Չգիտեմ` սոցիալական ծանր իրավիճա՞կն է պատճառը, թե՞ հասարակության համատարած քաղաքականացումը, սակայն մի բան ակնհայտ է. հայերը չափից դուրս «ձեւական» են դարձել: Եվ եթե անցյալում «ձեւեր թափելը» բնորոշ էր հիմնականում կանանց, ապա այսօր «ձեւեր թափող» են դարձել առավելապես պետական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում գործող տղամարդիկ:
Դպրոցում ձեւեր են թափում, իբր երեխաներին ինչ-որ բան են սովորեցնում: Քաղաքապետարանը ձեւեր է թափում, որ քաղաքացիներին միայն «մեկ պատուհանի սկզբունքով է» սպասարկում: Տիգրան Սարգսյանը ձեւեր է թափում, որ դոլար-դրամ խաղերից ինքն անտեղյակ է: «Պռոստո» դոլարը հայերից նեղացել է, ու «գյոզերով իջնում ա»:
Մեր բիզնեսմեն-օլիգարխները «ձեւեր են թափում», թե հարկերը մուծում են, իսկ պետական ատյանները «ձեւեր են թափում», թե պայքարում են ստվերի դեմ: Իրականում ամեն ինչ պարզ է դառնում, երբ վեց ամիսը մեկ ուսումնասիրում ես մամուլում տպագրված «Խոշոր հարկատուների ցանկը»՝ այն համեմատելով աչքիդ տեսածի հետ: Համեմատությունը ծիծաղելի է նաեւ այն պատճառով, որ երբ հենց այդ նույն մամուլում կարդում ես «էս վերջերս գրագետ եւ կուլտուրական դարձած» բիզնեսմեն-օլիգարխների արտահայտած մտքերը, հասկանում ես, որ նրանք դեռ այնքան գրագետ չեն: Հակառակ դեպքում նրանք մամուլում կամ հեռուստատեսությամբ մի բան չէին ասի, իսկ հարկային հաշվետվության մեջ մի ուրիշ բան գրեին: Ես հասկանում եմ, որ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ: Բայց համաձայնեք, որ լավ բան չէ նաեւ կաշառք վերցնելը եւ հետո «ձեւեր թափելը», թե իրենցից ազնիվ մարդ չկա: Եվ, որ իրենք իրենց «ԶԻԼԼԻ» կոստյումներն ու «Ֆրենկ Մյուլլեր» ժամացույցները գնել են իրենց ազնիվ քրտինքով վաստակած գումարով: Այն, որ մեր իշխանություններն ու ժողովուրդը վաղուց արդեն «ԹպՐՌՔՖ-վպ ՉպՐՌՔՖ» են խաղում՝ պարզ է բոլորին: Բայց քանի որ մեր իշխանավորները, բացի իրենց «կռախմալած» մամլո քարտուղարների հրամցրած ինֆորմացիայից, ուրիշ ինֆորմացիա շատ հազվադեպ են ստանում, ուզում եմ զգուշացնել, որ «ԹպՐՌՔՖ-վպ ՉպՐՌՔՖ» խաղում ժողովուրդը ոչնչի էլ «վպ ՉպՐՌՑ»: Օրինակ, երկու օր առաջ ՍԻՄ-ի դեպքերի հետ կապված «ԱՄ» կուսակցության անդամ Գագիկ Կոստանդյանը լրագրողներին մեղադրեց. «Դուք որ տոն եք տալիս՝ Հրանտն էլ ոգեւորվում է»: Փաստորեն ստացվում է, որ պարոն Կոստանդյանի դե յուրե շեֆ Արտաշես Գեղամյանի (ի դեպ, ասում են, որ դե ֆակտո Գագիկ Կոստանդյանի շեֆերը բոլորովին այլ մարդիկ են) տոտալ ոգեւորվածության պատճառը լրագրողներն են: Որովհետեւ, եթե լրագրողները տոն չտան` Գեղամյանը «հանուն ժողովրդի» իրեն «այդքան չի ճղի»` ձեւեր թափելով, թե ինքն ընդդիմություն է: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց ձեւեր թափել, թե իրեն հրավիրել են Մոսկվա, սակայն պարզվեց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել իր իսկ խնդրանքով: Համենայնդեպս, այդ մասին ասել է ոչ թե Ռուսաստանի դեսպանատունը, այլ անձամբ Ռոբերտ Քոչարյանը: «Օրինաց երկիրը» ձեւեր է թափում, իբր իրենք ոչ միայն ընդդիմություն են, այլեւ հալածյալ ընդդիմություն են: Այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե իշխանություն լինելով` այս կուսակցությունն աթար էր բաժանում, ապա լինելով «հալածյալ ընդդիմություն»` նրանք պատրաստվում են բաժանել ոչխարի կտիտ: ՀՀՇ-ն ձեւեր է թափում, որ սկսում է պայքարել իշխանությունների դեմ: Հանրապետականները ձեւեր են թափում, թե միայն Նժդեհի գաղափարախոսությամբ են առաջնորդվում: Դաշնակները ձեւեր են թափում, որ իրենք դեմ են ընտրակաշառքին: Իբր, հաջորդ խորհրդարանում տեղեր ունենալու համար, իրենք միայն գաղափարական պայքար են մղելու: Իրականում ապագա գաղափարական պայքարի սահմանները գծվելու են նախագահականում: Մանր-մունր կուսակցությունները ձեւեր են թափում, «յանըմ իրենք էլ են մարդահաշիվ»:
Ամենահետաքրքիրն այն է, որ ձեւեր թափում են նաեւ դրսի ուժերը: Ֆրանսիացիները ձեւեր են թափում, որ մեզ համար են օրենք ընդունում: Իսկ մեր հարիֆներն էլ այդ «կուտը ուտում են»: Կամ չեն ուտում, բայց փողը վերցնում են, ու ձեւեր են թափում՝ իբր «կուտը կերան»: Ամերիկացիները ձեւեր են թափում, որ օրուգիշեր մտածում են միայն Հայաստանի ժողովրդավարության մասին: Ռուսներն «էս վերջերս» ձեւեր չեն թափում: Նրանք հրամայում են: Իրավունք ունեն: Ֆորպոստի մոտ էլ որ ձեւեր թափեն, ո՞ւր կհասնի:
Բայց քանի որ լավատեսությունս ինձ չի լքում նույնիսկ ինձ համար ամենադժվարին պահերին, ես համոզված եմ, որ շատ շուտով հայերը կհրաժարվեն բոլոր «ձեւեր թափողներից», եւ «ձեւ» բառը մեր իրականության մեջ կգործածվի նորաձեւության, տորթերի կամ ծաղիկների ձեւավորման առումով, եւ ժողովուրդը մեր երկրի զարգացման համար նոր ձեւաչափ կընտրի: