ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրան-Հայաստան գազատարը միայն ֆինանսական խնդիր չէ: «Այս հարցում Հայաստանի համար կարեւորը այն է, որ այլընտրանքային գազամատակարարման այս աղբյուրի շահագործմամբ մենք վերջապես կստանանք որոշակի էներգետիկ անկախություն Ռուսաստանից»: Վ. Մանուկյանի կարծիքով, եթե Իրան-Հայաստան գազամուղը հետագայում հասնի Եվրոպա, ապա Հայաստանն էապես կբարելավի իր դիրքերը միջազգային ասպարեզում` հաշվի առնելով Եվրոպայի աճող կախվածությունը էներգակիրներից, դառնալով տարանցիկ երկիր, տարածաշրջանում ավելի շոշափելի եւ տեսանելի դեր կխաղա: «Իրանի գազային պաշարները հսկայական են, եւ պարզ է, որ Իրան-Հայաստան նախագիծը մեծ հեռանկար ունի, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որով կարող է անցնել դեպի Եվրոպա գազամուղը»,- ասել է ԱԺՄ նախագահը: