«Գոնե կասե՞ք, թե երբ եմ մահացել»

03/11/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Իրենց առօրյայում այսպիսի բազմաթիվ խնդրանքներ կարող են լսել Հայաստանի 70 նոտարները: Նրանց աշխատանքից քաղաքացիները բողոքում են ամեն օր: Իսկ նոտարների հետ զրուցելիս հասկանալի է դառնում, որ Հայաստանում իրականությունը երբեմն ավելի դաժան է ու զարմանալի, քան կարելի է պատկերացնել:

Նոտարական գործարքների համար հաստատված որոշ սակագներ, ըստ նոտարների, երբեմն առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը: «Շատ հաճախ բողոքում են, երբ վճարում են ժառանգական գործերի համար»,- ասում է նոտարներից մեկը: Ըստ նրա, քաղաքացիներից շատերի կարծիքով, երբ իրենց հանգուցյալ հարազատի ունեցվածքն «անցնում» է իրենց, դա բնական գործընթաց է` պարզապես «անվանափոխություն» է, եւ այդ ծառայության համար իրենք պարտավոր չեն վճարել: Ընդ որում, նոտարի խոսքերով, ժառանգության վավերացման գործարքը թանկ չէ, օրինակ, եթե քաղաքացին գրանցված է այդ բնակարանում, ապա գործարքն արժե 7000 դրամ (թեեւ ժառանգության գործերի սակագները, կախված տարբեր հանգամանքներից, շատ են տարբերվում):

Փոխարենը, նոտարներից շատերն անիմաստ են համարում, որ շարժական գույքի, օրինակ, ավտոմեքենայի վաճառքի լիազորագիրն արժե 25.000 դրամ, այսինքն` ավելի թանկ, քան նույն ավտոմեքենայի վաճառքի գործարքը: Հիշեցնենք, որ այս սակագները հաստատել է ՀՀ կառավարությունը: Շատ նոտարներ այն կարծիքին են, որ քաղաքացին նոտարական վավերացման համար պետք է վճարի գործարքի գումարի որոշակի տոկոսի չափով: «Հայաստանում նման մեխանիզմի բացակայությունը շատ քաղաքացիների մոտ զայրույթ է առաջացնում: Երեւանի ծայրամասում մեկ սենյականոց բնակարան գնողը հարցնում է, թե ինչո՞ւ պետք է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքի դիմաց ինքը վճարի նույն գումարն, ինչ քաղաքի կենտրոնում 4 սենյականոց բնակարան, գործարան կամ օդանավակայան գնողը կամ վաճառողը»,- ասում է նոտարներից մեկը: Որպես բարդ գործարք` անշարժ գույքի առուվաճառքի համար նոտարների կողմից գանձվում է մինչեւ 20.000 դրամ: Ընդ որում, նույն գումարը վճարում է եւ՛ բնակարան գնողը, եւ՛, օրինակ, օդանավակայանի սեփականատերը, որի գործի ծավալները մի քանի անգամ գերազանցում են նախորդ գործի մեծությունը, հետեւաբար, դրա ուսումնասիրությանը նոտարը շատ ավելի ժամանակ պետք է տրամադրի: Սակագների առումով քաղաքացիների բողոքը վերաբերում է ոչ միայն անշարժ, այլեւ շարժական գույքի առք ու վաճառքի պայմանագրերին: Հին, մաշված եւ էժանագին ավտոմեքենայի գնորդը կամ վաճառողը նոտարին տալիս է նույն գումարը, ինչ նոր «Համմերի» հարուստ գնորդը: Սակագների նման «անարդարացի» համակարգն անբացատրելի է նաեւ նոտարների համար:

Ժառանգությունը` վեճի առարկա

Երբ նոտարներին հարցնում ես, թե ամենավիճահարույց գործերը որո՞նք են, ստանում ես միանշանակ պատասխան. «Ժառանգական գործարքները»: Վերջիններս առավել խնդրահարույց են դառնում, երբ հանգուցյալը մի քանի կին է ունեցել, նրանցից յուրաքանչյուրից` մի քանի երեխաներ եւ այլն: Նախկինում օրենքը ճանաչել է միայն երկու հերթի ժառանգներ, իսկ այժմ` 4 հերթի: Առաջին հերթի ժառանգները ծնողները, երեխաները եւ ամուսիններն են, երկրորդ հերթինը` եղբայրներն ու քույրերը (ներկայացման իրավունքով` նրանց երեխաները): Երրորդ հերթի ժառանգները տատերն ու պապերն են, իսկ չորրորդ հերթինը` հորեղբայրները, մորեղբայրները, հորաքույրներն ու մորաքույրները (ներկայացման իրավունքով` նրանց երեխաները): Շատ հաճախ տարբեր պատճառներով տարբեր հերթի ժառանգների միջեւ վեճեր են առաջանում, որոնք լուծվում են միայն դատարանի միջոցով:

Երբ քաղաքացին երկար ժամանակ «կորած» է լինում, եւ նրա մասին ոչ մի տեղեկություն չկա, նրա հարազատները կարող են դիմել դատարան, որպեսզի վերջինս մարդուն մահացած ճանաչի: Նոտարներից մեկի խոսքերով, դատարանով «մահացածների» գերակշիռ մասն իրականում ողջ է: «Նրանցից շատերը ժամանակին կեղծ անձնագրերով գնացել են արտասահման` մշտական բնակություն հաստատելու: Անունների տարբերության պատճառով նրանք այլեւս չեն կարող լիազորագիր ուղարկել, որպեսզի իրենց պատկանող գույքը Հայաստանում վաճառվի: Ստիպված նրանց հարազատները դիմում են դատարան, նրանց մահացած են ճանաչում եւ վաճառում տունը կամ ավտոմեքենան»,- ասում է նոտարը:

Սակայն շատ դեպքերում այդ ամենը կատարվում է խաբեությամբ եւ առանց «մահացածի» իմացության: Մի անգամ մի կին դիմել է դատարան, իր ամուսնուն մահացած է ճանաչել, մահվան վկայականով ժառանգություն է ձեւակերպել եւ վաճառել է բնակարանը: Ընդ որում, խորամանկություն է ունեցել եւ այդ գործարքներն իրականացրել է տարբեր նոտարների մոտ: Որոշ ժամանակ անց ամուսինը եկել է եւ ներկայացնելով անձնագիրը` ժառանգությունը ձեւակերպած նոտարից պահանջել է ցույց տալ գործը: Նոտարն ասել է, որ ինքը չի կարող դա անել, քանզի դա նոտարական գաղտնիք է: «Գոնե կասե՞ք, թե երբ եմ մահացել»,- նոտարին խնդրել է սեփական կնոջ կողմից խաբված անձնավորությունը: Վերջերս մի կին էլ նման ճանապարհով տիրացել էր իր հորեղբոր ունեցվածքին: Արտասահմանից եկած հորեղբայրը պարզել է, որ ինքը ոչ միայն «մահացած» է, այլեւ իր բնակարանի սեփականատեր դարձած իր զարմուհին այն վաճառել է, այն դեպքում, երբ ինքն ունի կին եւ երեխաներ:

«Մարդիկ երբեմն մեզ` նոտարներիս «տառակեր» են անվանում: Բայց մի տառի ճշտությունն անգամ մեծ նշանակություն կարող է ունենալ նոտարական գործում»,- հավաստիացնում է մեկ այլ նոտար: Նրա խոսքերով, շատ տարիներ առաջ երկվորյակ եղբայրներից մեկը` Արմանը, նոտարի մոտ ներկայացել է մյուս եղբոր` Արմենի փոխարեն (ներկայացրել է վերջինիս անձնագիրը)` հրաժարվելով ծնողների ժառանգությունից` ի օգուտ Արմանի: Հետո էլ Արմանը ներկայացել է արդեն իր անունից եւ ստացել է եղբոր «նվերը»:

«Շատ հաճախ գործարքն իրականացնելիս մտքովս անցնում է, որ այդ գործը հետագայում գնալու է դատարան, բայց ոչինչ անել չեմ կարող, քանզի ամեն ինչ օրենքի շրջանակներում է կատարվում»,- նշում է մեկ այլ նոտար: Վերջերս մեծահասակ մի կին դիմել է դատարան` ասելով որ ինքն իր բնակարանը ոչ թե նվիրել է իրեն խնամողին, այլ վաճառել է: Իսկ նոտարն էլ դատարան է ներկայացրել հակառակը հաստատող մի փաստաթուղթ, որն այդ կինը գրել է իր ձեռքով: Նոտարի խոսքերով, շատ հաճախ տարեց մարդիկ նվիրատվություն են անում, իսկ հետո փոշմանում են դրա համար:

Ծանրաբեռնված եւ ոչ այնքան հաճելի իրենց աշխատանքի ընթացքում նոտարները հաճախ հանդիպում են զավեշտալի պատմությունների եւ քաղաքացիների կողմից հնչեցված հետաքրքիր արտահայտությունների: Երբեմն քաղաքացին մոտենում է նոտարական գրասենյակում գոյացած հերթին եւ հարցնում է. «Նոտարի վերջը ո՞րն է»: Կամ էլ հարցնում են, թե «մի նոտարի պատճենն ի՞նչ արժե»: Իսկ երբ քաղաքացին ցանկանում է իր բնակարանը դարձնել իր մոր անունով, նոտարին ասում է. «Ուզում եմ տունը շուռ տամ մորս վրա»: