Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ չունեն, եւ Հայաստանն ավելի շուտ ներկայանում է հաշվետուի կարգավիճակով: Դրա համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, որոնք, ելնելով անձնական շահերից, զիջել են մեր երկրի ինքնուրույնությունը: Երեկ «Փաստարկ» ակումբում նման հայտարարություն է արել Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը: Նա երեկ նաեւ նշել է, թե Հայաստանի վարած կոմպլեմենտար քաղաքականությունը «հիմարություն է»:
Հարմարվե՞լ ստեղծված իրավիճակին: Ըստ Ա. Սարգսյանի՝ ոչ: ՀԴԿ ղեկավարն իշխանությունը փոխելու եւ համակարգային փոփոխությամբ մեր երկրի ինքնուրույնությունը վերականգնելու կողմնակիցներից է: Իսկ արդյո՞ք այդ դեպքում Ռուսաստանի իշխանությունը չի դառնում իր` կամակատարի վերածված իշխանության բնական դաշնակից, եւ արդյո՞ք չի անի ամեն ինչ, որ 2007 թվականին իշխանությունը մնա ներկայիս վարչակարգի ձեռքին: «Մինչ այսօր այդպես էլ կար, բայց գիտե՞ք ի՞նչն է փոխվում ընթացքում: Երբ գործընկեր են փնտրում, շատ ժամանակ, այո, հարմար է նա, ով պատրաստ է ձեր բոլոր պահանջները կատարել: Բայց երբ այդ պահանջներ կատարողն իր մտքին նաեւ ուրիշ բան է պահպանում, այսինքն՝ դա համոզմունք չի, դա պարտադրված կեցվածք է, ապա սկսում են արդեն փնտրել նրանց, ովքեր համոզված քաղաքական կեցվածք կունենան եւ կիրականացնեն ավելի ինքնուրույն քաղաքականություն, գործընկերոջ քաղաքականություն, բայց շատ ավելի վստահելի գործընկերոջ»,- գտնում է ԱԺ պատգամավորը: Բացի այդ, ըստ նրա, աշխարհաքաղաքական գործողությունները շատ արագ են ընթանում, ու հիմա «այս պարոնների ժամանակն անցել է», եւ պետք են վստահելի գործընկերներ, որոնք կլինեն հստակ իրենց դիրքորոշումներում եւ «կպաշտպանեն իրենց սեփական շահը նույնպես, ինչպես կպաշտպանեն կոլեկտիվ շահը»: Նա համոզված է, որ Ռուսաստանն արդեն գործնականում սկսել է իր համար այդօրինակ գործընկերոջ որոնումները: Աժ պատգամավորը, ելնելով պետական գույքի մասնավորեցման ընթացքից, եզրակացրել է, որ մեր երկրի իշխանությունը կամ հիմար է, կամ կոռումպացված, քանզի ձեռնարկությունները վաճառվում են չնչին գնով, իսկ հետո սեփականատերերին բերում են ահռելի շահույթ: Պատգամավորը մասնավորապես նշել է կոնյակի գործարանի եւ «ԱրմենՏելի» մասին: Ա. Սարգսյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում արդեն օտարվում է նույնիսկ բնակֆոնդը: Նրա խոսքերով՝ Հայաստանում բնակարանների արդեն ավելի քան 20-22 տոկոսը գնել են օտարերկրացիները: «Սա ահռելի թիվ է: Դրա համար էլ մենք զգուշացնում էինք, որ եթե Թուրքիայի հետ սահմանները հենց այնպես, առանց որեւէ պայմանի, նախապատրաստման բացվեն, մենք կորցնելու ենք մեր բնակֆոնդը»,- երեկ ասել է Արամ Գ. Սարգսյանը ու նրանց, ովքեր առաջարկում են մի կողմ դնել ցեղասպանության հարցն ու ջանքեր գործադրել հայ-թուրքական սահմանը հնարավորինս շուտ բացելու ուղղությամբ, որպեսզի «Հայաստանը ծաղկի», հարցնում է. «իսկ Թուրքիան ուզո՞ւմ է, որ Հայաստանը ծաղկի»: Հետաքրքիր է, իսկ ըստ ՀԴԿ ղեկավարի, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ուզո՞ւմ է, որ Հայաստանը ծաղկի: Պարզվում է՝ այո, քանի որ «Ռուսաստանին թույլ գործընկերներ այնքան էլ պետք չեն»: «Եթե դա լիներ 10 տարի առաջ, կարող է՝ այդպես լիներ: Հիմա եւ՛ քարտեզն է փոխվում, եւ՛ ձեւաչափն է փոխվում, եւ՛ էությունն է փոխվում աշխարհաքաղաքական այս գործընթացների ընթացքում: Բոլորը պետք է ձգտեն ունենալ շատ ավելի հուսալի, ամուր եւ հզոր գործընկերներ,- նշել է պարոն Սարգսյանը՝ հավելելով,- Պարզ խոսենք՝ Հայաստանն ինչքան էլ հզորանա, հո Ռուսաստանի հզորությանը չի՞ հասնի, ինչի՞ց պետք է նրանք վախենան: Հակառակը՝ նրանք պետք է շատ ուրախ լինեն, որ այդպես լինի»: Այնուհետեւ պատգամավորն առաջարկել է խոսել օրինակներով ու բերել է հետեւյալ օրինակը. «Հարցն այն չի, թե ճի՞շտ էր էներգետիկ համակարգի 80-90%-ն այլ երկրի տալը, ես ասել եմ, որ դա սխալ է, բայց այդ էներգետիկ համակարգն աշխատում է եւ բավականին արդյունավետ էլ աշխատում է: Այլ հարց է, թե մենք չէի՞նք կարող արդյոք այդ ամենն ապահովել»: Թերեւս մոռանալով «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների ճակատագրի մասին՝ ՀԴԿ ղեկավարն ասել է, թե ՌԴ-ն պետք է ամեն կերպ աջակցի եւ աջակցելու է, որ այդ ձեռնարկություններն աշխատեն: ԱԺ պատգամավորը գտնում է նաեւ, որ ՆԱՏՕ-ի մասին մտածելուց առաջ ՀՀ-ն պետք է մտածի, որ ՌԴ է գնացել մոտ մեկ միլիոն հայաստանցի, ովքեր այնտեղից պահում են այստեղի իրենց հարազատներին: «Եթե մենք կարող ենք մեր անվտանգության եւ այդ մարդկանց աշխատանքի հարցերը լուծել, դա այլ խնդիր է»,- ասել է նա:
Էլ «աջափսանդալ» չեն սիրում
Արամ Գ. Սարգսյանը երեկ ասել է, թե ընդդիմությունը 41 մեծամասնական ընտրատարածքներում ձգտելու է ունենալ մեկական թեկնածու: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե քաղաքական դաշտում անցել է «աջափսանդալների ժամանակն» ու եկել է գաղափարական պայքարի ժամանակը: Ըստ նրա, ՀԴԿ-ն ինքնուրույն ուժ է, որեւէ մեկի կցորդ չի լինի եւ 2007թ. ընտրությանը կգնա սեփական ծրագրով: «Ում հետ մեր ծրագիրը կհամընկնի, մենք նրանց հետ կհամագործակցենք, բայց ծրագրային հիմքի վրա: Այլեւս մենք չենք գնալու այն աջափսանդալների ձեւավորմանը, որոնք արդյունքում լրիվ այլ խնդիր են լուծում»,- ասել է Ա. Սարգսյանը: Նրա խոսքերով՝ «աջափսանդալը» չի վերաբերում 2003 թվականին, քանզի այն ժամանակ հստակ խնդիր էր դրված, որը սակայն «չհաջողվեց լուծել»: Այդ դեպքում ի՞նչն է փոխվել, որ նա այժմ գաղափարական դաշինքի կողմնակից է: «Այս իշխանությունն այդքան էլ նույն վիճակում չէ, ինչ 2003-ին էր: Այն ժամանակ նրանք վերարտադրության մեկ ճանապարհ ունեին, եւ այն իրականացրին: Հիմա իշխանության վերարտադրության մի քանի տարբերակ կա: Խոսքն այն մասին է, որ մոտեցումը պետք է լինի այնպիսին, որ դուք գալով իշխանության` կարողանաք իրականացնել հստակ ծրագիր, եւ չլինի, որ մեկն այս կողմ գնա, մեկն այն կողմ քաշի, եւ այլն», ասում է Արամ Գասպարի Սարգսյանը: