Լոս Անջելեսում ձայներիզների վաճառքի առաջատարը Թաթան է

04/11/2006 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Այս փոքրիկ խանութում կարելի է գտնել ամեն ինչ` երեւանյան ամենավերջին CD-ներից ու DVD-ներից մինչեւ Ալլա Պուգաչովա եւ Ձախ Հարութ: Սեփականատերը 80-ամյա Գեւորգ Բարսեղյանն է. «Մարդիկ կարծում էին, որ այս գործը ես հիմնեցի փողի համար: Բայց դա այդպես չէ: Սա սկսեցինք ու հայկական ձայներիզներ էինք վաճառում հայապահպանման համար: Այն ժամանակ Եվրոպայից տեղափոխված հայերը, որոնց մեծ մասը գերիներ էին (երկրորդ աշխարհամարտի.-Ա.Ա.) հայերեն չէին խոսում, բոլորն անգլերեն կխոսեին»:

Երեւանի բոլոր արտիստները գիտեն, որ «Բարսեղյան ռեկորդսը» հայկական շոու-բիզնեսի թերեւս միակ կղզյակն է, որտեղ վաճառվում են միայն արտոնագրված ապրանքներ: Ստուդիան Երեւանից գնում է վաճառելու իրավունքը եւ բազմացնում սեփական ուժերով: Այդ պատճառով էլ չկա մի դերասան կամ երգիչ, որ այցելած չլինի պարոն Գեւորգին: Սրահի անկյունի փոքրիկ սենյակում էլ պարոն Գեւորգի լուսանկարների հավաքածուն է՝ բոլոր այն մարդկանց լուսանկարները, ովքեր այցելել են: Խնդրեցի ասել, թե ով է ամենամեծ տպավորությունը թողել: Նա ասաց, որ այդ ցանկում հինգ հոգի են՝ Ռուբեն Մաթեւոսյանը, Կարպ Խաչվանքյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ֆրունզե Դովլաթյանն ու Արմեն Ջիգարխանյանը:

Դեռեւս մի քանի տարի առաջ «Բարսեղյան ռեկորդսը» զբաղվում էր ոչ միայն վաճառքով, այլեւ իր արտադրման ստուդիան ուներ. ձայնագրում էր երգիչներին, ուներ վիդեոծառայություններ, լուսանկարչական սրահ: Այժմ ծառայությունների ոլորտը հասցված է նվազագույնի` միայն առեւտուր: Եվս մի քանի տարի` եւ Գեւորգ Բարսեղյանն արդեն վերջնականապես հրաժեշտ կտա խանութին: Գործը կտակելու է կրտսեր որդուն, որն այժմ զբաղվում է խանութի ինտերնետային վաճառքի գործով: «Մեր դիսկերն ուղարկում ենք Ավստրալիա, Գերմանիա, Կանադա, Ուրուգվայ, Արգենտինա, Չինաստան, Ֆրանսիա: Ամեն օր գրեթե 10-15 CD ենք ուղարկում փոստով: Այս էլեկտրոնային առեւտուրն է, որ մեզ շահույթ է բերում: Ի դեպ, ամենաշատն ուղարկում ենք Նյու Յորքի հայկական եկեղեցիներ: Մի անգամ էլ մի մեծ խմբաքանակ, 6000 դոլարի ձայներիզ ուղարկեցինք Մարսել: Բայց գումարը չստացանք, խաբեցին…»,- ասում է կրտսեր Բարսեղյանը: Մի կին է մտնում, խնդրում է անձնագրի համար լուսանկարել: Զրույցն ընդհատում ենք: Այդ ընթացքում նոր խմբաքանակը ձեռքին խանութ է վերադառնում Երեւանից Լոս Անջելես տեղափոխված 27-ամյա Համիկը, որն արդեն ութ տարի աշխատում է Գեւորգ Բարսեղյանի հետ: Համիկն ալեհեր ծերունու աջ ձեռքն է։ «Ձայներիզների հիմնական վաճառքն ԱՄՆ-ում է: Եվրոպայում առեւտուր չկա, այնտեղ վաճառում են ապօրինի ձայներիզներ, ինչպես Երեւանում»: Համիկի պատմելով, բացի անօրինական ձայներիզներից, բիզնեսը դժվարացել է նաեւ նոր տեխնոլոգիաների պատճառով. «Եթե առաջ հինգ ընկերներով գալիս էին ու հինգ CD գնում, ապա այժմ գնում են ընդամենը մեկը եւ համակարգչի միջոցով բազմացնում են»: Ի դեպ, ձայներիզների վաճառքով առաջատարը Թաթան է: Նրա դիսկերն ամենաարագն ու շատն են վաճառվում: Նրա հիմնական մրցակիցն Արմենչիկն է:

Համիկն արագ-արագ խոսում է, եւ անցնում իր գործին: Գեւորգ Բարսեղյանն էլ, իրենց մոտ այցելած կնոջը լուսանկարելուց հետո, եզրափակում է. «Նախկինում մտահոգվում էինք, որ հայերենը պահպանվի: Հիմա մտածում եմ. անգլերեն է պետք իմանալ: Առանց դրա այս երկրում չես կարող ոչինչ անել»: Գեւորգ Բարսեղյանն իսկապես ճիշտ է ասում, սակայն պետք է նշել, որ լոսանջելեսահայությունն այսօր ավելի շուտ հայերեն գիտի, քան անգլերեն: