Հիմա էլ փողն անելիք չունի

07/05/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանը ընդգծված հակասությունների երկիր է։ Պաշտոնական տվյալներով
անգամ երկրի բնակչության կեսից ավելին աղքատ է եւ դժվարությամբ է օրվա
հացի փող հայթայթում։ Տրամագծորեն հակառակ պատկեր է խոշոր գործարարների
շրջանում։ Որքան էլ որ տարօրինակ է, նրանց փողն անելիք չունի։ Այս պատկերը
ստեղծվել է վերջին 10-15 տարիների տնտեսական զարգացումների արդյունքում։
1996-98թթ. մամուլում արդեն կային մասնագիտական վերլուծություններ, որ
մանր ու միջին գործարար կապիտալը Հայաստանում գործելու ոլորտ չունի։
Տնտեսական այս վերլուծությունները պաշտոնական արձագանքի չարժանացան։
Արդյունքում այդ կապիտալը հիմնականում արտագաղթեց։ Մանր ու միջին հայ
գործարարներ այսօր կարելի է տեսնել ԱՊՀ երկրներում, հեռավոր արտասահմանում։
Պետությունը երկար ժամանակ ձեւացնում էր, թե չի նկատում տնտեսական այս
գործընթացը։ Ձեւացնել իսկապես կարելի էր, որովհետեւ երեւութական որոշ
փոփոխություններ կարելի էր ընկալել (կամ՝ ներկայացնել) որպես առաջընթաց։
Մայրաքաղաքում արագ-արագ բազմանում էին շքեղ սրճարանները, խանութները,
անգամ բենզալցակայանները։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այն փաստի
վրա, որ գործարար կենդանի կապիտալը դառնում էր ընդամենը բետոն ու մարմար։
Անընդհատ հարստացող խոշոր գործարարներին չէր հաջողվում բիզնեսի նոր
ոլորտներ գտնել։ Պետությունն էլ ինչ-որ ժամանակ անց կանգնեց այս փաստի
առջեւ։ Երեք-չորս տարի առաջ կառավարությունն իր նախարարություններով մի
քանի ամիս չէր կարողանում բիզնես-ծրագիր գրել «Լինսի» հիմնադրամի համար։
Պարզվեց, որ Հայաստանի համար լուրջ խնդիր էր 100 մլն դոլար կապիտալ
ներքաշելն ու աշխատեցնելը։ Փրկության օղակ դարձան շինարարությունն ու
ճանապարհաշինությունը։ Հայաստանում՝ ինչպես ցանկացած լեռնային երկրում,
ճանապարհ կառուցելը թանկ գործ է։ Փողը հաջողվեց տեղավորել այս ոլորտում։
Փոխարենը՝ շինարարական նման ծավալի պատվերները փոխեցին տնտեսության
կառուցվածքը։ Շինանյութերի ներմուծումն ու արտադրությունը, բուն
շինարարությունը առաջին պլան մղվեցին, տնտեսական աճ ապահովելով 2003,
մասամբ էլ՝ 2004թ. համար։ «Լինսի» ծրագրի ավարտից հետո առանձին լուրջ
խնդիր դարձավ շինարարական բիզնեսի համակարգը ցնցումներից փրկելը։
Այս ընթացքում դրական կարելի է համարել, որ երկրի տնտեսական
իշխանությունները բախվեցին այս փաստի հետ՝ համոզվելով, որ կապիտալը
Հայաստանում անելիք չունի։ Մինչ այդ, իշխանությունները, փող ներգրավելու
մոլուցքով, տարեկան 50-100 մլն դոլարով ավելացնում էին երկրի արտաքին
պարտքը։ Պետական որեւէ պաշտոնյա լուրջ չէր ընդունում երկրի ներսում
ֆինանսական միջոցներ հայթայթելու առաջարկը։ Հիմա հակառակ պատկերն է.
երկիրն այլեւս արտաքին վարկային միջոցների ներգրավման ակտիվ
քաղաքականություն չի վարում։ Իսկ կառավարությունն իր ծրագրերի
ֆինանսավորումն իրականացնում է ներքին ֆինանսական միջոցներով։
Ֆինանսական ներքին շուկան ուսումնասիրող մասնագետները եւս պնդում են, որ
Հայաստանում կապիտալի ավելցուկ կա։ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի
աստեղային պահը 1999-ի ամառն էր։ Այս շրջանում ՀՀ կառավարությունը երկրի
ներսում պարտք էր վերցնում, խոստանալով 80-90% շահույթ։ Ֆինանսական
համակարգն անգամ ռուսական դեֆոլտի խայտառակ օրինակն ունենալով գնում էր
շուկա հանված բոլոր պարտատոմսերը։ Սա դժվար չէ բացատրել նրանով, որ
բանկային կապիտալը եւս Հայաստանում անելիք չունի։ Արդյունքում՝ ընկավ
պարտատոմսերի շահութաբերությունը։ Հիմա Ֆինանսների նախարարությունը
շրջանառության մեջ է դրել միջնաժամկետ պարտատոմսեր։ Դրանց
շահութաբերությունն ավելի ցածր է, քան բանկերը խոստանում են ներգրավվող
ավանդների դիմաց։ Հայկական տնտեսությունը հերթական աբսուրդն է
արձանագրում։ Բանկերը սիրահոժար գնում են ցածր եկամուտ ապահովող
պարտատոմսեր։ Պատճառը երեւի այն է, որ ավելի մեծ շահույթ տնտեսության այլ
ոլորտներում չկա։ Բանկային համակարգի վերջին շրջանի նորամուծությունը՝
հիպոթեքային (անշարժ գույքի գործառույթների համար) վարկերն արդյունավետ
չեն եւ մեծ ծավալներ չունեն։ Այն, որ կապիտալը Հայաստանում դժվարությամբ է
շրջանառության ոլորտ գտնում, միայն իշխանությունների մեղքը չէ։ Գործարար
նոր հայն իր տեսակով նախաձեռնող չէ։ Տնտեսության ոլորտներն իրար մեջ
բաժանելուց հետո խոշոր գործարարները դժվարությամբ են նոր, ինքնատիպ
ձեռնարկներ սկսում։ Տարիներ առաջ, հայ բանվորը, հենց ձեռքն ազատ փող էր
ընկնում, Զեյնաբ Խանլարովայի նկարով սինի էր գնում ու տեղադրում տան
սպասքի գլխավոր պահարանում։ Բոլորի տները նույն տեսքն ունեին։ Այսօր էլ
հայ գործարարն ինքնատիպ ոչինչ չձեռնարկելով՝ գերադասում է փողը ներդնել
հյուրանոցային բիզնեսի, խանութ-սրճարանների կերտման լայնամասշտաբ
գործընթացում։ Բայց, այս մասշտաբը եւս ի վիճակի չէ կլանել երկրի ներսում
եղած ֆինանսական միջոցները։
Տնտեսագետները հիմա արդեն սկսել են խոսել խոշոր կապիտալի արտահոսքի մասին։
Արտահոսք, որը պայմանավորված չէ կլանային տնտեսության, գործունեության
ոլորտների վերաբաժանման, ներքին տնտեսական պայքարի տրամաբանությամբ։
Պատմաքաղաքական գործընթացների արդյունքում Հայաստանում ձեւավորվել է
տնտեսական մի միջավայր, որտեղ նոր տնտեսական պատկերացումները, նոր
տեխնոլոգիաները գործունեության ոլորտ չեն ապահովում երկրում կուտակված
կապիտալի համար։ Նացիոնալիստ ու ինտեր նացիոնալիստ սոցիալիստները կասեին՝
ազգային կապիտալին։ Ազգային կապիտալն էլ ազգի հետ արտագաղթի ճամփա է բռնել։