Ինչի՞ վրա է հույսը դրել ընդդիմությունը

03/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Այս մասին խոսում են նաեւ ընդդիմադիրներն իրենք: Որ հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք կաշառվում են ու անցնում մյուս ճամբար, ընդունում է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը, որպեսզի առաջիկա ընտրություններում ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների մի մասը չկաշառվի: Երեկ «Փաստարկ» ակումբում պատասխանելով այս հարցին` Ա. Սարգսյանը նշել է. «Սա շատ ցավոտ հարց է, որովհետեւ մենք չենք կարող, չէ՞, վերանալ այն իրողությունից, որն այսօր կա: Այսինքն՝ եթե մարդը չի վիրավորվում, որ իրեն այսօր մեկն ասում է` երգի, որ ես քեզ հեռուստացույց տամ, պատկերացնում ե՞ք այդ մարդկանց վիճակը: Նա չի մեղավոր: Մեղավորը նա է, ով նրան հասցրել է այդ վիճակին»: Սակայն չէ՞ որ այդ մարդիկ ընդդիմությա՛ն ներկայացուցիչներն են: Մի՞թե ընդդիմությունը չի կարող փոխել իրավիճակը: Ա. Սարգսյանի խոսքերով՝ սկզբունքայնությունը լավ բան է, բայց խոսքն այն մասին է, որ հաճախ մարդիկ չեն դիմանում «մի պարկ սերմացու կարտոլ ստանալու» գայթակղությանը: Ըստ ՀԴԿ ղեկավարի, չի կարելի մարդուն դնել այդպիսի պայմանների մեջ, հետո նրանից պահանջել բարոյական մոտեցում: Լավ, վերջապես ի՞նչ է անում ընդդիմությունն իր ներկայացուցիչների չկաշառվելու հետ կապված այդ խնդիրը լուծելու ուղղությամբ: «Մենք անընդհատ փորձում ենք տեսնել, թե ո՞ւմ կարելի է վստահել, ո՞ւմ չի կարելի վստահել: Ընդամենն այդքանը մենք կարող ենք անել: Բայց 100%-անոց արդյունքի համար, ես, ցավոք, այս պայմաններում պատասխանատու չեմ կարող լինել»,- հայտարարում է Ա. Սարգսյանը՝ շեշտելով, թե սկզբում պետք է ասել, որ մարդն այդ վիճակում չհայտնվի, այլ ոչ թե ասել՝ հայտնվել ես՝ մի արա: «Բերել-հասցրել են աղքատության ամենածայրահեղ շեմին, հիմա ասում են, թե մի վերցրու այդ կարտոլը: Բա ումի՞ց վերցնի: Բա վաղը պիտի սերմ ունենա՞, որ նա այդ կարտոֆիլն աճեցնի: Որտեղի՞ց պետք է վերցնի, եթե պետությունը դա չի անում, իր համար էլ պայմաններ չի ստեղծում, որ ինքը դա իր ձեռքով ստեղծի»,- հարցնում է «Արդարություն» խմբակցության պատգամավորը: Իսկ ընդդիմությունը չի՞ կարող ընտրական հանձնաժողովներում նշանակել իր՝ կաշառք չվերցնող անդամներին: «Կարող ենք, անում ենք: Բայց ես կրկնում եմ. այս պայմաններում շատ բարդ է այդքան… հատկապես գյուղական շրջաններում այդ հարցերը լուծել»,- ասում է նա: Հետաքրքիր է, եթե ընդդիմության մեջ մի 2000 մարդ չկա (ՀՀ-ում կա մոտ 1850 ընտրատեղամաս), որ առանց կաշառվելու հանձնաժողովներում աշխատի, այդ դեպքում ինչի՞ վրա է ընդդիմությունը դրել հույսը, որ այդքան մեծ նպատակներ է դնում իր առջեւ (օրինակ՝ երեկ Ա. Սարգսյանը նշել է, թե իր ղեկավարած կուսակցությունը հավակնում է առաջիկա ԱԺ ընտրություններում առնվազն երրորդ տեղը զբաղեցնել եւ այլն): Մեր այս հարցին պատասխանելով էլ` ՀԴԿ ղեկավարն ասաց, թե ինքը չի ասել, թե իրենք այդքան մարդ չունեն, ապա կրկին նշեց, թե այսօր պետք է քննարկել այն իրավիճակը, որում մարդիկ հայտնվել են եւ որի արդյունքում էլ «մի պարկ կարտոլի սերմացուով» կաշառվում են: «Եթե հիմա դուք գտնում եք, որ 2000 հոգին է, որ որոշելու է ընտրությունների ընթացքը, ես այդպես չեմ համարում: Պատկերացրեք, շատ տոկոսը սկզբունքային անձնավորություններ են, եւ շատ տեղերում այդպես էլ կա: Ի՞նչը խանգարեց պարոնայք իշխանավորներին նկարել այն, ինչն իրենք ուզում են»,- ավելացրեց Ա. Սարգսյանը: Վերջինիս խոսքերով՝ ընդդիմության ներկայացուցիչներն ընտրական հանձնաժողովներում ընդամենը երեք հոգի են, ովքեր կռիվ են տալիս, չեն ստորագրում, ամեն ինչ անում են, բայց այդ վեց հոգին, ովքեր ներկայացնում են իշխանական թեւը, ստորագրում են եւ մեծամասնությամբ անց են կացնում:

«Որեւէ բան կփոխվի՞ դրանից, եթե այդ երեք հոգին դեմ քվեարկեն,- հարցնում է նա՝ հավելելով,- Դուք երեւույթի էությունը փորձում եք փոխարինել մասնավոր մի խնդրով»: Սակայն, եթե այդ երեք հոգին ոչինչ չեն որոշում, ինչպես նշում է Ա. Սարգսյանը, ապա խիստ տարօրինակ է, որ իշխանություններն ավելորդ գումար են ծախսում ու փորձում են կաշառելու միջոցով «իրանցով անել» նրանց: Ինչեւէ, ՀԴԿ ղեկավարն այնուհետեւ պատմեց այն մասին, որ իրենք առաջարկել են հավասարեցնել հանձնաժողովներում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների անդամների թիվը, բայց իշխանությունները չեն համաձայնել, եւ այլն: «Ոնց ե՞ք կարծում, մեր ժողովրդի մեջ կան այդքան մարդիկ, ովքեր անկաշառ են: Իհարկե կան, բա ժողովուրդ է: Եթե մենք այն աստիճանի ենք հասել, որ այդքան ազնիվ մարդ չունենք, ուրեմն մենք ազգ չենք: Դա՞ եք ակնարկում»,- հարցնում է Արամ Գ. Սարգսյանը: Մենք իհարկե նման բան չէինք ակնարկում, պարզապես փորձում էինք պարզել, թե իր առջեւ մեծ նպատակներ դնելով, ինչի՞ վրա է հույսը դրել ընդդիմությունը, եթե իր շարքերում նույնիսկ մի 2000 նվիրված ու անկաշառ անձնավորություն չի կարողանում գտնել: Եվ, ինչպես տեսնում եք, այս հարցի պատասխանն այդպես էլ չստացանք: «Փոխանակ մենք մեր քննադատության, պահանջատիրության սլաքն ուղղենք նրանց, ովքեր ձեւավորում են այդ իրավիճակը, դուք ընդամենը կենտրոնացել եք. 2000 հոգի մարդ ունե՞ք: Լավ, ունենք, բայց եթե 1,5 միլիոն պետք է նկարեն, որ մասնակցել են հանրաքվեին՝ 200 հազարի փոխարեն, էդ 2000 մարդն ի՞նչ անի: Ի՞նչ կարող է անել այս համակարգի պայմաններում: Որեւէ հարց կարո՞ղ է լուծել: Ոչ: Մենք ելույթներ ենք ունենում եւ ինչ ասես նրանց հասցեին ասում ենք, նրանց հեչ պետքն է՞ դա: Նրանք շարունակում են: Ինչի՞ մասին եք խոսում»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը: