7,7 մլն դոլար տվեք ու կերեք՝ ինչ ուզում եք

04/11/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ՀԲ-ն ՀՀ իշխանություններին առաջարկում է այս ոլորտում բարեփոխումներ իրականացնել` առաջնահերթություն տալով Եվրամիություն արտահանվելու հնարավորություն ունեցող ապրանքների կարգերին, այսինքն` գինի եւ ոգելից խմիչք, վերամշակված խեցգետին, քաղցրահամ ջրի ձուկ եւ ձկնկիթ, կովի եւ այծի պանիր, մեղր:

Կ. Վան դեր Մեերի խոսքերով, գործողությունների այս ծրագիրն առաջարկվում է այն պատճառով, որ Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է, սակայն դեռեւս լիարժեք չի օգտվում միջազգային առեւտրից: Անցումը պլանային տնտեսությունից շուկայականի ՀՀ-ում չի ավարտվել: ՀԲ-ն գտնում է, որ Հայաստանում սննդի անվտանգության բնագավառում մի շարք թերություններ կան, ուստի վտանգված է հայկական ապրանքների մուտքն արտասահմանյան շուկա: ՀԲ-ի զեկույցում նշվում է, որ ՀՀ օրենքները համահունչ են ԱՀԿ-ին, սակայն դրանց կիրառումը բացակայում է: «Պլանային տնտեսությունում օգտագործված ԳՕՍՏ-ի չափանիշները դե յուրե վերացվել են 2005թ. հունվարին, սակայն չեն փոխարինվել միջազգային չափանիշների համակարգով` ստեղծելով իրավական անորոշություն»,- ասված է զեկույցում: ՀԲ-ն գտնում է նաեւ, որ այս բնագավառում ՀՀ-ում «չկա օրենքի իշխանություն, փոխարենը առկա է շատ մեծ հայեցողական իշխանություն»: Առաջարկվող 42 գործողությունները ներկայացնելուց հետո ՀԲ-ն իր զեկույցում անդրադարձել է նաեւ դրանց ֆինանսավորմանը: «Իրականացման ֆինանսավորումը պետք է տրամադրվի կառավարության միջոցներից, իսկ աջակցությունը` դոնորների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Երկարաժամկետ կտրվածքով, նոր ջանքերը կարող են ֆինանսավորվել այն խնայողություններից, որոնք կարող են գոյանալ արդյունավետության բարձրացման, ԳՈՍՏ-ի հնացած միջոցառումների դադարեցման եւ ստորադաս առաջնահերթություն ունեցող աշխատանքների աստիճանական դադարեցման միջոցով»,- նշվում է զեկույցում: Ընդ որում, ՀԲ-ն ֆինանսավորման կոնկրետ թվերից է արդեն խոսում: Նախնական հաշվարկով, պետական ոլորտի գործողությունների համար պահանջվելու է 7,7 մլն դոլար: Կ. Վան դեր Մեերի խոսքերով, հետագա քայլերը դեռ կոնկրետացված չեն: «Դա կախված է ՀՀ կառավարությունից: Արդյոք կընդունե՞ն, թե՞ կփոփոխեն այս գործողությունների պլանը: Կառավարությունը կարող է խորհրդակցել նաեւ այլ դոնոր կազմակերպությունների հետ»,- ասում է ՀԲ խորհրդատուն: ՀԲ-ի զեկույցն արժանացավ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցչի անհավանությանը: Վերջինս նկատեց, որ առաջարկվող գործողությունների ծրագրում հաշվի չի առնվել ՀՀ պետական մարմինների կողմից կատարված աշխատանքը: Նախարարության ներկայացուցիչը գտնում է, որ մենք սննդի անվտանգության բնագավառում եվրոպական ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ ենք ընդունել, լավ օրենսդրություն ունենք: Կ. Վան դեր Մեերն էլ պատասխանեց, որ սննդի անվտանգությունը միայն 10%-ով է ապահովվում օրենքով, մնացածը կատարվում է կանոնակարգերի հիման վրա: ՀԲ խորհրդատուի զեկույցից հետո «AEPLAC»-ի ներկայացուցիչ Գագիկ Գաբրիելյանը ներկայացրեց այս կազմակերպության նկատառումները: Նա ասաց, որ ՀԲ-ի կողմից առաջարկվող բոլոր գործողությունները կարեւոր են, սակայն դրանց իրականացման համար հայեցակարգային մոտեցում է պետք: «Առանց հստակ ու լայն հայացքի կամ տեսլականի` նույնիսկ այն գործողությունները, որոնք լավ են առանձին վերցրած, կարող են խնդիրներ առաջացնել ուրիշների հետ համակցվելու դեպքում»,- նշեց Գ. Գաբրիելյանը: Նրա խոսքերով, ծրագրում պետք է ուշադրություն դարձնել մասնավոր հատվածին: «Օրինակ, շատ լավ ստանդարտներ ընդունելով` կարող ենք վնասել արտադրողին: Կամ կարող ենք ընդունել շատ լավ ստանդարտներ, որոնք չեն կիրառվելու»,- ասաց «AEPLAC»-ի ներկայացուցիչը:

Մասնավոր հատվածի անունից սննդի անվտանգության մասին խոսեց «Սթար» խանութների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Նա համոզված է, որ վերջնական սպառողին արտադրողի պրոբլեմները չեն հետաքրքրում, ուստի մանրածախ առեւտրի ցանցերը մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա: Մասնավորապես, վատորակ ապրանքները վնաս են հասցնում խանութների գործին: Վ. Քերոբյանը դժգոհեց մատակարարման շղթայի անկատար վիճակից, որ մատակարարողներն աշխատում են վատ տեխնիկաներով ու վատ պայմաններում: «Եթե դուք տեսնեք, թե նույնիսկ ամենալավ երեւանյան խանութներն ինչպես են միս ստանում, անմիջապես բուսակեր կդառնաք»,- ասաց «Սթարի» տնօրենը: Նրա խոսքերով` բացակայում են որակի ստուգման անկախ ինստիտուտը, սնունդ վաճառվող վայրերում նորմալ սանիտարական պայմանները: «Օրինակ, ԳՈՒՄ-ի շուկայի մսի պասաժները լինելու իրավունք չունեն»,- նշեց Վ. Քերոբյանը: Ըստ նրա, թեեւ «Սթար»-ում վաճառվող մսեղենն ամեն օր իրենց կողմից ստուգվում է, բայց ոչ բոլոր հիվանդությունների համար: Վ. Քերոբյանը նշում է նաեւ նորմալ ու անվտանգ սպանդանոցների բացակայության փաստը:

Այս եւ շատ այլ խնդիրներ այսօր ծառացած են հայ սպառողի առջեւ: Արդյոք դրանք լուծում ստանալո՞ւ են մի օր: ՀԲ-ն մի ամբողջ փաստաթուղթ է ներկայացնում, բայց ասում է, որ վերջնական որոշումը պետք է ՀՀ կառավարությունը կայացնի: