Արտադրությունները կփակվեն, եւ տնտեսությունը կաճի

03/11/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հրավիրված էին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ինչպես նաեւ` մի շարք գործարարներ ու տնտեսագետներ: Տ.Սարգսյանը, ինչպես միշտ, ներկաներին պատմեց, որ այս երեք տարիներին աննախադեպ աճել են մասնավոր տրանսֆերտները, ինչն էլ հանգեցրել է դրամի արժեւորմանը: Նա նաեւ շեշտեց, որ այդ ներկրվող գումարները խթանում են շինարարության ու սպասարկման ոլորտները եւ ամեն տարի բերում են համապատասխանաբար 37 եւ 12 տոկոս աճ: Այդ ոլորտներն էլ, իրենց հերթին, նպաստում են տնտեսության ընդհանուր աճին: ԿԲ նախագահի կանխատեսմամբ` տարեցտարի ավելանալու է մասնավոր տրանսֆերտների ներմուծումը, որն էլ նորից խթանելու է մեր տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող այդ երկու ոլորտները: Իսկ դոլարային նման ներմուծումների ու տնտեսության աճի պայմաններում, ըստ նրա, դրամը պետք է արժեւորվի: ԿԲ նախագահը նաեւ հայտարարեց, որ տնտեսության զարգացման այս փուլում «որոշ գործարարներ պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ նրանց ձեռնարկությունները պետք է փակվեն»: Նա նաեւ հավելեց, որ որոշ արտադրողներ գերշահույթ են ստանում, եւ նրանք պետք է հրաժարվեն իրենց շահույթի մի մասից: Գերշահույթ են ստանում մենաշնորհային վիճակում գտնվող ընկերությունները: Իհարկե, պարոն Սարգսյանը չկոնկրետացրեց, թե դրանք որ ընկերություններն են, բայց արտադրության ոլորտից կարող ենք հիշել թեկուզ Հրազդանի ու Արարատի ցեմենտի գործարանները: Տ. Սարգսյանի ասելով` գերիշխող դիրք ունեցող ընկերությունները մի քանի անգամ ավելի շահույթ են ստանում, քան նույն արտադրությունն ունեցող արտասահմանյան ընկերությունները: Նրա ասելով` գերշահույթ է ապահովում նաեւ շինարարության ոլորտը: Ըստ ԿԲ նախագահի՝ երրորդ խումբ գործարարները նրանք են, ովքեր ունեն կամ կարող են ներգրավել համապատասխան ռեսուրսներ, որպեսզի բարձրացնեն արտադրողականությունը: Իսկ ընդհանրապես երկրի առաջին ֆինանսիստը գործարարներին առաջարկում էր դրամի արժեւորման պատճառած վնասների դեմ պայքարել արտադրողականությունը բարձրացնելով եւ մենեջմենթը զարգացնելով:

«Մենք խորհրդային տարիներից գիտենք ու անընդհատ լսել ենք, որ պետք է նոր տեխնոլոգիաներ ներմուծենք, արտադրողականություն բարձրացնենք, մենեջմենթ զարգացնենք: Տիգրան Սարգսյանը մեզ նոր բան չի ասում: Մենք այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, իհարկե, ինչքան հնարավորություն ունենք»,- ասում է ադամանդ վերամշակող «Դի Սի Էյ» ընկերության տնօրեն Գագիկ Աբրահամյանը:

Գործարարների ներկայացմամբ` Հայաստանի արտադրության մի զգալի մասը կազմակերպված է տոլինգային եղանակով աշխատող ընկերություններից: Այսինքն՝ արտասահմանյան ընկերություններն այստեղ մասնաճյուղ կամ այլ ընկերություն են հիմնում, հումքը ներկրում են, վերամշակում՝ օգտագործելով տեղական էժան աշխատուժը: Բայց եթե ստիպված լինեն հրաժարվել իրենց շահույթի մի մասից, կամ տեխնոլոգիական ինչ-որ փոփոխություններ անեն, որը վնաս կբերի, ապա նրանք անպայման կփակեն իրենց արտադրությունը: Իսկ դա այս պահին գործազրկության խնդիր ունեցող Հայաստանի համար տնտեսական աճ հաստատ չի ապահովի: Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ավելացրեց, որ Հայաստանի գործարարներն այդքան խելք ունեն հասկանալու համար, որ պետք է արդիականացնեն իրենց արտադրությունը:

«Վերջին երեք-չորս տարիներին հենց դա էլ արվում է,- հայտարարեց Արսեն Ղազարյանը: -Սակայն այն տատանումները, որոնք Հայաստանում արձանագրում է փոխարժեքը, թույլ չի տալիս մտածել որեւէ մրցակցության մասին: Արտասահմանում պայմանագիր ենք կնքում, մինչեւ հասնում ենք Հայաստան` փոխարժեքի իրավիճակն արդեն փոխված է,- ասում է Արսեն Ղազարյանը: -Մենք մի քանի օր առաջ նշեցինք «Արմենալի» բացումը, հայտարարվեց, որ այնտեղ մեծ ներդրումներ պետք է լինեն: Բայց այդ ներդրումների գումարներն արդեն 37 տոկոսով արժեզրկվել են եւ չեն կարող իրենց նպատակին ամբողջությամբ ծառայել»:

Նա նշում է, որ հասկանալի է դրամի արժեւորման անխուսափելիությունն ու օբյեկտիվ պատճառները, սակայն խնդիրն այդ գործընթացի տատանողական ու կտրուկ լինելն է, որը դժվարացնում է որեւէ որոշում կայացնելը, քանի որ չկա իրավիճակի կանխատեսելիության հիմք:

Բոլոր դեպքերում Տիգրան Սարգսյանն անդրդվելի է իր այն կարծիքում, թե փոխարժեքը պետք է լողացող լինի եւ ոչ թե ֆիքսված, տրանսֆերտների այս չափի ներմուծման պայմաններում պետք է դրամն ավելի շատ արժեւորվի, հակառակ դեպքում տեղի կունենա գնաճ: Եվ դա մեզ համար հաճելի է: Բայց Արսեն Ղազարյանն ու մյուս գործարարները համաձայն չէին ԿԲ նախագահի հետ այն առումով, որ դրամի արժեւորման հետ միասին տեղի է ունեցել գնաճ: «Դրամն այսօր չունի այն գնողունակությունը, ինչ ուներ մեկ կամ երեք տարի առաջ,- ասում է Ա. Ղազարյանը: -Այսօր մենք 100 դրամով չենք կարող գնել այն, ինչ գնել ենք տարիներ առաջ»:

Բացի պաշտոնյաներից, մյուս բոլոր ներկաների կարծիքով` պետք է որոշ ոլորտների ու ձեռնարկությունների շահույթի վերագնահատում լինի: Պետք է աշխատել այդ գերշահույթները ստվերից դուրս բերել: Արսեն Ղազարյանը նաեւ հայտարարեց, որ հայ գործարարների մի մեծ խավ կա, որը դեմ է ստվերին եւ ամեն ինչ անում է դրա դեմ պայքարելու համար, մինչդեռ կան գերշահույթ ստացողներ, որոնք ստվերում են գործում եւ ոչնչով չեն տուժում փոխարժեքային կամ այլ աճպարարությունից, եւ դա` այն դեպքում, երբ օրինական դաշտում աշխատողները հայտնվում են տուժողի կարգավիճակում: «Ստվերում այնքան փող կա կուտակված, որ նրանք պարզապես կարող են մի օրում կատարել տնտեսության վերաբաշխում, գնելով տարիների ընթացքում ստեղծած այս կամ այն ձեռնարկությունը»,- նշեց Ա. Ղազարյանը:

Գործարարներն ու պաշտոնյաներն այս թեմայի շուրջ մի լավ զրուցեցին, միգուցե իրենք կասեն` բանավիճեցին, եւ գնացին իրենց գործին: Պարզ է, որ դոլարը դեռ կշարունակվի արժեզրկվել, ներկրողներն ու որոշ մոնոպոլ արտադրողները մի լավ գերշահույթ կստանան: Տեղական այն արտադրողը, որը նաեւ արտահանող է, արտաքին շուկայում կկորցնի մրցունակությունը եւ Տիգրան Սարգսյանի խորհրդով կփակի իր գործարանը: Իսկ մեր տնտեսությունն այս պայմաններում դեռ 100 տարի էլ կզարգանա: