Անտեղյակ մարդը նման ցուցահանդեսներ այցելելիս կարող է եզրակացնել, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրության մեջ գերակշռում են հենց այս երեք ապրանքները: Ցուցահանդեսին մասնակցում էին գինի արտադրող մոտ տասը ընկերություններ եւ նույնքան էլ պանիր ու երշիկ արտադրողներ: Մեզ վաղուց հայտնի արտադրողների կողքին կային նաեւ, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ են սկսել իրենց գործունեությունը: Նրանց հետ զրուցելիս պարզ է դառնում, որ նրանք մի քանի տարի առաջ են գործունեություն սկսել, արտադրություն հիմնել, տեխնոլոգիաներ յուրացրել, սակայն հասնելով արտադրանք թողարկելու, տեղական շուկայում դա իրացնելու եւ արտահանելու մակարդակին, կանգ են առել: Թվում է, թե դժվարություններն արդեն ետեւում են, եւ հիմա մնում է ընդլայնել գործունեությունը, բարձրացնել արտադրողունակությունը եւ նոր շուկաներ ձեռք բերել: Բայց նրանցից շատերը հաղթահարել են այս սկզբնական փուլը եւ երկու-երեք տարի է՝ չեն կարողանում «փոքր ձեռներեցի» մասշտաբներից գոնե կես քայլ առաջ գնալ:
«Մենք հիմնեցինք մոտ 50 տոննա արտադրական հզորության չորանոցներ, բայց տարեկան 2 տոննայից ավելի չիր չենք կարող արտադրել,- ասում է «Նոր այգի» ՍՊԸ սեփականատեր Վալենտինա Կարապետյանը: -Արտադրությունն ընդլայնելու համար գումարներ չկան: Չորանոցը դրել ենք մեր սեփական միջոցներով, ամեն տարի մի բան ավելացրել ենք: Սրա շահույթից մեր ընտանիքը դեռ չի օգտվել: Ապրել ենք ամենանեղ, շատ նեղ պայմաններով, որ կարողանանք եկած գումարներով արտադրությունը մեծացնել: Բայց այդ գումարները շատ քիչ են: Վարկ էինք ուզում վերցնել, բայց տոկոսներն են շատ բարձր՝ 12-14% կամ 16-18%: Այդ 12-14 տոկոսանոց վարկը մեզ հասանելի չէ, բանկերը բոլորին չեն տալիս: Իսկ 16-18%-ն էլ շատ թանկարժեք է, հետո տակից չենք կարողանա դուրս գալ: Չենք ուզում այդպիսի պարտքեր անել, որ հետո ստիպված լինենք արտադրությունը փակել: Մեր չիրն իրացվում է հիմնականում Հայաստանում: Նոր-նոր սկսել ենք Ֆրանսիա էլ ուղարկել»:
Գինեգործությունը, ինչպես գիտենք, կենտրոնացած է հիմնականում Վայոց Ձորի մարզում: Դա կապված է խաղողագործության հետ. այդ մարզում հիմնականում խաղող են աճեցնում: Բացի այդ, խորհրդային տարիներին Վայոց Ձորում գինու գործարաններ են եղել: Այդ հանգամանքը նպաստել է, որ անկախության տարիներին խորհրդային գինեգործներն առանձնանան եւ իրենց սեփական արտադրությունը հիմնեն: Պահպանվել են նաեւ հները: Հիմա Եղեգնաձորում դժվար է գտնել այնպիսի գյուղ, որտեղ գինու թեկուզ շատ փոքր արտադրամաս չլինի: Արտադրված գինին մեծամասամբ արտահանվում է Ռուսաստան: Ճիշտ է, ռուս-վրացական հարաբերությունների սրման պատճառով դժվարացել ու թանկացել է նաեւ մեր գինեգործների բեռնափոխադրումը, սակայն նրանք արդեն սովորել են` իրենց ասելով՝ «աննորմալ» պայմաններում աշխատել: Վայոց Ձորի մարզում զարգանում է նաեւ այծաբուծությունը, ըստ այդմ էլ՝ այծի կաթից պանրի արտադրությունը: Ճիշտ է, գյուղատնտեսության մասնագետների շրջանում կարծիք կա, թե այծաբուծությունն աղքատ երկրներին հատուկ երեւույթ է, եւ Հայաստանում պետք է անասնապահությունը զարգացնել, բայց մարզի բնակիչները որոշակի հաջողություն են գրանցել նաեւ ժայռեր մագլցող այս կենդանիների բուծման գործում: Նրանք ասում են, որ Եղեգնաձորի քարքարոտ ու ուղղաձիգ սարերում այնքան էլ ձեռնտու չէ անասնապահությունը, կովերը այծերի նման չեն կարող ժայռեր մագլցել ու քարերի արանքից խոտ պոկել: «Սելիմ» ընկերությունը հիմնադրվել է հենց Սելիմի լեռնանցքում, ունի մոտ 200 այծ եւ կազմակերպել է այծի պանրի արտադրություն: Բայց իրենց սեփական այծերի կաթը արտադրության մեջ ընդամենը 30 տոկոսն է կազմում: Մնացածը կաթը մթերում են: 1 լիտր այծի կաթի մթերման գինը 180 դրամ է, կրկնակի թանկ է կովի կաթից: Օրինակ, «Աշտարակ կաթ» ընկերությունը կովի կաթը մթերում է 1 լիտրը 80-90 դրամով: «Սելիմ» ընկերությունն իր արտադրած այծի պանիրը հիմնականում արտահանում է Ամերիկա: Ամերիկացի գործընկերն իրենցից 1 կգ-ն գնում է 6 դոլարով, մինչդեռ մասնագետներն ասում են, որ այդ երկրում այծի պանրի 1կգ-ն արժե մոտ 48 դոլար: Իսկ դոլարի արժեզրկումը շատ է ազդել ընկերության արտադրության վրա: Նրանք այստեղ կաթը գնում են դրամով, եւ ընդհանրապես բոլոր վճարումները դրամով են կատարում, բայց պանիրը դոլարով են վաճառում: Ընկերության համասեփականատեր Հրաչյա Ղազարյանի ասելով` այս պահին իրենց էժան վարկեր են պետք, որ կարողանան պահպանել արտադրությունը: Իսկ եթե այսպես շարունակվի, ու դոլարն էլ գնալով արժեզրկվի, կարող է կորցնեն իրենց արտադրությունը: Ընդհանրապես վերջին տարիներին ստեղծված ընկերությունների ղեկավարների հետ զրուցելիս պարզ է դառնում, որ նրանք տիտանական ջանքեր են գործադրում ու գործարար շփումների տարատեսակ ձեւեր հորինում, որ կարողանան Հայաստանում աշխատել:
Ցուցահանդեսին մասնակից ընկերություններից հյուրերն ամենաշատը խմբվել էին շոկոլադ արտադրող «Արկոլադ»-ի եւ «Մուլտի գրուպ»-ի մեղրի տաղավարների շուրջը: Քաղցրավենիքը ներկաներին շատ էր գրավել: «Արկոլադ» ընկերության երիտասարդ տնօրեն Էմիլ Հարությունյանը շոկոլադի գրավչությամբ էր ներկայացնում իրենց արտադրանքը: «Եկեք մեզ մոտ, մեր շոկոլադից էլ փորձեք, մեզ հետ էլ հաղորդակցվեք»,- բոլորին հրավիրում էր Է.Հարությունյանը, որն իրենց արտադրած շոկոլադը համարում է հաղորդակցման էներգիա: Էմիլը ինժեներ-մեխանիկ է, բայց Փարիզում պատահաբար ներկա է գտնվել շոկոլադի փոքրիկ ցուցադրության ու այդ օրվանից որոշել է Հայաստանում շոկոլադ արտադրել: «Գիտեք, ես հարբեցի այդ հոտից,- պատմում է Էմիլը: – Դա աննկարագրելի բան է: Ես գնացի Բելգիա, սովորեցի շոկոլադի արտադրության տեխնոլոգիաներ, եկա Հայաստան, ու ընկերներիս հետ հիմնեցինք փոքր արտադրություն: Վաճառեցինք ինչ որ ունեինք ու դրեցինք այս գործի մեջ»:
Արտադրանք միայն այս տարի են տվել եւ արտադրել են ընդամենը 300 կգ շոկոլադ: Բայց Էմիլը վստահ է, որ իրենց ընկերությունն արտադրում է Հայաստանում ամենահամով շոկոլադը: «Ես զրուցել եմ այդ ոլորտի մեր հայտնի մասնագետների հետ եւ հասկացել եմ, որ իմ սովորածն ու նրանց իմացածը լրիվ տարբեր բաներ են,- ասում է Էմիլը,- ես ուզում եմ այստեղ տաք շոկոլադ ուտելու համար հատուկ սրահ հիմնել, այնպիսին, ինչպիսիք կան Ֆրանսիայում, Բելգիայում: Այնպես որ, շոկոլադի տաք ու համով բույրը հեռվից զգաս ու չկարողանաս անտարբեր անցնել»:
Իսկ ահա «Մուլտի գրուպ» ընկերության մեղրն այս տարի կիսով չափ քիչ է եղել, պատճառը երաշտն է: Երաշտն ազդում է նաեւ չրի արտադրության վրա: Կոնկրետ «Չիր» ընկերությունը հնարավորություն ունի շատ ավելի մեծ քանակությամբ արտադրել եւ արտահանել, սակայն նույնքան միրգ չի կարողանում մթերել, որովհետեւ մթերողներն ու արտահանողները շատ են, իսկ արտադրողները չեն հասցնում: Այս ցուցահանդեսին մասնակից արտադրողների հետ զրուցելիս պարզ է դառնում, որ գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը համեմատաբար ավելի զարգացած ու կանոնակարգված է մեզանում, քան բուն գյուղատնտեսության արտադրությունը: Միգուցե դա նրանից է, որ գյուղատնտեսությամբ զբաղվում են մեծամասամբ մանր տնտեսությունները, որոնք իրենց գործունեությունը կազմակերպելու համար խորհրդատվական, ֆինանսական ու տեխնիկական օգնության կարիք են զգում: Արտադրողներն այդ առումով ավելի շահեկան վիճակում են: Բոլոր դեպքերում ոլորտի արտադրող ու վերամշակող ճյուղերը հավասարաչափ չեն զարգանում: Բայց առանց արտադրության ու արտադրանքի զարգացման, վերամշակումը շատ առաջ չի կարող գնալ: Վերամշակումը պետք է հիմնված լինի զարգացած արտադրության վրա: