Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իլդիրիմը, Վրաստանի
տնտեսական զարգացման նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին եւ Ադրբեջանի տրանսպորտի
փոխնախարար Մուսա Փանահովը Թբիլիսիում ստորագրեցին Ախալքալաք-Կարս
երկաթգծի նախագծման եւ կառուցման մասին պայմանագիրը, ըստ որի` պետք է
կառուցվի 120 կիլոմետրանոց երկաթգիծ, որի 90 կմ-ն անցնում է Թուրքիայի,
իսկ 30 կմ-ն՝ Վրաստանի տարածքով: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է
վերագործարկել Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծը, որով էլ կամբողջանա
երկաթուղային հաղորդակցությունը Թուրքիայի եւ Վրաստանի, ինչպես նաեւ՝
Վրաստանի միջոցով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մտադրությունն
իրագործելու դեպքում կովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ
հաղորդակցությունը կամրապնդվի՝ ուղղակիորեն շրջանցելով Հայաստանը, եւ
Կարս-Գյումրի երկաթգծի վերաբացումը կմղվի երկրորդ պլան՝ կորցնելով իր
հրատապությունը: Մինչեւ հիմա մեր տարածաշրջանի երկրների միջեւ
երկաթուղային կապը հնարավոր էր բացառապես Հայաստանի միջոցով, եւ չկար
որեւէ այլընտրանքային տարբերակ: Կարսը Ախալքալաքին կապող երկաթուղին
շրջանցում է Հայաստանը, ինչի պատճառով էլ մեր երկիրը կկրի վնասներ թե՛
սեփական հաղորդակցության ուղիները որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու
եւ թե՛ որպես տրանսպորտային խաչմերուկ իր նշանակությունը կորցնելու
առումով: Եվ մինչ հայաստանյան պատվիրակությունը կապի եւ տրանսպորտի
նախարար Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ Թբիլիսիում մասնակցում էր
Կովկաս-Փոթի լաստանավային ուղու բացման մասին համաձայնագրի ստորագրմանը,
որն, ի դեպ, Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով կդառնա Ռուսաստանը
Հայաստանին կապող միակ ուղին, թուրքական կողմն, ի դեմս տրանսպորտի
նախարարի, հայտարարեց, որ վերոհիշյալ երկաթգծի շինարարությունը նախատեսում
է սկսել 2005թ., եւ դրանում շահագրգռված են ոչ միայն պայմանագիրը
ստորագրած կողմերը, այլեւ տարբեր միջազգային ֆինանսական
կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոբանկը: Իսկ դա նշանակում է, որ
միջազգային հանրությունը դրականորեն է վերաբերվում կովկասյան
տարածաշրջանում նոր հաղորդակցության ուղիների բացմանը, եւ փաստը, որ այն
շրջանցում է մինչ այդ տվյալ ոլորտում անփոխարինելի հնարավորություններ
ունեցող Հայաստանին, վկայում է, որ Կարս-Գյումրի երկաթգծի բացման
քաղաքական խոչընդոտների հաղթահարումն, ըստ միջազգային ֆինանսական
կառույցների, մոտ ապագայում հավանական չէ: Նոր երկաթգծի արժեքը կազմում է
մոտ 400 մլն ԱՄՆ դոլար, եւ թուրքական կողմը հայտարարել է, որ պատրաստ է
ֆինանսավորել ինչպես թուրքական, այնպես էլ՝ վրացական հատվածի
շինարարությունը: Այս նախագիծը նաեւ հաստատում է այն փաստը, որ չնայած ՀՀ
իշխանությունների այն հայտարարությանը, թե հայկական կողմը պատրաստ է առանց
նախապայմանների վերաբացել Կարս-Գյումրի երկաթգիծը, թուրքական կողմը
նախընտրում է ծախսել 400 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանին ընդառաջ գնալու
փոխարեն, ինչն այնքան էլ արժանահավատ չի հնչում: Եվ նույնքան էլ տարօրինակ
էր իշխանությունների արձագանքն այս փաստին: ԱԳՆ խոսնակ Համլետ Գասպարյանը
հայտարարեց, որ Հայաստանը կողմ է Կարս-Գյումրի երկաթուղու բացմանը, բայց
դա ավելի շատ հերթապահ հայտարարություն էր հիշեցնում: Իսկ թե կոնկրետ ինչ
քայլեր են արվել այդ ուղղությամբ, անհայտ է: Կարս-Ախալքալաք երկաթգիծը
թուրքական կողմի համար նաեւ Ջավախքում ինտեգրվելու անփոխարինելի
հնարավորություն է, դրա հետ մեկտեղ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցվելու
ամենակարճ ճանապարհը: Որ այդ համագործակցությունն անուղղակիորեն ուղղված է
Հայաստանի դեմ, հասկանում են բոլորը, այլ հարց է, թե ինչ կձեռնարկեն
իշխանությունները՝ որպես հակաքայլ: Իսկ նման մտադրություն Հայաստանը
կարծես թե չունի։ Տպավորություն է ստեղծվում, թե այս ամենը մեզ չի
առնչվում:
Այս պատմությունը մեզ հիշեցնում է Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումը,
որի դեպքում Հայաստանը շրջանցվեց՝ այդ շինարարությունը դարձնելով ավելի
թանկ, քան նախատեսված էր: Նավթամուղը կառուցվեց, նույն հաջողությամբ
կկառուցվի նաեւ երկաթգիծը, եւ էական չէ, թե որ կողմն է ավելի շատ
շահագրգռված Հայաստանը շրջանցելու գործում՝ Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան:
Երկու դեպքում էլ մեզ մնում է միայն ցավով հաշվել այն կորուստները, որ
կրում է մեր երկիրը՝ դուրս մնալով հաղորդակցության ուղիներից: Տարանցիկ
երկիր դառնալու մեկ այլ հնարավորություն էլ մենք կորցրինք ռուսական կողմի
ակտիվ ճնշումների ներքո՝ Իրան-Հայաստան գազամուղը, նախատեսված 1100 մմ
տրամագիծ ունեցող խողովակաշարի փոխարեն, կկառուցվի 720 մմ տրամագծով, ինչը
բացառում է իրանական գազի տարանցումը Հայաստանի տարածքով: Տնտեսական
դաշտում յուրաքանչյուր հաղթանակ կամ պարտություն վարվող արտաքին
քաղաքականության տրամաբանական արդյունքն է, եւ «քոմփլեմենթարիզմի ծիրին»
մեջ հայտնված Հայաստանը շարունակում է ճաշակել հերթական դառը պարտության
պտուղները՝ մինչ մեր երկիրը շրջանցող մեկ այլ նախագծի իրականացում: