Ալվարդ Պետրոսյանի եւ Հակոբ Մովսեսի բանավեճ-հանդիպումը, որը կայացավ «Հայելի» ակումբում, չգիտես ինչու, սկսվեց շատ տարօրինակ հարցադրումով` լա՞վ է, թե՞ վատ՝ թուրք գրողին Նոբելյան մրցանակ տալը: Կարծես թե Նոբելյան մրցանակի կոմիտեն պատրաստվում է հարցնել Հայաստանի կարծիքը:
Պարզվեց, որ երկու բանախոսներն էլ Օրհան Փամուկի գրքերից եւ ոչ մեկին ծանոթ չեն, չեն կարդացել, սակայն Հակոբ Մովսեսը խոստովանեց, որ Փամուկի վեպերի որոշ գրախոսականներ կարդացել է, մասնավորապես ծանոթ է Օրհան Փամուկին վերաբերող Պետեր Հանդկեի ու Ջոն Ապդայքի կարծիքներին: «Համոզված եմ, որ թուրքերը լավ գրականություն ստեղծել չեն կարող, կարող են մեկ կամ երկու վառ անուններ լինել, բայց գրականություն լինել չի կարող»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ գենետիկորեն փոխանցվող շնորհ է պետք, որը չունեն թուրքերը: Իսկ Փամուկին Նոբելյան մրցանակ շնորհելու փաստը Հ. Մովսեսը հաճելի երեւույթ է համարում, քանի որ դա «թուրքերին քաղաքակրթվելու շանս է տալիս»: Էլ ավելի խորը դիտարկում առաջարկեց Ալվարդ Պետրոսյանը, ով ասաց, որ Փամուկին ոչ թե գրականության մեջ ունեցած վաստակի համար են մրցանակ շնորհել, այլ` հաշվի են առել նրա շեշտված համակրանքը հայերի նկատմամբ, ու Հայոց ցեղասպանության փաստը հիշատակելու համար. «Դա քաղաքական մրցանակ է»: Սակայն ինչպես հայտնել էին բազմաթիվ լրատվամիջոցներ` գնահատվել է Փամուկի «նուրբ ու հավատարիմ սերը դեպի իր հարազատ Ստամբուլը»: Սակայն Ալվարդ Պետրոսյանը, ով դեմ է «ոչնչապաշտությանը», «դրսից եկող այլասերությանը», «ստրկամտությանն» ու «հացի կրկեսին», անվերապահորեն ասում է. «Չեմ հավատում, որ թուրքերը լավ գրականություն կարող են ունենալ, նրանք միայն նախանձելի մակարդակի գրահրատարակչություն ունեն»:
Հայ մտավորականների տարօրինակ, շատ տարօրինակ այս կարծիքները տարակուսանքի առիթ են տալիս: Ստացվում է, որ կարելի է խոսել մի բանի մասին, որին ծանոթ չես, կարծիք հայտնել մի գրողի մասին, որի գրքերը չես կարդացել: Ալվարդ Պետրոսյանը խոսում է «կենտրոնի որոնումներից ձերբազատումի», «մշակութային ալան-թալանի» ու գրաքննության վտանգի մասին, շեշտում է, որ մշակույթին տեր է հարկավոր, հույս է հայտնում, որ «Ջաջուռներում նոր մինասներ կծնվեն», սակայն այդ բոլոր բառերն ի չիք է դարձնում, երբ նույն կրքոտ ու գեղեցիկ հայերենով խոսում է մի բանի մասին, որին ծանոթ չէ: Ստրակամիտ համարելով սկզբում` Մոսկվան, իսկ այժմ էլ` Ֆրանսիան (հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի նախագիծն ընդունելուց հետո) որպես ուղղորդող կենտրոն համարող հայերին, նա կոչ է անում արժանապատիվ լինել, սեփական երկիրը «պերիֆերիա» չհամարել ու չնմանվել օտարամոլ հովերի զոհը դարձած մարդկանց: Հետաքրքիր է, որ Օրհան Փամուկն Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ ծագող նույն այդ կոնֆլիկտը շատ ավելի արժանապատիվ, գեղեցիկ ու պոետիկ է ներկայացնում, ինչպես եւ պետք է անի հնի ու նորի միջեւ հավասարակշռություն որոնող գրող-մտավորականը:
Տե՞ր, թե՞ անտեր
Երկու բանախոսներն էլ չէին կարող շրջանցել արդի մշակութային խնդիրներն ու ճաշակի համատարած անկումը քննադատելու ցանկությունը: «Մշակույթի պորտալարը պոկվել է»,- ժամանակակից մշակութային իրավիճակի մասին իր պատկերավոր տեսակետը ներկայացրեց Ալվարդ Պետրոսյանը, ում խոսքը նույնքան պատկերավոր շարունակեց Հակոբ Մովսեսը. «Մենք հիմա տիեզերական աուտում ենք գտնվում»: Ա. Պետրոսյանը համոզված է, որ պետությունը պետք է մշակույթին տեր կանգնի, իսկ Հ. Մովսեսը վստահ է, որ մշակույթն ինքն իր համար պետք է ճանապարհ հարթի: Ա. Պետրոսյանը «ճաշակի չափանիշներ» ստեղծելու կողմնակից է, նա ցանկանում է մշակութային առաջին գծում տեսնել Անուշ ու Ինգա Արշակյաններին, իսկ նկարիչ Հենրի Էլիբեկյանին համարում է «ապազգային» նկարիչ: Չափանիշներ ստեղծելու, այնուհետեւ` դրանք կիրառելու մոդելը նա մեր միակ փրկությունն է համարում. «Ցավում եմ, որ պետական հոգածության չլինելու պատճառով հախուռն փչացման շրջանում ենք հայտնվել»: Թե ո՞վ եւ ո՞ր չափանիշների համաձայն է այդ չափանիշները ստեղծելու, եւ ինչո՞ւ են հենց այդ, այլ ոչ թե ուրիշի չափանիշները ճիշտ համարվելու, նա չասաց:
Պետությանը` որպես մշակույթի փրկչի նայելուն դեմ է Հակոբ Մովսեսը, ով մշակութային հիմնարկների ապապետականացման կողմնակիցն է: «Մենք մինչ այժմ չգիտենք մեր մշակույթի դրսեւորման ձեւերը: Արդյոք մեզ Ակադեմիական թատրո՞ն է պետք, թե՞, ասենք, մատների թատրոն կամ փողոցային թատրոն»: Նա իրավացիորեն քննադատում է մշակութային միավորների, թատերախմբերի կառավարման ձեւերը, որոնք պատկանում են Սովետական ժամանակներին: Նա նշում է, որ մշակույթին գիտակ մենեջմենթ է հարկավոր: «Մենեջմենթը կարող է եւ պետությունն իրականացնել»,- հակաճառեց Ա. Պետրոսյանը: Հ. Մովսեսը պատասխանեց. «Ոչ, չի կարող, քանի որ պետությունը ընտրությունների ժամանակ իր շահերն է ունենում, եւ մշակույթը դառնում է պետության ածանցյալը»: Իսկ արվեստի մարդիկ դառնում են միանշանակ իշխանամետ:
Եվ, վերջիվերջո, ամեն մարդ ստանում է այն, ինչ ուզում է: «Մշակույթին տեր կանգնելը մենք միայն մշակույթին ֆինանսավորելն ենք համարում, հիմնականում փող, կոչումներ ու մրցանակներ ենք ուզում»,- ասաց Հ. Մովսեսը: Ըստ նրա` նույնիսկ եթե ամսական 10 մլն դոլար տան Սունդուկյանի կամ Դրամատիկական թատրոններին, ոչ ոք այդքան միամիտ չի գտնվի, որ մտածի` այդպիսով այդ թատրոններում գլուխգործոցներ են ծնվելու: Չեն ծնվի, որովհետեւ միտքն ու ճաշակը խթանող պայմաններ չկան, ոչ մի ռեժիսոր, որը երկար տարիներ միանձնյա թատրոն է ղեկավարում, տաղանդավոր երիտասարդի բեմ չի տա: Մշակութային հիմնարկների աշխատանքի մոդելի փոփոխումը կարող է սկսվել ապապետականացումից: Այդ ժամանակ մակերեսային, թեթեւամիտ, ժամանակավոր մշակույթի շերտն ինքն իրեն կվերանա, կամ էլ փոքր-ինչ կնահանջի, քանի որ չափանիշները բնական կծնվեն: Իսկ արհեստականորեն կպցրած պորտալարով մշակույթը ոչ մեկին օգուտ չի տա: