Աշխատեցնում են ու չեն վճարում

04/11/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոյեմբերի 2-ին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայկական ավիաուղիներ»-ի (ՀԱՈՒ) նախկին աշխատակիցները: Արդեն երեք ամիս է, ինչ նախկին աշխատակիցներն ամեն հինգշաբթի հավաքվում են նույն վայրում եւ պահանջում են 2003թ. վեց ամիսների ընթացքում կուտակված իրենց հասանելիք աշխատավարձերը, որը կազմում է 186 մլն դրամ: «Տու-154» օդանավի ղեկապետ Վարուժան Վարդանյանի խոսքերով, կառավարության որոշման համաձայն, մինչեւ 2003թ. դեկտեմբերի 31-ը նրանց աշխատավարձերը պետք է վճարվեին, բայց այս երեք տարվա ընթացքում ոչ մի շարժ չի նկատվել: «Մի էտապում 343 աշխատողներիս 167 հազար դրամ բաժանեցին, իսկ 186 մլն-ը մնաց: Մենք պահանջում ենք, որպեսզի «Հայկական ավիաուղիների» գույքի վաճառքից առաջացած 200 մլն դրամը բաժանվի աշխատողներին. այն լիովին բավականացնում է մեզ, սակայն դրա համար կառավարության որոշումն է պետք: Երկու շաբաթ առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը մեզ ընդունեց, որպեսզի մեր պահանջը հասցներ վարչապետին, բայց մինչ օրս չեն արձագանքել: Նախարարը մեզ ընդունեց, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց»,- ասում է Վ. Վարդանյանը: ՀԱՈՒ նախկին օդաչուների 90 տոկոսը ներկայումս անգործ են, նրանցից միայն 10-15-ն են աշխատանքի անցել «Արմավիայում»: Սակայն, ինչպես նկատում է նախկին ղեկապետը՝ իրենք գործ չեն ուզում, այլ միայն իրենց աշխատավարձերն են պահանջում: Կառավարության կողմից իրենց արդարացի պահանջին ընթացք չտալու պարագայում օդաչուները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչությունից (ՔԱԳՎ) մեզ պատասխանեցին, որ այդ հարցով զբաղվում է ՀԱՈՒ լուծարային հանձնաժողովը: Իսկ հանձնաժողովի նախագահ Հ. Ղամբարյանն օդաչուների աշխատավարձերի մարման առնչությամբ տեղեկացրեց, որ անիմաստ է համարում աշխատավարձերի վճարման հարցը 10 օրը մեկ բարձրացնել, որովհետեւ կառավարությունն իրավասու չէ համապատասխան որոշում կայացնելու, քանի որ լուծարված ընկերության հարցերը կարգավորվում են միայն ՀՀ «Սնանկացման մասին օրենքով», ինչը ենթադրում է սահմանադրական փոփոխություն: «Օդաչուների աշխատավարձերի լուծման խնդիրը կապված չէ մեր վարույթի հետ: Եթե կառավարությունը բարի կամք դրսեւորի եւ հրաժարվի իր հասանելիք գումարներից, այսինքն` օրենքով նախատեսված օտարված գույքի ավելացված արժեքից, ապա միայն այս դեպքում հնարավոր է ՀԱՈՒ-ի օտարված գույքից գոյացած գումարներով աշխատավարձերի բաշխում կատարել»,- նշեց Հ. Ղամբարյանը: