտելու դեպքում պատժի չեն ենթարկում, կամ շատ կարճ ժամանակ անց բաց են թողնում հանցագործներին, գ)ինֆորմացիայի աղբյուրը բացահայտում են՝ այդպիսով վտանգի ենթարկելով տվյալ քաղաքացու անձնական անվտանգությունը… եւ այլն, եւ այլն: