Աջափնյակի ընտրություններն ու գազամուղը

03/11/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Աջափնյակի համայնքապետի ընտրություններից հետո մի բավականին ուշագրավ տեսակետ հնչեց։ Այն է` ընտրողների մասնակցությունն ընդամենը 25% էր, որովհետեւ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ժողովուրդը սովորել էր ընտրակաշառքներին, եւ հիմա առանց ընտրակաշառքի ընտրությունների չի գնում։ Եվ իսկապես, եթե նախկինում իրեն դրա համար վճարել են, ինչո՞ւ պիտի հիմա ձրի գնա։ Ընդ որում, շատերի կարծիքով, այս մոդելը կարող է կիրառվել նաեւ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Իշխանական կուսակցություններն ընտրակաշառք չեն բաժանի, ընդդիմադիր ուժերի քարոզչությունը կչեզոքացնեն հզոր հակաքարոզչությամբ, եւ վերջ. ընտրողների ակտիվությունը լավագույն դեպքում կկազմի 25-30%։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է։ Խանութից կարելի է գնել 400 դրամանոց կալկուլյատոր եւ պարզ թվաբանական գործողությունների միջոցով ընտրությունները համապատասխանեցնել Եվրախորհրդի չափանիշներին։

Ի դեպ, բնակչությանն ընտրակաշառքի սովորեցնելու զուտ հոգեբանական սխեման ամենեւին նորություն չէ եւ վաղուց է հայտնի։ Այսպիսի մի պատմություն կա. մի մեծահարուստ սովորություն է ունենում ամեն օր գնալ այգի, նստել լճակի ափին եւ հանգստանալ, բայց շուրջն աղմկող երեխաները միշտ խանգարում են։ Եվ ահա նա ձեւը գտնում է։ Կանչում է երեխաներին, յուրաքանչյուրին մի դոլար տալիս եւ խնդրում ամեն օր նույն ժամին գալ եւ իր շուրջը աղմկել։ Չորս օր վճարում է, իսկ հինգերորդ օրը հրաժարվում է վճարել։ Երեխաները, բնականաբար, չեն ցանկանում «ձրի» աղմկել եւ գնում են ուրիշ տեղ խաղալու։ Այսպիսով, մեծահարուստը հասնում է իր նպատակին։ Ճիշտ այդպես էլ իշխանությունները կհասնեն իրենց նպատակին, եթե ընտրակաշառքների «սովորած» ժողովուրդը որոշի ձրի չգնալ ընտրությունների։ Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում իշխանությունները պրոբլեմներ չեն ունենում (դա ապացուցվեց եւ՛ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ, եւ՛ մի քանի օր առաջ` Աջափնյակում)։ Բայց պրոբլեմներ չեն ունենում միայն երկրի ներսում։ Իսկ արտաքին քաղաքական ասպարեզում ունենում են լրջագույն պրոբլեմներ, որովհետեւ հնարավոր չէ արտաքին ճնշումներին դիմակայել, եթե երկրի ներսում ժողովրդի վստահությունը չես վայելում։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, օրինակ, կարող է իրեն թույլ տալ դիմակայել Ռուսաստանի ճնշումներին, որովհետեւ վայելում է Վրաստանի բնակչության մի զգալի մասի անվերապահ վստահությունը։ Իսկ ո՞վ պիտի սատարի Հայաստանի իշխանություններին։ Ընտրությունների չմասնակցող 75 տոկո՞սը։ Կամ գուցե ընտրությունների գնացող 25 տոկո՞սը։ Բայց նրանք էլ իշխանություններին կսատարեն միայն մի դեպքում` եթե երթուղայիններով անվճար հասցնեն «սատարման» վայրը ու հետո նորից ետ բերեն։ Ուրիշ ձեւ չկա, եթե այդ մեխանիզմով են ընտրել, պիտի այդ մեխանիզմով էլ սատարեն իրենց ընտրյալներին։

Բերեք միայն մի օրինակ։ Իրան-Հայաստան գազամուղի շուրջ շատ տարօրինակ իրադարձություններ են զարգանում։ Ռուսներն անընդհատ հայտարարում են, որ պայմանավորվածության համաձայն` այդ գազամուղի 40 կիլոմետրանոց հատվածը պիտի վաճառվի իրենց, հայ պաշտոնյաներն էլ կասկածելի համառությամբ հերքում են այդ տեղեկատվությունը։ Այդ հերքումները մեծ հաշվով ապացուցում են միայն մի բան. այդ գործարքը շատ վատ բան է։ Բայց ռուսները շարունակում են պնդել իրենց ասածը։ Կարեն Կարապետյանն էլ` մեղմ ասած, տարօրինակ փաստարկներ է բերում գործարքի օգտին` իբր շատ նպատակահարմար է, որ գազամուղի այդ հատվածը հանձնվի «ՀայՌուսգազարդին», որովհետեւ հո երկու հիմնարկ չե՞նք ստեղծելու` երկու տնօրենով, երկու աշխատակազմով… Հետաքրքիր տրամաբանություն է, չէ՞։ Պատկերացրեք` «Ջերմուկ-գրուպի» ղեկավարներն էլ հայտարարեն, թե բերեք «Բջնին» մեզ տվեք, ի՞նչ կարիք կա երկու հիմնարկ պահել` տնօրեններով, հաշվապահներով եւ այլն։ Եվ ընդհանրապես, մեր ինչի՞ն են պետք այսքան բուհերը` ամեն մեկն իր ռեկտորով, քարտուղարուհիով… Բերեք միացնենք իրար։ Ինչեւէ։

Իրան-Հայաստան գազամուղի 40 կիլոմետրանոց հատվածի շուրջ ստեղծված ամբողջ այս աղմուկը կարող է միայն մի բացատրություն ունենալ։ Ռուսներն ահավոր ճնշումներ են իրականացնում Հայաստանի իշխանությունների վրա` փորձելով «չորով» խլել այդ գազամուղը, իսկ ՀՀ իշխանությունները դիմադրում են։ Բայց բացահայտ դիմադրելու ռեսուրս չունեն։ Չունեն, որովհետեւ իշխանության են հասել ոչ թե ժողովրդի, այլ Ռուսաստանի աջակցության շնորհիվ եւ ընտրությունների ժամանակ էլ կարեւորել են ոչ թե սեփական ժողովրդի կարծիքը, այլ ռուսաստանցի դիտորդների գնահատականներն ու Պուտինի շնորհավորական հեռագիրը։ Եվ իզուր են հիմա ՀՅԴ ներկայացուցիչները դժգոհում Հայաստանի նկատմամբ ռուս պաշտոնյաների անհարգալից վերաբերմունքից։ Այդ դժգոհությունը գրոշի արժեք չունի, որովհետեւ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի ճնշումներին դիմակայելու ռեսուրս չունեն։ Եվ մեր իշխանությունները շատ լավ գիտեն, որ եթե իրենք մի քիչ չոր խոսեն ռուսների հետ, եւ վերջիններս փորձեն Հայաստանում մի թեթեւ «գունավոր հեղափոխություն» իրականացնել, ոչ մեկն իրենց չի պաշտպանելու։ Ոչ մեկը։ Եվ հենց սա է պատճառը, որ Իրան-Հայաստան գազամուղի ճակատագիրը կանխորոշված է։

Եվ հենց նման դեպքերում է հասկանալի դառնում, թե որքան կարեւոր է, որ իշխանություններն իսկապես վայելեն ժողովրդի վստահությունը, ոչ թե այդ «վստահությունը» ձեւակերպեն 400 դրամանոց կալկուլյատորի օգնությամբ։