Պարզվում է՝ բոլոր այն երկրները, որոնք ունեն արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ, իրենց երկրի ներսում արտադրում են ամեն ինչ։ Համենայնդեպս, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի խոսքերից հենց այսպիսի տպավորություն ստեղծվեց։ «Չեմ պատկերացնում, որ Հայաստանը երբեւէ կունենա արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ»,- 2007թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ ասաց Վ. Խաչատրյանը։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի կարող ավելի շատ արտահանել, քան ներմուծել։ Ըստ նախարարի, դա կնշանակի, որ Հայաստանն իր ներսում պետք է ամեն ինչ արտադրի՝ սկսած բջջային հեռախոսներից ու վերջացրած ներմուծվող մյուս բաներով։ Ստացվում է՝ դեռ Ադամ Սմիթի կողմից քարոզվող աշխատանքի միջազգային բաժանման սկզբունքը Հայաստանի դեպքում չի աշխատում։ Այսինքն, հնարավոր չէ մասնագիտանալ, ասենք, պանրի արտադրության մեջ, մեծ չափով պանիր արտահանել, իսկ, օրինակ, պամպերսը ներմուծել դրսից։ Իսկ այնպիսի երկիր, որն ամեն ինչ արտադրում է եւ ոչինչ չի ներմուծում, գոնե մեզ հայտնի չէ։ Միգուցե դրանք նույն այն երկրներն են, որոնք կերազեին մեր արտաքին առեւտրի ցուցանիշի պես ցուցանիշ ունենալ։ Եթե հավատանք Վ. Խաչատրյանին, այդպիսի երկրներ շատ կան։